Բաց նամակ Օմբուդսմենին

omb

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 2014.09.10 տեղ գտած, «Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները» վերնագրված, «Նորություններ» խորագրի տակ թողարկված նյութին ծանոթանալով՝ քիչ թե շատ տեղեկացված ցանկացած ոք առնվազն պետք է տարակուսի։ Հոդվածում խոսք է գնում պաշտպանի եւ ՀՀ ՊՆ միջեւ ձեւավորված հաջող համագործակցության մասին. «Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը: … Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է»:

10752679_10203050838334342_965496057_o

Բանն այն է, որ Ռազմական ոստիկանության եւ ՊՆ կարգապահական մեկուսարաններ Հայաստանում չպետք է լինեն։ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ ԶՈւ կարգապահական նախորդ՝ 1996թ. ընդունված կանոնադրությունը 2012թ.-ին վերանայվեց, իսկ դրա անհրաժեշտությունն առաջացել էր, քանի որ կանոնադրությունը հակասում էր ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային նորմերին՝ մասնավորապես հենց կարգապահական մեկուսարանների առկայությունը ենթադրելու պատճառով:

ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում «… 2) ֆիզիկական … անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, …  պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը …, 6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները …:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նոր կարգապահական կանոնադրությամբ հրամանատարների հակասահմանադրական, կամայական որոշումների արդյունքում մեկուսարաններում պատիժը կրելու փոխարեն կարգազանց զինծառայողները տույժերը պետք է կրեն կարգապահական գումարտակում:

Վերը նշվածը ենթադրում է ՌՈ եւ ՊՆ մեկուսարանների վերացում, եւ առնվազն տարօրինակ էր կարդալ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը (իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին, չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի) ՊՆ-ի հետ համագործակցության արդյունքում ձգտում է վերհանել այդ, փաստացի՝ ապօրինի, մեկուսարանների խնդիրները, բարելավել դրանց այս կամ այն կենցաղային պայմանները:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նամակով խնդրեց պարզաբանել, թե ինչի՞ (մասնավորապես՝ ի՞նչ կարգապահական մեկուսարանների) մասին է խոսք գնում հոդվածում: Ինչո՞ւ դրանցում պետք է բարելավվեն պայմանները՝ այդ մեկուսարաններն իսպառ վերացնելու փոխարեն: Այն դեպքում, երբ վերը նկարագրվածն ընդամենը կայքում տեղ գտած վերոնշյալ հոդվածի անկատարության, թյուրըմբռնման տեղիք տալու արդյունքն է՝ ապա պարզաբանել, թե ի՞նչ պետք է իրականում գրված լիներ այնտեղ եւ ՊՆ կարգապահական մեկուսարանների հետ կապված ի՞նչ գործնական և օրենսդրական խնդիրների մասին է խոսքը:

1Պատասխանում Օմբուդսմենը հայտնում էր, որ «… պաշտոնական հայտարարությունը վերաբերում է ձերբակալված եւ դատարանի դատավճռով կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերի պայմանների բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին» եւ մեջբերում 2008թ. ընդունված կառավարության մի որոշում՝ այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ ԶՈւ կարգապահական նոր կանոնադրությունն, ինչպես արդեն նշվեց, ընդունվել է 2012թ.-ին եւ այնտեղ, «Հոդված 23»-ում (Հոդված 23. Զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը) ոչ մի խոսք չկա ՀՀ ՊՆ կայազորային մեկուսարանների մասին։

Օմբուդսմենին ուղարկված երկրորդ նամակում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը փորձ արեց ճշտել, թե ինչո՞ւ ՄԻՊ-ն այս հարցում պետք է համագործակցի ՊՆ-ի հետ եւ անգամ դրական գնահատի «…Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների իրավական վիճակը բարելավելու առաջարկներին համարժեք արձագանքելու պատրաստակամությունը», եթե դեռեւս 2001թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, այլ պարտավորությունների շարքում ստանձնեց նաև բարեփոխումներ կատարել ազատազրկման վայրերում: Մասնավորապես, պարտավորությունների զ. կետում նշված է. «Անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել օրենք Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարություններից բանտային համակարգի, այդ թվում նաեւ նախնական կալանքի վայրերի եւ աշխատանքային գաղութների նկատմամբ պարտականությունները (իրավասությունները) Արդարադատության նախարարությանը փոխանցելու մասին՝ դրանով ապահովելով համակարգի հանգամանալի բարեփոխումները եւ ապառազմականացումը, եւ երաշխավորել նշված օրենքի արդյունավետ կիրառումը՝ այն ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում, բացառությամբ նախնական կալանքի վայրերի եւ աշխատանքային գաղութների արդյունավետ փոխանցման, ինչը պետք է կատարվի նշված օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում»:

Կալանավայրերի համակարգը, ներառյալ նախաքննչական մեկուսարանները, Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունների ենթակայությունից Արդարադատության նախարարության ենթակայությանը փոխանցելու գործընթացն ավարտվել է 2003-ի հունվարին: Ընդունվել են քրեակատարողական համակարգի բարելավման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտեր («Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու մասին» ՀՀ օրենքը (6.02.02թ.), Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքը (15.12.03) եւ այլն): 2004թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին պահելու կարգին վերաբերող ՀՀ Քրեակատարողական օրենսգիրքը:

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ հարցադրումը, ներառելով իր մեջ նաեւ փոքրիկ լրացում, նույնն էր «Խաղաղության երկխոսության» երկրորդ հարցման մեջ. «Խնդրում ենք պարզաբանել, թե ինչո՞ւ ՊՆ կարգապահական մեկուսարաններում (տես՝ «Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները» հոդվածը՝ տեղադրված ՄԻՊ պաշտոնական կայքէջում) պետք է բարելավվեն պայմանները՝ այդ մեկուսարաններն իսպառ վերացնելու փոխարեն: Եթե խոսք է գնում «…ձերբակալված եւ դատարանի վճռով կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերի պայմանների բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին», ինչպես պնդում եք Դուք՝ Ձեր պատասխանում, ապա չե՞ք կարծում, որ համագործակցել հարկ է արդարադատության, այլ ոչ թե պաշտպանության նախարարության հետ»:

 Կազմակերպություն զանգահարեց Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը, հետաքրքրվեց, թե հատկապես ինչն է անհանգստության պատճառը, ինչ ենք ցանկանում ճշտել, չնայած այն բանին, որ հարցման մեջ հստակ ձեւակերպված էր թե՛ անհանգստության պատճառը, թե՛ հարցադրումը։

2Ամեն ինչ ճշտելուց հետո նրա կողմից կազմակերպությանը հասցեագրված պատասխան նամակից այս անգամ պարզվեց, որ խոսքը եղել է ո՛չ Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի (ինչպես գրված է հոդվածում), ո՛չ էլ ձերբակալված եւ դատարանի դատավճռով կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերի մասին (ինչպես ասվում էր առաջին պարզաբանման մեջ), այլ «… հայտարարության հիմքում Պաշտպանի աշխատակազմի կողմից, մասնավորապես, Կանազի հոսպիտալ, «Կարգապահական գումարտակ», ինչպես նաեւ ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի Վանաձորի բաժնի, Սյունիքի մարզի այցելությունների եւ մշտադիտարկման ընթացքում վերհանված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների իրականացման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքներն են»։

Նամակում հայտնվում էր նաեւ, որ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից տրված չափորոշիչները տարածվում են ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում՝ զինծառայողների վրա՝ անկախ պահման վայրի գերատեսչական ենթակայությունից, ուստի Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկություններն ուղղված են եղել ազատությունից զրկված այդ անձանց իրավունքների, կենսապայմանների ապահովմանը։ Այս նախադասությունից կարելի է եզրակացնել, որ Օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմին բացարձակապես չի հետաքրքրում այն, թե օրենքով, սահմանադրությամբ նախատեսվա՞ծ է այս կամ այն մեկուսարանի, պահման վայրի գոյությունը։ Հետաքրքրում են միայն այնտեղ պահվողների կենսապայմանները։ Այսինքն, եթե ինչ-որ մեկի խելքին փչի իր տանը, նկուղում «մեկուսարան» կահավորել եւ իր հարեւաններին (կամ ոչ բոլորին, այլ միայն նրանց, ում չի սիրում) ուժով ստիպել «պահվել» այնտեղ, ապա մարդու իրավունքների բոլոր պաշտպաններին ու օրինապահ մարմիններին պետք է հետաքրքրի միմիայն պատուհանի եւ անկողնու առկայությունն ու սննդի որակը, ոչ թե մեկ այլ բան։ Սակայն այս մտայնությունը փոքր-ինչ ցրելու համար, նամակի վերջում, այնուամենայնիվ, տեղեկացվում էր, որ ձերբակալված եւ կալանքի դատապարտված զինծառայողների պահման վայրերը ՀՀ ՊՆ գերատեսչության ենթակայության ներքո գտնվելու կազմակերպության հայտնած մտահոգությունն, ի վերջո, իր նպատակին հասել է, եւ իրավական այդ խնդիրն ուսումնասիրվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Ամեն ինչ դեռ կորած չէ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը եւս գտնում է, որ փաստը, երբ զինվորներին պահում են կարգապահական մեկուսարաններում, կտրուկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ, ըստ Սահմանադրության, անձին կարելի է ազատությունից զրկել միմիայն դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճռով։

«Այսինքն, բոլոր այն դեպքերը, երբ զինվորին առանց դատավճռի պահում են կարգապահական մեկուսարաններում օրենքի ինչ-որ խախտումների, կամ ինչ-որ զանցանքի համար, բացահայտ անօրինականություն են։ Փաստորեն, ծիծաղելի է, որ օմբուդսմենը և նրա աշխատակազմը խոսում են կարգապահական մեկուսարանների վիճակի բարելավման մասին, այն դեպքում, երբ պետք է խոսել դրանց վերացման և անօրինական լինելու մասին», – ասում է նա եւ շարունակում, – «Բոլոր մարզերում կան Ռազմական ոստիկանության մեկուսարաններ, որտեղ էլ  ՀՀ ՊՆ քննչական ծառայության  և ՌՈ աշխատակիցների կողմից ծեծվում են զինվորներ ու նրանցից կեղծ ցուցմունքներ են կորզվում։ Բանակում կատարված միտումնավոր սպանություններն այդ կեղծիքների հետևանքով դառնում են ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված  կամ հակառակորդի դիպուկահարի գնդակից կատարված սպանություններ։ Կան բազմաթիվ փաստեր Սարգիս ՍահակյանիԹորգոմ ՍարուխանյանիԱրտակ Նազարյանի գործերում, երբ հենց մեկուսարաններում են ճնշումներ գործադրել զինվորների վրա»։

 

Այս հոդվածը, ցանկանում ենք, որ դիտվի որպես բաց նամակ՝ ՀՀ ՄԻՊ-ին եւ իր աշխատակազմին ուղղված։ Մասնավոր նամակներում Օբուդսմենը եւ իր աշխատակազմի պատասխանատուները տարբեր բաներ են գրում, տարբեր արդարացումներ փնտրում, հաճախ՝ միմյանց հակասող, ինչպես արդեն վերը մատնացույց է արվել։ Այդ նամակներից հետո էլ, այդպես էլ անհասկանալի մնաց.

 

  • ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՌՈ-ում, ՀՀ ՊՆ ենթակայության տակ ապօրինի գործող մեկուսարաններ կա՞ն, թե՞ չկան,
  • ՄԻՊ-ը տեղեկություններ ունի՞ դրանց գոյության վերաբերյալ, թե՞ ոչ,
  • դրանք պե՞տք է լինեն, թե՞ ոչ։

 

Ակնկալում ենք այս հարցերի պատասխանները՝ հնարավորինս միանշանակ, հնարավորինս հրապարակային։

 

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն

Հ.Գ. 2014թ. դեկտեմբերի 3-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակ ուղարկված, դեկտեմբերի 10-ին՝ ստացված նամակով ՄԻՊ աշխատակազմից տեղեկացրեցին, որ բաց նամակում կարգապահական մեկուսարաններին առնչվող հարցադրումներին հնարավորինս սպառիչ պատասխան տալու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն։ «Նախարարության պաշտոնական դիրքորոշումը ստանալուն պես Ձեր պատասխանը կուղարկվի», – նշված է նամակում։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը