Դատարանում Մանուչար Մանուչարյանի գործով հարցաքննված վկան, ըստ տուժող կողմի, ակնհայտ կեղծ ցուցմունքներ տվեց

2015թ. ապրիլի 16-ին տեղի ունեցավ ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ Ստորեւ ներկայացնում ենք դատական նիստի մասին տեղեկատվությունը՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության զինվորական գործերով փորձագետ, քրեագետ, սույն գործով տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանի մեկնաբանությունների հետ մեկտեղ:

Այս դատական նիստը բավական ուշագրավ էր նրանով, որ դրա ընթացքում հարցաքննվեց գործով անցնող միակ վկան (համատեղությամբ՝ նաեւ տուժող)՝ Լիբիկ Էդիկի Մկրտչյանը, Ագարակ քաղաքից, ում ցուցմունքների հիման վրա նախաքննական մարմնին հաջողվել էր ակնհայտ դիտավորյալ սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն եւ դրա հիման վրա ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորել այդ հանցանքը կատարելու մեջ այժմ մեղադրվող երկու ամբաստանյալներին՝ Արման Ստեփանյանին եւ Բաբկեն Գաբոյանին։ Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում տուժող կողմը բազմիցս բացարկ էր հայտնել նախաքննական մարմնին՝ համոզված լինելով, որ Լիբիկ Մկրտչյանը գործով տվել է ակնհայտ կեղծ ցուցմունքներ։

Ռուբեն Մարտիրոսյան «Նախաքննական մարմինն, իր արատավոր աշխատաոճին հավատարիմ, Մկրտչյանին կեղծ վկայից վերածել է դատահոգեբանի. նրա տված կեղծ ցուցմունքի հիման վրա  նույնչափ կեղծ հետմահու դատահոգեբանական եզրակացություն է տվել փորձագետ Էլդա Գրինը, ինչով էլ «հիմնավորել է» Մ. Մանուչարյանի ինքնասպան լինելու հանգամանքը։ Դեռեւս երեք տարի առաջ ես պաշտոնապես հայտարարել եմ, որ Էլդա Գրինը երեք կետից բաղկացած ակնհայտ հանցավոր եզրակացություն է տվել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով։ Համոզված եմ, որ կոռումպացված դատախազության համար Էլդա Գրինը հանդիսանում է մի յուրօրինակ դակիչ անցած շուրջ 15 տարիների ընթացքում նա տվել է նմանատիպ հարյուրավոր եզրակացություններ, որոնք ջրի կաթիլների պես նման են իրար։ Բոլոր այդ եզրակացությունները հաստատում են կեղծ քննությունը՝ հիմնավորում են ինքնասպանության մերկապարանոց վարկածը։ Երբեւէ չեմ հանդիպել նրա մի եզրակացության, որով մերժվեր կամ ժխտվեր նախաքննական մարմնի կողմից առաջ քաշված վարկածը։ Այսինքն, Է. Գրինի գրածը որեւէ կապ չունի իրականության, փաստերի հետ,նա պարզապես պատվեր է կատարում» ։

Այս առումով բացառություն չէ նաեւ Մ. Մանուչարյանի սպանության գործը. հիմնվելով Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքի վրա՝ Է․ Գրինը եզրակացնում է, որ Մ. Մանուչարյանը կարող էր ինքնասպան լինել։ Նշենք, որ ընդունված կարգի համաձայն քննիչը փորձագետին չի ներկայացրել քրգործի նյութերը, այլ տվել է միայն իր որոշումը, որում նկարագրվում է Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքն այն մասին, թե իբրեւ 40 օր շարունակ ամբաստանյալներ Ստեփանյանն ու Գաբոյանը ճնշել, բազմիցս ծեծել եւ նվաստացրել են հանգուցյալին՝ նրան հասցնելով ինքնասպանության։ Գործում ակնհայտ կտրուկ հակասությունը վկա Մկրտչյանի եւ մնացած բոլոր զինվորների ցուցմուքների միջեւ. եթե գործի բոլոր վկաները հայտնում են, որ դեպքի օրը, մինչեւ դեպքի պահը՝ ժամը 13։30-ը, Մանուչարյանն ունեցել է «նորմալ, սովորական» տրամադրություն, իսկ վկաներից մեկն էլ պատմում է, որ իրենք այդ օրը, գտնվելով պահակային ծառայության մեջ, իրենց հանգստյան ժամին պատմել են անեկդոտներ (այդ թվում նաեւ Մանուչարյանը), ծիծաղել են ու կատակել, ապա Լ. Մկրտչյանը երկու անգամ, ըստ իր ցուցմունքի, նույն օրը տարբեր ժամերի Մանուչարյանին տեսել է «ընկճված» վիճակում։ Հենց այս «փաստն» էլ հիմք է ընդունել Է. Գրինը՝ անտեսելով մյուս բոլոր զինվորների ցուցմունքները, որոնք այդ օրը, ի տարբերություն Լ. Մկրտչյանի, ողջ ժամանակ գտնվել են Մանուչարյանի կողքին, շփվել նրա հետ։

Նիստի ընթացքում վկան ստիպված էր խոստովանել, որ Մ. Մանուչարյանի ընկճված վիճակի մասին իր ցուցմունքն ընդամենն իր ենթադրությունն է։

ՌՄարտիրոսյան«Բայց արի ու տես, որ այդ ենթադրության հիման վրա սպանությունը դարձել է ինքնասպանություն եւ երկու երիտասարդ զինվորներ շուրջ երկու տարի է, ինչ պահվում են կալանքի տակ։Դատաքննության նիստի ամենասկզբում Լ. Մկրտչյանը բազմիցս հայտարարեց, որ նա հիմա ոչինչ չի հիշում եւ չի կարող կոնկրետ որեւէ տեղեկություն տալ գործի վերաբերյալ, քանի որ երկար ժամանակ է անցել։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նա պարզապես խուսափում էր դատարանում իր սուտ ցուցմունքները կրկնելու ծանր պարտականությունից։ Պարզվեց, որ նա ոչինչ չի մոռացել, բոլոր մանրամասնություններով հիշում է ամեն ինչ, միաժամանակ՝ ստիպված էր մասամբ խոստովանել, որ իրեն թելադրել են, ստիպել են տալ սուտ տեղեկություններ։ Ընթացքում, փաստերի ճնշման տակ ստիպված եղավ խոստովանել, որ նախաքննության ժամանակ ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստեր։ Օրինակ, նախաքննության ժամանակ Լ. Մկրտչյանը գրում է, որ

ա. 2013թ. հուլիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում Մ. Մանուչարյանն ընդգրկված է եղել  պահակային ծառայության մեջ,

բ. ընդգրկված է եղել առաջին հերթափոխում

գ. հուլիսի 31-ին պետք է հերթապահեր ժամը 13-15-ը։

Երկրորդ եւ երրորդ փաստերի մասին նա որեւէ կերպ չէր կարող իմանալ, քանի որ ընդգրկված չէր պահակային ծառայությունում եւ ծանոթ չէր ծառայության գրաֆիկներին, ոչ-ոք նրան՝ շարքային զինվորին, այդ մասին չէր զեկուցել։ Պատասխանելով դատարանում իմ՝ այս ամենին վերաբերող հարցերին, վկան խոստովանեց, որ նա իրոք չէր կարող այդ մասին իմանալ եւ գրել իր ցուցմունքներում։ Իսկ թե ինչու է նա, այնուամենայնիվ, գրել դա՝ վկան այդպես էլ որեւէ հստակ պատասխան տալ չկարողացավ։ Առաջ անցնելով նշեմ, որ ողջ նիստի ընթացքում մեղադրող Ամիրյանը, ով, համոզված եմ, սույն գործով նախաքննության ընթացքում կատարել է պաշտոնեական հանցագործություն, անհարկի միջամտում էր հարցաքննությանը, խանգարում, աղմկում, ներկայանալով ոչ թե որպես մեղադրող, այլ որպես Լ. Մկրտչյանի պաշտպան, որպես նրա ստելու հովանավորը»։

Ուշագրավ է, որ նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքներում Լ. Մկրտչյանը հայտնել էր նաեւ, որ 2013թ. հուլիսի 12-ից սկսած, երբ Մանուչարը վերադարձել էր արձակուրդից, սկսվել էր նրա կոնֆլիկտը ամբաստանյալներ Արման Ստեփանյանի եւ Բաբկեն Գաբոյանի հետ (առաջին հերթին՝ Գաբոյանի հետ), քանի որ Մանուչարը տնից իր հետ ուտելիք էր բերել, հյուրասիրել սպաներին, որոնց նման «հարգալից» վերաբերմունք ցուցաբերելն ավելորդ էր, սակայն իրեն՝ Գաբոյանին, ով որպես «լավ տղա» արժանի էր հարգանքի՝ ոչինչ չէր տվել։ Այս ցուցմունքից հետեւում է, որ Գաբոյանը, որպես «լավ տղա», չէր սիրում սպաներին, չափազանց վատ կարծիք ուներ նրանց մասին, ինչն ակնհայտ է դառնում այն որակումներից, որոնք նա իբր շռայլել է, ըստ վկայի մեջբերումների, սպաների հասցեին։

ՌՄարտիրոսյան«Ցուցմունքի այս հատվածը, որում վկան ներկայացնում է բուն կոնֆլիկտը, ակնհայտ սուտ է ու հորինվածք՝ հետեւյալ պատճառներով.

ա. դատարանում Մկրտչյանը հայտարարեց, որ նա բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ վերաբերմունք ուներ Գաբոյանը սպաների հանդեպ, չնայած դա ուղղակիորեն տեսանելի է, պարզ է դառնում նրա ցուցմունքից,

բ. նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ 2013թ. հուլիսի 30-ին կապիտան Աբրահամյանի անօրինական եւ գաղտնի թույլտվությամբ Գաբոյանը դուրս է եկել զորամասից, մեկնել Գյումրի եւ մասնակցել իր զարմիկի հարսանիքին։ Լույս 31-ի գիշերը, ժամը 03։10-ի սահմաններում, վերադառնալով զորամաս, Գաբոյանն իր հետ սննդամթերք է բերել՝ մի մասը հյուրասիրելով երկու սպաների եւ հանգուցյալ Մ. Մանուչարյանին։ Այսինքն, Գաբոյանը կատարել է այն նույն «անբարոյական» արարքը, ինչի համար նախկինում մեղադրել է Մանուչարյանին։

Այս ցուցմունքը որեւէ քննության չի դիմանում, արժանահավատ չէ, քանի որ ըստ Մկրտչյանի Գաբոյանը նույն բանն է արել, ինչի համար 40 օր շարունակ մեղադրում էր Մանուչարին։ Հնարված է իրական հանցագործությունն ու հանցագործներին թաքցնելու համար։

գ. ըստ Մկրտչյանի ցուցմունքի՝ հուլիսի 12-ից հետո Ստեփանյանն ու Գաբոյանը բազմիցս ճնշել, հալածել, հայհոյել, հարվածել են Մանուչարյանին, սակայն դատարանում «բազմիցս» բառը վկան փոխարինեց «երկու անգամ»-ով։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 29-ին, երեկոյան, մահվան ելքով դեպքից մոտ երկու օր առաջ, «Քուն» հրամանից հետո։ Ա. Ստեփանյանը հրամայել է Մ. Մանուչարյանին լվանալ իր հագուստը, վերջինս հրաժարվել է եւ պառկել քնելու։ Դրանից հետո «… Արմանը բարձրացավ մահճակալի վրա եւ երկրորդ հարկի 4-5 մահճակալի վրայով արագ քայլելով հասավ այն մահճակալին, որի վրա պառկած էր Մանուչարն ու սկսեց ոտքով հարվածներ հասցնել նրա մարմնին։ Շուրջ 5 րոպե Արմանը ոտքով հարվածում, ապա դադարում էր հարվածել Մանուչարին…»։

Ի այն հարցին, թե ինչպե՞ս կարող էր Ա. Ստեփանյանը երկու ոտքերով կանգնելով մահճակալի կամ մահճակալների եզրերին, միաժամանակ ոտքով հարվածել Մանուչարին՝ վկան երկար ժամանակ պատասխան որոնելուց հետո ի վերջո գնաց «փոխզիջման». ընդամենը հարվածել է մեկ անգամ կամ չի հարվածել, այլ հրել է, այն էլ՝ մի քանի վայրկյանի ընթացքում միայն»։

Վկան չկարողացավ բացատրել նաեւ, թե ինչու են մյուս բոլոր վկաները հայտարարում, որ նման բան չի եղել, որ նման բան իրենք չեն տեսել։ Ընդ որում, այդ զորանոցում Լ. Մկրտչյանից  ու Մ. Մանուչարյանից բացի, ըստ վկայի, մի դեպքում 18-20, մյուս դեպքում՝ 20-28 զինվոր էր քնում։ Սակայն քննիչին այդպես էլ չի հաջողվել գտնել գոնե մեկ այլ զինվորի, ով ականատես է եղել այդ դեպքին, չնայած, ինչպես նշում է վկան, դեպքի պահին «Քուն» հրամանից հետո բոլորը տեղում են եղել։

Ինչպես արդեն հայտնել ենք, Մ. Մանուչարյանի հագուստը, մասնավորապես, տաբատը, որի աջ հետին հատվածում, ծնկի մասում կար ակնհայտ հրազենային վնասվածքի հետք, նախաքննական մարմնի կողմից թաքցվել է։ Այս առումով նշենք, որ Լ. Մկրտչյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, թե իբր կրակահերթով երեք կրակոց է լսել։ Նույն հարցը նրան դատարանում տվեց Ռ. Մարտիրոսյանը, արդյո՞ք նա իրոք երեք կրակոց է լսել, քանի որ տուժող կողմն ունի հավաստի տեղեկություններ, որ առնվազն 4 եւ ավելի կրակոց է հնչել, ինչպես մենահատ, այնպես էլ՝ կրակահերթով։ Հարցը լրացնելով, Ռ. Մարտիրոսյանը վկային հուշեց, որ այն խիստ կարեւոր է, վկան իր հերթին դա հասկացավ եւ ասաց, որ ինքը չի կարող ասել (ոչ թե չի հիշում), թե քանի կրակոց է լսել։ Կարող է ասել միայն, որ կրակոցներ է լսել։

Հետաքրքրական էր ամբաստանյալ Գաբոյանի հարցը վկային։ Նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է ծագել, որպեսզի Մկրտչյանն ու Գաբոյանը երկրորդ անգամ առերես հարցաքննվեն, սակայն Մկրտչյանը գրավոր դիմել է քննիչին՝ խնդրելով իրեն առերես չհարցաքննել Գաբոյանի հետ, քանի որ նախորդ առերեսման ժամանակ վերջինս իր վրա հոգեբանական ճնշում է գործադրել։ Գաբոյանը հարցրեց վկային, թե արդյո՞ք ինքը, ինչպես գրում է իր ցուցմունքում Մկրտչյանը, նրա վրա իրոք հոգեբանական ճնշում է գործադրել։ Մկրտչյանը պատասխանեց, որ ոչ, որեւէ ճնշում իր վրա չի եղել։ Այդ դեպքում ինչո՞ւ է վկան նման գրությամբ դիմել քննիչին։ Վկան պատասխանեց, որ քննիչն իրեն այդպես է թելադրել, ինքն էլ՝ գրել է։

ՌՄարտիրոսյան․ «Այս եւ մի շարք այլ դեպքերում «թելադրել» բառը, ինչպես վկան է որակում, կարելի է եւ պետք է փոխարինել «ստիպել» բառով»։

Վկան խոստովանում է, իբր ցավում է Մ. Մանուչարյանի համար եւ ցավ էր զգում այն 40 օրերի ընթացքում, երբ Մանուչարյանին «ծեծում, հայհոյում, նվաստացնում, հալածում» էին։ Սակայն ականատես լինելով՝ նա որեւէ մեկին չի հայտնել այդ մասին։ Մկրտչյանն այդ մասին չի հայտնել նաեւ դեպքից անմիջապես հետո: Հայտնել է միայն 14 օր անց, երբ նրան տարել են ՌՈ բաժին։ Նախագահողի հարցին, թե կհայտնե՞ր, արդյոք, Մանուչարը, եթե իր հանդեպ նման բաներ կատարվեին, վկան համոզված ասաց, որ ոչ, չէր հայտնի։

Ռ. Մարտիրոսյան․ «Ակնհայտ սուտ է, քանի որ նշված ժամանակահատվածում Մանուչարի ավագ եղբայր, տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանը գտնվում էր Երեւանում, Ռ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, մշտապես զանգահարում էր եղբորը, վերջինս էլ՝ նրան (գրեթե ամեն օր) եւ պատմում էր իր ծառայության, խնդիրների, հաջողությունների մասին, առանց որեւէ բան թաքցնելու։ Վկայի այս ցուցմունքը միայն մեկ նպատակ ունիհամոզել բոլորին, որ Մանուչարն այնքան ընկճված է եղել, այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, այնքան է հուսահատված եղել, որ բացի ինքնասպան լինելն այլ ելք չուներ»։

Չնայած վերոնշյալին՝ նախագահողի հարցին, թե կարո՞ղ էին արդյոք վկայի կողմից նշված ճնշումները պատճառ դառնալ Մ. Մանուչարյանի ինքնասպանության, վկան պատասխանեց, որ իր կարծիքով՝ ոչ։

Նիստի ժամանակ Ռ. Մարտիրոսյանը, նշելով, որ վկան տալիս է ակնհայտ կեղծ ցուցմունքներ, միջնորդեց դատարանին դիմել դատախազությանը՝ վկային քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Նախագահող դատավորը, չմերժելով այն փաստը, որ վկայի ցուցմունքները հաճախ արժանահավատ չեն եւ/կամ վկան սուտ է խոսում, այդուհանդերձ գտավ, որ քանի դեռ չեն հարցաքննվել մյուս վկաները, նման միջնորդությունը համարում է ժամանակավրեպ՝ միաժամանակ հայտարարելով, որ եթե նոր ապացույցներ ի հայտ գան այդ մասին՝ դատարանը կարող է այնժամ անդրադառնալ Ռ. Մարտիրոսյանի միջնորդությանը։

Բավարարելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բանավոր միջնորդությունը՝ դատարանը պարտավորեցրեց վկային չբացակայել ՀՀ տարածքից մինչեւ դատաքննության ավարտը, քանի որ նրան կրկին հարցաքննելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։

Դատարանը հնարավորություն չտվեց վկային լրացուցիչ հարցեր (որոնք ընթացքում էին ծագել) տալու։ Դատավորը պնդեց, որ բավարար չափով ժամանակ հարցերի համար արդեն տվել է։

Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ նրան ՌՈ բաժանմունք տանելուց հետո այլեւս զորամաս չեն վերադարձրել, այլ տեղափոխել են ՌՈ բաժին, որտեղ անցկացրել է իր հետագա ողջ ծառայությունն ու այդտեղից էլ՝ զորացրվել։ Ռ. Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչու իրեն չեն վերադարձրել զորամաս, նա հայտարարեց, որ դա արվել է առանց իրեն հարցնելու՝ նախաքննական մարմնի ցանկությամբ։ Այդ պահին հարցուպատասխանն ընդհատելով մեղադրող Ամիրյանը հայտարարեց, որ վկային իր տված ցուցմունքի համար զորամասում կարող էին պատժել, որ նրան զորամասում վտանգ էր սպառնում եւ հարց ուղղեց Ռ. Մարտիրոսյանին. «Դո՞ւ էիր պաշտպանելու վկային, եթե հարձակվեին նրա վրա»։

ManucharՌՄարտիրոսյան«Ամիրյանն ընդամենը մոռացավ, որ ինձ քաջածանոթ է թե՛ նախաքննական մարմնի արատավոր գործելաոճը, թե՛ բանակում տիրող իրավիճակը։ Իր այդ հայտարարությամբ մեղադրողն, ըստ էության, խոստովանեց, որ առնվազն կոնկրետ նշված զորամասում իշխում են արատավոր բարքեր, որ դա ոչ թե օրենքով կարգավորվող, կանոնակարգին ենթարկվող, դրանով առաջնորդվող զորամաս է, այլ բանդիտական խմբավորում, որն անվերահսկելի է իրավապահ մարմինների կողմից, դուրս է ՀՀ ՊՆ-ի եւ գլխավոր շտաբի վերահսկողությունից: Դատախազությունը, զինդատախազությունը, ՌՈ-ն մյուս կառույցները պարտավոր են կարգուկանոն հաստատել զորամասում, պաշտպանել զինվորի կյանքն ու իրավունքները, այլ ոչ թե հայտարարել, որ զորամասում այս կամ այն զինվորի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Դուրս է գալիս, որ վերը թվարկվածները կա՛մ ձրիակերներ են, կամ քրեական կոռումպացված տարրեր, որ հենց իրենք են ապականում բանակը։ Հայտարարում է, որ ինքն անզոր է, բացահայտ է հայտարարում, որ անկարող է բանակում, առանձին վերցրած զորամասում կարգուկանոն հաստատել»։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը