Հայտարարություն իր նախաքննական ցուցմունքներից հրաժարված վկայի վրա պետական մարմինների կողմից ճնշումների վերաբերյալ

logo

2013թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ 24923 զորամասում (Քանաքեռ) սպանվել է զինծառայող Մանուչար Մանուչարյանը։ Միակողմանի, կեղծ, հանցավոր քննության արդյունքում կատարվածը որակվել է որպես ինքնասպանություն եւ գործը ներկայում գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Հունիսի 2-ի դատական նիստում որպես վկա հարցաքննված, ներկայում զինծառայության մեջ գտնվող Արթուր Աբրահամյանը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք իրենից կորզվել են ապօրինի ճանապարհով, ճնշելու, խփելու, փայտով սպառնալու միջոցով։ Վկան միաժամանակ ցանկություն հայտնեց փաստաբան ունենալու, ինչը տրամաբանական է։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ պատրաստ է օգնել վկային, որպեսզի նա անվճար փաստաբան ունենա։

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Արթուր Աբրահամյանը զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին եւ հայտնել, որ այդ պահին իրեն ապօրինաբար ցանկանում են տանել դատախազություն։ Ավելի ուշ Մուշեղ Շուշանյանին հաջողվել է պարզել, որ զինվորին հապշտապ ծանուցագիր ներկայացնելով՝ պահանջել են անմիջապես ներկայանալ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն։

Ըստ քրեական դատավարական օրենսգրքի՝ պետական մարմինների նկատմամբ հաղորդումը պետք է քննվի ոչ այդ նույն մարմնի, այլ Հատուկ քննչական ծառայության կողմից։

Վկային անձամբ ծանուցագիր հանձնելով եւ նույն պահին ստիպելով, որ նա ներկայանա ՀՀ ՊՆ ՔԾ, նախաքննական մարմինը ձգտում է թույլ չտալ, որպեսզի վկան հարցաքննվի փաստաբանի ներկայությամբ։ Այս ամենն սպասելի էր, քանի որ ՀՀ ՊՆ ՔԾ-ն այս կերպ փորձում է վկային ստիպել, որպեսզի վերջինս հրաժարվի իր դատաքննական ցուցմունքից։ «Անցանկալի» վկաների նկատմամբ նման վարվելակերպը, ըստ կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի, սովորական է եւ նման օրինակների նա հանդիպել է բազմաթիվ այլ գործերով։

«Խաղաղության երկխոսություն»

 

ԼՐԱՑՈՒՄ. Վկա Արթուր Աբրահամյանը ՀՀ ՊՆ ՔԾ ներկայացավ իր փաստաբանի հետ, այնտեղ նրան այցելեցին նաեւ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը