Մատաղիսի Գործ – Հովսեփ Մկրտումյան (5 մասից)

ԼՂ Մատաղիս գյուղի ջրանցքում հայտնաբերվել են թիվ 33651 զորամասի շարքային զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի /2004թ. հունվարի 9-ին/ և Ռոման Եղիազարյանի /2004թ. հունվարի 10-ին/ դիակները` բռնության հետքերով։ Նրանց սպանության մեջ մեղադրվել, 15 տարվա, այնուհետեւ՝ ցմահ ազատազրկման են դատապարտվել համածառայակից զինվորներ, չնայած այն բանին, որ գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ երկու զինվորները նույն օրը չեն սպանվել:

2004թ. ապրիլի 19-ին առանց համապատասխան որոշման կալանավորվում են Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և վկայի կարգավիճակով պահվում են քննչական սենյակներում և խցերում։ Այս օրերի ընթացքում Ռ. Սարգսյանը ծեծի, բռնությունների, բարոյահոգեբանական ճնշումների ազդեցության տակ տալիս է ինքնախոստովանական ցուցմունքներ։ 2004թ. ապրիլի 24-ին Ռազմիկ Սարգսյանը. կրկին վկայի կարգավիճակով խոստովանական ցուցմունք է տալիս, որի հիման վրա նոր մեղադրանք է առաջադրվում Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանությաների կատարման համար։

Հովսեփի հայրը՝ Մովսես Մկրտումյանը ներկայացնելով գործի նյութերը, ասաց, որ ծեծկռտուքն ու սպանությունը տեղի է ունեցել զորամասում և զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խանութի տերը` Էդիկ Հարությունյանը, ձայները լսել է հենց զորամասից: «Էդիկ Հարությունյանը նստում ա իրա 24-ը, իրա երեխեն էլ ա էդ զորամասում ծառայելուց եղել, վախում ա, գնում ա զորամաս, իսկ էս իրավապահները երեխեքին դատում են զորամասից մի փոքր հեռու գտնվող շինության մեջ կռիվ անելու համար: Իմ տղուն քցել են ջրի մեջ, իսկ Ռոման Եղիազարյանին` կամրջի տակ: Էս գործով սկզբում կային 4 ձերբակալվածներ` մեր երեք տղաներն ու Արման Գրիգորյանը: Էս Գրիգորյանը ցուցմունք ա տալիս, որ տեսել ա, թե ինչպես Իվան Գրիգորյանի վիլիսը կանգնել ա մոստի վրա, երեխեքից մեկին գցել են կամրջից ցած, էն մյուսին էլ մի քիչ հեռու: Հետո էդ տղուն համարեցին, որ հիվանդ ա, գործը փակեցին, բայց բժշկական կամիսիան ասեց, որ առողջ ա: Հիմա ես ո՞նց չհամարեմ, որ էս սպանությունների մեջ հրամանատարությունը մեղավոր է», -գործի նյութերը ներկայացրեց Մովսես Մկրտումյանը:

Նշենք, որ Իվան Գրիգորյանը զորամասի հրամանատարն է եղել և գործի նյութերից հայտնի է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի միջնորդությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որով խնդրվում էր հետևյալը. «Հաշվի առնելով թիվ N զորամասի հրամանատար կապիտան Իվան Զավենի Գրիգորյանի մասնակցությունը արցախյան գոյամարտում, նրա երկարատև մասնակցությունը ՊԲ շարքերում, իր կողմից կատարածի համար զղջալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՀՀ ՊՆ 23.03.2004 թ թիվ 244 հրամանի համաձայն որպես տույժ, կապիտան Ի. Գրիգորյանը ներկայացվել է ավելի ցածր պաշտոնի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միջնորդում և խնդրում է Ձեր համապատասխան որոշումը նախաքննության նյութերով նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ»: Իվան Գրիգորյանին վերջին դատական նիստերի ընթացքում բազմիցս կանչել են դատարան ցուցմունքներ տալու, սակայն նա չի ներկայացել:

2013թ.-ին բողոքարկումների արդյունքում մեղադրվողներն արդարացվեցին, հիշյալ երկու զինվորների սպանության համար ոչ-ոք դեռեւս չի մեղադրվում:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը