«ԱԶԳ -ԲԱՆԱԿ ». ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

nation_army_arm

2017թ.-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ֊ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ 18 տարին լրացած արական սեռի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այսուհետ կզորակոչվի: Նախագծի միջոցով հեղինակները ձգտում են ապահովել խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամարտահայտության դրսևորումը, ինչպես նաև՝ նպաստել «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Գաղափարախոսության համատեքստում Հայաստանում շատ էր խոսվում տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունների եւ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության սպառնալիքների մասին։

«Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները և հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը և զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների,» – կառավարությունում հայեցակարգի քննարկման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում շատերը գտնում են, որ ներկայիս աշխարհաքաղաքական ֆոնի վրա «Ազգ-բանակ» հայեցակարգը նպաստելու է զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Առաջին հայացքից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ուղղակի սպառնալիք հանդիսացող հիմնական գործոններից է վերջին տարիների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածությունը։

Խոսելով ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում 94թ.-ից ի վեր մարդկային կորուստների ընդհանուր թվի մասին՝ անհրաժեշտ է նշել, որ մինչ այժմ պաշտոնական որեւէ տեղեկատվություն այդ մասին հրապարակված չէ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ իրավապաշտպանների հաղորդած տվյալների համաձայն՝ այդ կորուստների թիվը տատանվում է 2000-ից 3000-ի սահմաններում։ Ըստ Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի տվյալների՝ 94թ․-ի մայիսյան զինադադարից հետո մարտական եւ ոչ մարտական զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3․500 մարդ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության www.safesoldiers.am կայքում տեղադրված, 1994թ.-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում մահվան դեպքերի վիճակագրությունն ուսումնասիրելով կարելի է պարզել, որ վերջին երեք տարիների ընթացքում շփման գծում լարվածության պարբերական աճի արդյունքում աճել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զինվորների մահացության թիվը։

Ըստ կազմակերպության տվյալների, օրինակ, 2012թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գրանցվել է 12 մահվան դեպք՝ նույն տարեթվին ունեցած ընդհանուր զոհերի թվի (54) 22%-ը: 2013 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ 5 զոհ (ընդհանուր 32 զոհերի 16%-ը)։ Արդեն 2014 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է ընդհանուր թվի 57%-ը՝ համապատասխանաբար 46 եւ 26, 2015֊ին 76-ից 39-ը (51%), 2016-ին` 67%՝ 109 մահ հրադադարի խախտման հետեւանքով՝ ընդհանուր 162-ից (ներառյալ ապրիլյան պատերազմի զոհերը)։ Պետք է նշել, որ հաշվարկն իրականացվել է բացառապես www.safesoldiers.am կայքում տեղ գտած տեղեկատվության հիման վրա եւ տվյալները կարող են չհամապատասխանել այդ տարեթվերին ունեցած իրական մարդկային կորուստների կամ այլ կազմակերպությունների կողմից հաշվառման արդյունքում վերհանված թվերի հետ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, օրինակ, նույն 2016 թ.-ին զոհերի թիվը կազմել է 175, սակայն «Խաղաղության երկխոսությանն» առայժմ հասանելի այլ, այդ թվում՝ նաեւ պաշտոնական, աղբյուրներից ՀՔԱՎ հաշվետվությունում նշված զոհերի մասին հիշատակում գտնել դեռեւս չի հաջողվել։

Այսպիսով, ելնելով «Խաղաղության երկխոսության» կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում հավաքագրված տվյալներից, ստացվում է հետեւյալ պատկերը․

Տարեթիվ
ԶԹ*
ՀՌԽ ԶԹ**
%
2012 54 12 22%
2013 32 5 16%
2014 46 26 26%
2015 76 39 51%
2016 162 109 67%
* Զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ տարեթվերի
** Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թիվն՝ ըստ տարեթվերի
n_a_chart1

(Ինֆոգրաֆիկա 1.) 2012-2016 թթ. -ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում մահվան դեպքերի ընդհանուր թվի եւ այդ տարեթվերին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվերի համեմատություն   

Պատկերից երեւում է, որ 2013թ.-ից հետո գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվերի ակնհայտ աճ, ինչի արդյունքում, համապատասխանաբար, աճել է նաեւ զոհերի ընդհանուր թիվը։

Ուսումնասիրելով նույն տարիների ընթացքում այլ պատահարներին զոհ գնացած զինվորների վիճակագրությունն՝ ստացվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվի հետ գրեթե զուգահեռաբար աճել է նաեւ այլ պատճառներով մահացած զինվորների թիվը:Ավելին, եթե հաշվի առնենք ՀՔԱՎ 2016թ.-ի մահվան դեպքերի վիճակագրության տվյալները, ապա այլ պատճառներով մահացած զինվորների թիվն ավելի մեծ կլինի:

Տարեթիվ
ՀՌԽ ԶԹ*
ԱՊՄ ԶԹ**
2012 12 42
2013 5 27
2014 26 20
2015 39 37
2016 109 53
* Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թիվը ըստ տարեթվերի
** Այլ պատճառներով մահացած զինվորների թիվը ըստ տարեթվերի

n_a_char2

(Ինֆոգրաֆիկա 2.) Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի եւ այլ պատճառներով մահացած զինվորների թվի փոխկապվածությունը

Ուսումնասիրելով www.safesoldiers.am կայքում հավաքված, հրադադարի կնքման պահից մինչ օրս գրանցված մահվան ելքով միջադեպերի վիճակագրությունը, որը 2017թ.-ի նոյեմբերի 3-ի դրությամբ ներառում է 1020 մահվան դեպքի նկարագրություն, ակնհայտ է դառնում, որ 1020 պատահական սկզբունքով (ըստ նյութերի հասանելիության․ կազմակերպությունը սեփական ուժերով հավաքագրած եւ հասանելի ամենատարբեր, պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվությունն է իմի բերել կայքի տեղեկատվական բազայում) գրանցված դեպքերից միայն 305-ն է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք։ Մնացած 715 դեպքերում զինվորների մահվան պատճառ են հանդիսացել սպանությունները (221 դեպք, 22%), դժբախտ պատահարները (190 դեպք, 19%), անվտանգության կանոնների խախտումները (30 դեպք, 4%), ինքնասպանությունները (106 դեպք, 10%), առողջական խնդիրները (89 դեպք, 9%), պաշտոնական անգործությունը (11 դեպք, 1%), եւս 59 մահվան դեպքի (6%) պատճառները պարզել դեռեւս չի հաջողվել։ Ավելին, պետք է նշել, որ մինչեւ 2016թ․ քառօրյա պատերազմը, կայքում գրանցված միայն սպանության դեպքերի թիվն ավելի մեծ էր հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում գրանցված մահվան ելքով միջադեպերի թվից։

Ելնելով վերոնշյալից՝ 1994թ․-ից հետո հայկական զինված ուժերում 1020 մարդկային կորսված կյանքերի ընդհամենը 30%-ն է հրադադարի ռեժիմի խախտման արդյունք։ Այստեղ անհրաժեշտ է վերապահում անել․ նաեւ ըստ «Խաղաղության երկխոսության» փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ 2000֊ական թվականների սկզբում, որոշ դեպքերում ինքնասպանությունների, սպանությունների զոհերն ինչ֊ինչ նկատառումներով պաշտոնական աղբյուրների կողմից ներկայացվում էին որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք: Այս խնդրին անրադարձել են նաեւ Հայաստանում գործող այլ իրավապաշտպան կազմակերպություններ։

Նման դեպքերի մեծամասնության դեպքում, այլ բան պնդող տվյալների, հակառակն ապացուցող ինդիկատորների բացակայության պայմաններում, կազմակերպությանն այլ բան չի մնում, քան դեպքը կայքէջի բազայում ներկայացնել՝ հենվելով այդ նույն պաշտոնական վարկածի վրա։ Բացառված չէ, հիմնավոր պատճառներ կան պնդելու, որ նման պրակտիկա կիրառվում է մինչ այժմ, քանի որ կազմակերպության շարունակական մոնիտորինգի արդյունքում գրանցվել են դեպքեր, երբ զինվորների մահվան պատճառը պատկան մարմինների կողմից մի քանի անգամ փոխվել է։

n_a_chart3

 

(Ինֆոգրաֆիկա 3.) www.safesoldiers.am-ում տեղ գտած, 1994 թ.-ից հետո ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում հրադադարի ռեժիմի խախտման եւ այլ պատճառների հետեւանքով գրանցված թվով 1020 զոհերի վիճակագրության համեմատությունը

Ինչեւէ, անգամ այլ պատճառներով զոհված զինվորների մահը պաշտոնական վարկածով որպես հրադադարի ռեժիմի խախտման արդյունք ներկայացնելու փաստն անտեսելով, կայքէջում հավաքագրված 1020 դեպքերի 70%֊ը որեւէ կապ չունի հրադադարի ռեժիմի խախտման հետ, ներքին չլուծված խնդիրների, բանակում տիրող անառողջ մթնոլորտի, ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքն է։ Հետեւապես՝ Հայաստանի Հանրապետության առջեւ իրոք ծառացած անվտանգության հետ կապված խնդիրները պայմանավորված են ոչ միայն արտաքին, այլեւ, առավելապես, ներքին գործոններով. աշխարհաքաղաքական մարտահրավերները քիչ առնչություն ունեն, օրինակ, զորամասերում անպատժելիության մթնոլորտի ու ամենաթողության հետեւանքով սպանությունների եւ ինքնասպանությունների, նաեւ անփութությամբ պայմանավորված դժբախտ պատահարների կամ առողջական խնդիրներով բանակ զորակոչված զինվորների մահվան դեպքերի հետ։ Այսինքն, կարելի է փաստել, որ կորուստների մեծամասնությունն ուղղակի հետեւանք է համապատասխան գերատեսչություններում առկա կոռուպցիոն երեւույթների, գլխավոր շտաբի կողմից զինվորական ծառայության ոչ պատշաճ մակարդակով կազմակերպման, ՊՆ-ի կողմից զինվորական ծառայության կազմակերպման արդյունավետ քաղաքականության բացակայության եւ այլ նման խնդիրների։

Այս իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջ բերում․ ինչո՞ւ է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջարկված «Ազգ֊բանակ» հայեցակարգը կենտրոնացած միայն արտաքին թշնամու գործողություններով պայմանավորված անվտանգության խնդիրների վրա եւ ոչ մի անդրադարձ չկա ներքին խնդիրներին, որոնց, թերեւս, ավելի մեծ թվով երիտասարդ կյանքեր են զոհաբերվում  (համենայնդեպս՝ մինչ այժմ)։ Արդյո՞ք «Ազգ-բանակ» հայեցակարգն ի վիճակի է առաջարկել գործիքներ, որոնք կկանխեն արտաքին գործոններով չպայմանավորված մարդկային այս կորուստները։ Կարելի՞ է, արդյոք, արհեստականորեն բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության նկատմամբ՝ այն դեպքում, երբ անվստահության համար լուրջ պատճառներն առավել քան ակնհայտ են։ Կբարձրանա՞ բանակի մարտունակությունը միայն քաղաքացիներին հայրենասիրություն ներարկելով կամ ստիպողաբար զորակոչելով՝ միեւնույն ժամանակ որեւէ ջանք չգործադրելով նրանց արժանապատիվ ու անվտանգ ծառայությունն ապահովելու համար։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը