Հանուն, ոչ թե՝ ընդդեմ բանակի

Մարտի 25-ից ապրիլի 1-ը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ծաղկաձորում կազմակերպված «Կոնֆլիկտների տրանսֆորմացիա» դասընթացի շրջանակներում հանդիպում-քննարկում կազմակերպվեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչի հետ: Ակտիվիստ Ծովինար Նազարյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց խմբի գործունեությունը, պատասխանեց նրանց հուզող հարցերին: Մասնակիցներից բոլորը՝ տղա թե աղջիկ, համարում էին, որ ծառայել են բանակում, որովհետեւ, ինչպես եւ կարելի էր ենթադրել, ունեին ծանոթ մարդիկ, ովքեր ծառայել կամ ծառայում են հայկական բանակում: Մասնակիցներ կային, որ իրենց զգում էին այնպես, կարծես իրականում իրենք ծառայում են բանակում, քանի որ շատ էին մտահոգված ներկայում այնտեղ տիրող իրավիճակում իրենց հարազատների ճակատագրով:

Քննարկման մասնակից ստեփանակերտցի Սվետլանա Ջահանգիրյանը գտնում է, որ բանակում խնդիրների գլխավոր պատճառը զինվորների բանակում ծառայելու անպատրաստվածությունը, ինչպես նաեւ իրենց իրավունքների մասին տեղեկացվածության պակասն է:

“…Գնում ես հայրենիքդ պաշտպանելու զինվոր… գնում ես, որ անհրաժեշտության դեպքում պայքարես… իսկ թե ում, կամ թե ինչի դեմ… դա արդեն դու չես որոշում… որոշում են «նրանք»…”
«ԽԵ» հկ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով, հայկական բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումը «Կոնֆլիկտի տրանսֆորմացիա» խորագիրը կրող դասընթացի տրամաբանական շարունակությունը եղավ, քանի որ դասընթացի կիզակետում հենց ԼՂ հակամարտությունն էր. «Շատ կարեւոր համարեցինք նաեւ խոսել բանակում տիրող իրավիճակի, ոչ պատերազմական պայմաններում բարձր մահացության թեմայի շուրջ: Իրավիճակին ծանոթացնելուց բացի, ըստ մեզ, հնարավորություն տվեցինք, որ առավել խորը մտածեն խնդրի մասին՝ ստացած գիտելիքների համապատկերում: Ձգտում ենք նաեւ բարձրացնել մասնակիցների քաղաքացիական ակտիվությունը»:

«Բանակն Իրականում» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ներգրավված են մոտ 400 անդամներ, սակայն, ինչպես Ծովինարն է նշում, շատ ակտիվ են միայն 30-40-ը: Ներգրավված են անհատներ, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախաձեռնությունը ցանցային, հորիզոնական կառույց է, որտեղ բոլորը հավասար են եւ աշխատում են «պատասխանատվությունը բոլորինն է» կարգախոսով: Այն բավականին ակտիվացել է անցած տարվա օգոստոս ամսից եւ պայքարում է բանակի համակարգում ոչ կանոնադրական հարաբերությունների, կամայականությունների վերացման համար, հանցագործությունների, կատարված սպանությունների կոծկման դեմ:

Ծովինար Նազարյանը նշում է, որ այս ընթացքում նկատվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, պաշպանության նախարարության Քննչական ծառայության լրատվականը տեղեկություններ է տալիս միջադեպերի վերաբերյալ:

Հարցին, թե ինչ արդյունքների է հասել խումբը մինչ այժմ, պատասխանվեց, որ նախաձեռնությունը փորձում է ձեւավորել հասարակական պատվեր, որ կբարարարվի պետության կողմից: Նախ եւ առաջ կոտրվել է բանակի հետ կապված խնդիրների մասին խոսելու տաբուն. մի քանի տարի առաջ գրեթե ոչ ոք չէր խոսում խնդրի մասին, թվում էր, թե ամեն ինչ հիանալի է, իդեալական, ու ոչ մի խնդիր չկա, միայն՝ հերոսական պատմություններ: Հակադրվելով այն կարծիքին, թե բանակը հասարակության հայելին է` Ծովինարը նշեց, որ իրականում այն հանդիսանում է պետության հայելին. «Այսօրվա բանակում տիրում է «ջունգլիների օրենքը». կամ ես քեզ, կամ դու ինձ… կամ զոհ, կամ դահիճ… ու մարդիկ նախընտրում են դառնալ դահիճ»:

Հեղինակ՝ Լուսինե Պողոսյան

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը