Զինծառայողների կրկնակի սպանության գործով եւս կեղծ նախաքննություն է ընթանում. փորձագետ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն այսուհետ կներկայացնի նաեւ նախորդ տարվա ապրիլին սպանված զինվորներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի ընտանիքների շահերը։ Ժամկետային զինծառայողների ծնողները դիմել են կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին՝ խնդրելով նախաքննության եւ դատաքննության փուլերում հանդես գալ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, աջակցել անհրաժեշտ իրավական եւ փորձագիտական խորհրդատվությամբ։

Երկու ընկերները՝ Գրիգոր Ավետիսյանը եւ Սուրեն Արամյանը, սպանվել են մարտական հենակետում՝ ապրիլի 6-ին։ Ըստ ծնողների՝ անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում կրկնակի սպանության գործով ընթացել է կեղծ, միակողմանի նախաքննություն։ Գրիգոր Ավետիսյանի հայրը՝ Հերմոն Ավետիսյանն ասում է, որ մի քանի անհանգստացնող փաստեր են իր մեջ կասկածներ առաջանալու պատճառ դարձել. «Դեպքի օրը երեկոյան ես, տեղեկանալով, որ որդուս դիակը մարտական դիրքերից տեղափոխում են Վարդենիսի հիվանդանոց, մեկնեցի Վարդենիս՝ դիակը դիմավորելու և այն ուղեկցելու նպատակով։ Հիվանդանոցի դիմաց կանգնած՝ նկատեցի «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Երբ «Նիվայի» վարորդը՝ ՌՈ սեւ համազգեստով ինձ անհայտ անձը, բացեց ավտոմեքենայի բեռնախցիկը, նկատեցի որ այնտեղ կան ինքնաձիգներ և մոտեցա. բեռնախցիկում լցված էին թվով 5 ինքնաձիգներ՝ առանց փաթեթավորման, առանց կնիքի, բաց վիճակում։ Հայացք նետելով դրանց վրա՝ նկատեցի, որ դրանցից մեկի վրա առկա են հրազենային վնասվածքի հետքեր` խզակոթի շրջանում առկա հրազենային գնդակային միջանցիկ անցք, մետաղական կորպուսի վրա աջ կողմից փականակի վրա նույնպես առկա էր հրազենային վնասվածքի հետք, զենքի այդ հատվածը դեֆորմացված էր։ Ես, հաշվի առնելով ստացածս այն տեղեկությունը, որ որդուս սպանել են մի քանի հրազենային կրակոցներով, իսկույն կռահեցի, որ դա հենց որդուս զենքն է և այդ վարկածն ստուգելու նպատակով հարց տվեցի վերոհիշյալ անծանոթ սպային՝ մեքենայի տիրոջը, արդյո՞ք դա որդուս՝ Գրիգորի զենքն է։ Վերջինիս իմ հարցը չզարմացրեց, նա միայն խուսափողական տոնով պատասխանեց, որ չգիտի։

Երբ վերջերս քննիչից ստացա թիվ 16551603 փորձագիտական դատաձգաբանական-դատահետքաբանական փորձագիտական եզրակացությունը, որին կից լուսանկարներում տեսանելի էր որդուս ամրակցված «АКМ» տեսակի, համար ЯЛ-1486 ինքնաձիգը, հայտնաբերեցի, որ նույն վնասվածքները տեսել էի «Նիվայի» բեռնախցիկի մեջ եղած ինքնաձիգի վրա։ Փորձագիտական կենտրոն են ուղարկվել ինքնաձիգները, դրանց մեջ՝ նաև որդուս ամրակցված ЯЛ-1486 համարի ինքնաձիգը, սակայն, ի զարմանս ինձ, փորձագետներին տրամադրել էին ոչ թե այն 5 ինքնաձիգները, որոնք տեսել էի Վարդենիսում, այլ դրանցից միայն չորսը… հինգերորդ ինքնաձիգն անհետացել է»:

Զինվորի հայրը համոզված է, որ կատարվել է հանցագործություն։ Նախաքննական մարմինն առնվազն իրավունք չուներ ինքնաձիգներն այդ կերպ տեղափոխելու, դրանք այլ անձի հանձնելու։

Բացի այդ, համաձայն քննիչի պաշտոնական գրության՝ կրկնակի սպանություններից երկու օր անց իբր մեղայականով Վարդենիսի ՌՈ է ներկայացել զինծառայող Դավիթ Դումիկյանը և խոստովանել, որ ինքն է սպանել Ավետիսյանին ու Արամյանին:

Ավելի ուշ, սակայն, ըստ տուժող կողմի ունեցած տեղեկությունների, Դումիկյանը հրաժարվել է իր «ինքնախոստովանական» ցուցմունքներից՝ հայտնելով, որ դրանք իրենից կորզել է ՌՈ աշխատակիցներից մեկը՝ «բարձրահասակ մի գնդապետ»: Փորձագետ Ռ. Մարտիրոսյանը գտնում է, որ հարկ է անմիջապես քրեական գործ հարուցել Դումիկյանի այն հայտարարության առթիվ, որ նրանից ցուցմուքները կորզվել են հանցավոր ճանապարհով, անհապաղ ազատ արձակել Դումիկյանին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի Դումիկյանը ցուցմունք տա իրականում կատարվածի շուրջ։

Ընդհանրապես, գործի մեջ նախաքննական մարմնի կողմից կիրառվող կասկածելի հնարքներն ու ձեռնածությունները շատ են եւ խիստ նման են մինչ այս կոծկված այլ գործերում հանդիպող մեքենայություններին։ Օրինակ, ինչպես միշտ, այս անգամ եւս ինքնաձիգների վրա նույնականացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Տեսականորեն դրանք կարող էին ոչնչացվել մարդասպանների կողմից, սակայն, քանի որ այս փաստի շուրջ քննություն չի կատարվել՝ նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, մատնահետքերը ոչնչացվել է հենց նախաքննական մարմնի կողմից։ Ավելացնենք նաեւ, որ 4 ինքնաձիգներից մեկն ընդհանրապես մատնադրոշմային փորձաքննության չի ուղարկվել, ինչը բացահայտ անօրինականություն է։ Երեւի, թեկուզ միայն այն պատճառով, որ հայտնաբերվելու դեպքում դրանք կարող էին պատկանել նաեւ ինքնաձիգներն առանց անհրաժեշտ փաթեթավորման տեղափոխող ՌՈ սպային։ Ընդհանրապես, ինքնաձիգների հետ կապված, անհրաժեշտ է պարզել անհայտ «Նիվայի» տիրոջ ինքնությունը, պարզել, թե ինչպե՞ս էին իրեղեն ապացույց հանդիսացող ինքնաձիգները հայտնվել իր մոտ, պարզել, թե ո՞ր համարի ինքնաձիգներն էին, որ այդպես էլ չի ուղարկվել փորձագետներին և այն ուղարկել ձգաբանական փորձաքննության՝ միաժամանակ պարզելով, թե ո՞ւմ է ամրակցված նշված ինքնաձիգը, և որտեղ էր դեպքի ժամանակ գտնվում դրա տերը:

Մյուս կասկածելի հանգամանքն այն է, որ քննիչը «նպատակահարմար չի գտնում» քր. գործով կատարել հագուստի դատահետքաբանական փորձաքննություն։ Ձևականորեն այս փորձաքննությունն, իհարկե, կատարվել է, ինչի մասին է վկայում թիվ 16551603 փորձագիտական եզրակացությունը, սակայն վերջինից կարելի է եզրակացնել, որ հագուստի դատահետքաբանական փորձաքննությունը կատարվել է թերի։ Փորձագետները նշում են հանգուցյալների հագուստի վրա առկա մի շարք մեխանիկակական «ոչ հրազենային» վնասվածքների մասին, սակայն ոչինչ չեն ասում դրանց առաջացման մեխանիզմների և վաղեմության մասին, մինչդեռ գործով քննիչը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, իր վրա վերցնելով փորձագետի գործառույթները, ինքն է բանավոր փորձագիտական եզրակացություն տալիս նշված վնասվածքների շուրջ։ Սա բացահայտ անօրինականություն է, անհրաժեշտ է գործով կատարել հագուստի խորացված դատահետքաբանական փորձաքննություն, որը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.

  1. հագուստի վրա կա՞ն  արդյոք մեխանիկական ներգործության  մասին վկայող և շահագործողական մաշվածությանը ոչ բնորոշ վնասվածքներ կամ հետքեր,
  2. եթե այո, ապա  որտե՞ղ են դրանք տեղակայված և ի՞նչ առանձնահատկություններ ունեն,
  3. դրանց բնույթը, առաջացման մեխանիզմները, մասնավորապես, կա՞ն  արդյոք  սուր կտրող գործիքի միջոցով առաջացած վնասվածքներ,
  4. առաջացման վաղեմությունը։

Ընդ որում, ինչպես նշում է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, չի կարելի վստահել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տված եզրակացություններին. «Հանդիսանալով 2013թ.-ի հուլիսի 31-ին սպանված Մանուչար Մանուչարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանին ուղարկել եմ «Հաղորդում հանցագործության մասին» վերնագրով գրություն, որտեղ ներկայացրել եմ անհերքելի ապացույցներ այն մասին, որ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ Ա. Ն. Համբարձումյանը նշված գործով կատարել է հանցագործություն՝ նպատակ հետապնդելով կոծկել Մ. Մանուչարյանի սպանության փաստը: Ելնելով վերոհիշյալից՝ ես չեմ վստահում նշված փորձագետին ու այդ կազմակերպությանը ու միջնորդելու եմ փորձաքննություն անցկացնել այլ փորձագիտական կենտրոնում»։

Հաջորդ «անհամապատասխանությունների» մասին. համաձայն պաշտոնական վարկածի՝ նույն հենակետի զինծառայող Դավիթ Դումիկյանը, մտնելով վրան-զորանոց, կրակել է «աջուձախ», ոտքից վիրավորել երկու զինվորների և սպանել վրանում քնած Սուրեն Արամյանին, սակայն կրակված գնդակները չեն հայտնաբերվել։ Չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ քննիչը փորձաքննության չի ուղարկել վրանը կամ դրա մի հատվածը՝ պարզելու համար, կա՞ն արդյոք վրանի վրա հրազենային վնասվածքներին բնորոշ անցքեր:

Հերմոն Ավետիսյանն անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ մարտական հենակետի երկու զինվորներ՝ Հրաչյա Գրիգորի Սարգսյանը և Ֆելիքս Հակոբի Հովհաննիսյանը, շուրջ մեկ ամիս շարունակ ապօրինաբար պահվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ՌՈ մեկուսարանում, ինչը հանցագործություն է:

Գործով քննիչը չի ցանկանում տուժող կողմին տրամադրել մի անվնաս թվացող փաստաթուղթ ՝ զ/մ-ի հրամանատարի շարային մասով հրամանը, որում նշվում է, թե ովքեր էին ծառայում դեպքի վայր հանդիսացող N 1 կրակակետում, որ զենքերն էին նրանց ամրակցված։ Քննիչը դա պատճառաբանում է նրանով, թե իբր վերոհիշյալ փաստաթուղթը ռազմական գաղտնիք է, մինչդեռ, իրականում նա ուզում է տուժող կողմին պահել անտեղյակության մեջ, խախտում է ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ եվրոպական հռչակագրի երկրորդ կետը, ինչպես նաև ՄԻ եվրոպական դատարանի որոշումները, համաձայն որոնց` կողմերին և, մասնավորապես, տուժող կողմին պետք է տրամադրվի բավարար չափով տեղեկատվություն, որպեսզի նա կարողանա իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները:

Ելնելով վերը շարադրվածից՝ զարմանալի չպետք է հնչի, որ տուժող կողմի մոտ բազմաթիվ անպատասխան հարցեր են առաջանում, արդյունքում՝ համոզմունք, որ այս գործը եւս, ինչպես բազմաթիվ այլ գործեր մինչ այս, տարվում է պատկան մարմինների համար սովորական դարձած կոծկման ճանապարհով։

Տուժող կողմը «Խաղաղության երկխոսության» եւ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի աջակցությամբ արդեն բազմաթիվ միջնորդություններ եւ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ուղարկել ամենատարբեր ատյանների, այդ թվում՝ ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, ՀՀ վարչապետին, Սերժ Սարգսյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել վերը շարադրված անօրինականություններին, միջնորդելով, որպեսզի ստուգվեն նշված փաստերը, դրանց շուրջ կատարվի օբյեկտիվ և խորացված քննություն, հարուցվի նոր քր. գործ, հայտնաբերվեն եւ պատժվեն մեղավորները։ Բացարկ է հայտնվել ՔԿ-ի 5-րդ կայազորային բաժնին, միջնորդվել, որպեսզի քր. գործով հետագա նախաքննությունը հանձնարարվի այլ քննչական մարմնի, որպեսզի նոր քննչական մարմինը տուժող կողմին տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը՝ օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու հնարավորություն ունենալու համար։

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը