Նախաձեռնության մասին

 

 

Երկար տարիներ մարդու իրավունքների հիմնախնդիրը բանակում մնում է տարբեր երկրների իրավապաշտպաններին անհանգստացնող հարցերից մեկը:

Հայկական բանակում եւս մարդու իրավունքների իրավիճակն անհանգստություն է առաջացնում Հայաստանի ակտիվ քաղաքացիական խմբերի, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մոտ։ Իրենց հաշվետվություններում տարբեր անկախ կազմակերպություններ նշում են զինծառայողների շրջանում մահացության բարձր մակարդակի մասին, անհանգստություն են հայտնում պարբերական իրավախախտումների, բռնության դեպքերի, քննչական մարմինների եւ պատասխանատու ռազմական կառույցների անգործության վերաբերյալ։

Ըստ «Անի» կենտրոնի տվյալների՝ 1994-ից ի վեր Հայաստանն ու Արցախը տվել են ավելի քան 3․500 զոհ՝ մարտական և ոչ մարտական։ Ղարաբաղյան պատերազմում եւ 1994 թվականի զինադադարից հետո հայկական կողմն ունեցել է ավելի քան 9700 զոհ:

Վերջին տարիների ընթացքում բանակում կատարված սպանությունների դեպքերը հասարակության լայն շրջանների ուշադրության ներքո են: Դրանք, սակայն, շարունակվում են, իսկ պարբերական սպանությունների պատճառ հանդիսացող այլ արատավոր երևույթներն էլ՝ խորանում:

«Խաղաղության երկխոսությունն»  ինչ-որ կերպ դրական փոփոխությունների հասնելու նպատակով իրականացնում է իր «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» նախաձեռնությունը, որի նպատակն է դադարեցնել մարդու իրավունքների խախտման դեպքերը ԶՈՒ-ում, բարձրացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պաշտպանող զինվորների անվտանգությունը: Նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների բնագավառում ԶՈՒ-ում տիրող մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ` խնդրի լուծման ուղղությամբ հասարակական պահանջարկ ձեւավորելու նպատակով, մոբիլիզացնել եւ ներգրավել տեղական, ազգային եւ միջազգային դերակատարների, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Բացի այդ, նախաձեռնության կարևոր բաղադրիչներից մեկն էլ նախազորակոչային երիտասարդների իրազեկումն է զինծառայողների իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։

Նախաձեռնության շրջանակներում մշտական աշխատանքներ են կատարվում կայքէջի թարմացման ուղղությամբ, որում հավաքվում են տվյալներ զինադադարի կնքման պահից հետո ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով դեպքերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ ՀՀ բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ կայքէջի հիմնական նշանակությունն այն է, որ ժամանակի ընթացքում (նաեւ՝ կայքի այցելուների, շահագրգռված անձանց աջակցությամբ, քանի որ այցելուները եւս կարող են իրենց ներդրումն ունենալ կայքէջի ամբողջացման գործում) այն պետք է վերածվի 1994թ-ից մինչ այժմ ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով միջադեպերի, դրանց արդյունքում զոհված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ գրանցված իրավախախտումների տվյալների բազայի:

Նախաձեռնության լավագույն արդյունքը կարող է լինել, օրինակ, այն, որ ցանկացած զորամասում տվյալ պահին տեղի ունեցող իրավախախտման դեպքերի մասին ականատեսների կողմից կայքէջում կատարվող օպերատիվ գրառումները կարող են ահազանգ հանդիսանալ պատկան մարմինների համար՝ ճշտելու եւ, հաստատվելու դեպքում, համապատասխան ընթացք տալու համար:

Բացի այդ, այցելուների համար կայքում հասանելի են հայկական բանակում մարդու իրավունքների հետ կապված տարբեր հայտարարություններ, նորություններ, որոնք պարբերաբար թարմացվում են: Համապատասխան բաժիններում տեղադրված են նաեւ թեմային վերաբերող օրենքները, միջազգային եւ տեղական իրավական ակտերը, փաստաթղթերը, զեկույցներ եւ հրապարակումներ, ինչպես նաեւ տարբեր վերլուծական, փորձագիտական կարծիքներ:

Կայքէջից օգտվելու վերաբերյալ ցուցումներին կարելի է ծանոթանալ համապատասխան բաժնում:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» նախաձեռնությունը իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից, կայքը պատրաստվել է նիդերլանդական Pax կազմակերպության աջակցությամբ:


  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը