Ծրագրի մասին

 

 

«Խաղաղության երկխոսությունն» իրականացնում է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» երկամյա ծրագիրը: Այս նախաձեռնության նպատակն է՝ դադարեցնել մարդու իրավունքների խախտման դեպքերը ԶՈՒ-ում, բարձրացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պաշտպանող զինվորների անվտանգությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպությունը պատրաստվում է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների բնագավառում ԶՈՒ-ում տիրող մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ` խնդրի լուծման ուղղությամբ հասարակական պահանջարկ ձեւավորելու նպատակով, մոբիլիզացնել եւ ներգրավել տեղական, ազգային եւ միջազգային դերակատարների, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Բացի այդ, ծրագրի բաղադրիչներից մեկն էլ նախազորակոչային երիտասարդների իրազեկումն է զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի, զինվորականների ունեցած իրավունքների վերաբերյալ:

Ըստ վերոնշյալ ակնկալվող ազդեցությունների, այս նախաձեռնության շրջանակներում նախատեսվում են բազմաթիվ գործողություններ՝ ելնելով նախանշված թիրախ խմբերի առանձնահատկություններից, նրանց նկատմամբ եղած ակնկալիքներից, նաեւ հաշվի առնելով այդ խմբերի շահագրգռվածության ոլորտները եւ նրանց մոբիլիզացնելու մեթոդաբանությունը:

 Ծրագրի շրջանակներում ծրագրի իրականացնող խումբն աշխատանքներ է կատարում նաեւ կայքէջի պատրաստման ուղղությամբ, որում հավաքված կլինեն տվյալներ զինադադարի կնքման պահից հետո, համեմատաբար խաղաղ պայմաններում, ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով դեպքերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ ՀՀ բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ կայքէջի հիմնական նշանակությունն այն է, որ ժամանակի ընթացքում (նաեւ՝ կայքի այցելուների, շահագրգռված անձանց աջակցությամբ, քանի որ այցելուները եւս կարող են իրենց ներդրումն ունենալ կայքէջի ամբողջացման գործում) այն պետք է վերածվի 1994թ․-ից մինչ այժմ ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով միջադեպերի, դրանց արդյունքում զոհված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ գրանցված իրավախախտումների տվյալների բազայի:

Նախագծի լավագույն արդյունքը կարող է լինել, օրինակ, այն, որ ցանկացած զորամասում տվյալ պահին տեղի ունեցող իրավախախտման դեպքերի մասին ականատեսների կողմից կայքէջում կատարվող օպերատիվ գրառումները կարող են ահազանգ հանդիսանալ պատկան մարմինների համար՝ ճշտելու եւ, հաստատվելու դեպքում, համապատասխան ընթացք տալու համար:

Բացի այդ, այցելուների համար կայքում հասանելի կլինեն հայկական բանակում մարդու իրավունքների հետ կապված տարբեր հայտարարություններ, նորություններ, որոնք պարբերաբար կթարմացվեն եւ կնորացվեն: Համապատասխան բաժիններում տեղադրված են նաեւ թեմային վերաբերող օրենքները, միջազգային եւ տեղական իրավական ակտերը, փաստաթղթերը, զեկույցներ եւ հրապարակումներ, ինչպես նաեւ տարբեր վերլուծական, փորձագիտական կարծիքներ:

Կայքէջից օգտվելու վերաբերյալ ցուցումներին կարելի է ծանոթանալ համապատասխան բաժնում:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից, նիդերլանդական Pax կազմակերպության աջակցությամբ:

 


  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը