Մանուչար Մանուչարյանի մահվան գործով դատական առաջին լիարժեք նիստը կայացավ
ԲԱՑԱՐԿԻ ԵՐԿՈՒ ԵՒ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԵԿ ՄԵՐԺՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Ըստ պաշտոնական վարկածի՝ 31.07.2013թ. Քանաքեռում տեղակայված ՀՀ ՊՆ 24923 զորամասի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանը՝ ծնված 1994թ., զորակոչված 2012թ. գարնանը Վանաձորի ՏԶԿ-ից, գտնվելով պահակային ծառայության մեջ, թիվ 5-րդ պահակակետում, դիտաշտարակի վրա, ԱԿՍ տեսակի 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից երեք կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել։ Արդեն դեպքից օրեր անց տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանը եւ նրա շահերի պաշտպան եւ նրա ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հկ-ի փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը համոզվեցին, որ գործով կատարվում է կեղծ, իր հիմքում՝ հանցավոր, միակողմանի նախաքննություն։ Նախաքննական մարմինը սկզբից եւեթ փորձում էր ակնհայտ սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն։ Այդ ժամանակվանից տուժող կողմը բազմիցս դիմում-բողոքներ է գրել պետական բարձրաստիճան բոլոր պատկան ատյաններին, բացարկ է հայտնել ՀՀ զինդատախազությանը (այսինքն տուժող կողմը չի վստահում զինդատախազությանը եւ եթե բացարկը հիմնավոր էր՝ գլխավոր դատախազը կարող էր եւ պետք է գործը վստահեր այլ քննչական մարմնի)։ ՀՀ ՊՆ ՔԾ-ին եւս բացարկ է հայտնվել, սակայն տուժող կողմի բոլոր դիմում-բողոքները, միջնորդությունները մերժվել են՝ լակոնիկ պատասխանով. «Գործով կատարվում է օբյեկտիվ նախաքննություն»։ Նման պայմաններում տուժող կողմը լիովին զրկված էր իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները։ Մինչեւ վերջ նախաքննական մարմինը քննությունը կատարեց եւ ավարտեց «ինքնասպանություն» կեղծ վարկածով, ինչի արդյունքում մեղադրանք ներկայացվեց երկու զինծառայողի՝ Արման Ստեփանյանին եւ Բաբկեն Գաբոյանին։
2015թ. հունվարի 30-ին տեղի ունեցավ սույն գործով Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ավետիսյան) տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 24923 զորամասի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանի մահվան գործով առաջին լիարժեք դատական նիստը. մինչ այդ երկու նիստ էլ էր կայացել, որոնք այս կամ այն պատճառով միայն բացվել եւ փակվել էին՝ հետաձգվելով։ Նիստի ժամանակ տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրող Ամիրյանին՝ հետեւյալ հիմքերով (մեջբերում).
«Դեպքի հաջորդ օրը՝ 01.08.2013թ․, գործով քննիչ Մ. Նալբանդյանը կազմել է Մ. Մանուչարյանի հագուստների զննում կատարելու վերաբերյալ արձանագրություն, որում մասնավորապես նկարագրվում է հանգուցյալի զինվորական տաբատը: Համաձայն դրա, մեջբերում եմ, «․․․զինվորական տաբատի ձախ ոտքի ազդրի շրջանում, մինջև ծունկը, ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջևի եզրից 3,5 սմ վեր առկա է կլորավուն, կիսալուսնաձև, 1,5×1 սմ չափսի թելատված եզրերով անցք, աջ ոտքի հետնամասում, ծնկածալի հատվածում, առկա է արնանման ներծծված հետք 10×25 սմ չափսերի, որի վերնամասում, կորավուն կարից 5 սմ ցած առկա է 5 մմ տրամագծով անցք, որի եզրերը այրվածքի հետքերով են: Տաբատի վրա այլ վնասվածքների հետքեր չհայտնաբերվեցին» (գործ՝ հատոր 1, թերթ 102-103):
Մինչդեռ Մ. Մանուչարյանի հագուստների թիվ 27151303 դատաձգաբանական – դատահետքաբանական եզրակացության համաձայն՝ նախաքննական մարմինը փորձագետներին է ներկայացրել լիովին այլ տաբատ (նշված եզրակացությունում այն անվանվել է անդրավարտիք): Այս անդրավարտիքի զննությունն իրականացրած փորձագետ Ա. Ավետիսյանը գրում է․
ա․ «անդրավարտիքն ունի գրպաններ, որոնցից վերևից հաշված առաջինը և երրորդը բացակայում են»,
բ․ «անդրավարտիքը հնամաշ է, աղտոտված»,
գ․ «երկու կոճակների բացակայությունից զատ՝ անդրավարտիքի վրա հետազոտությամբ այլ մեխանիկակական բնույթի վնասվածքներ և հետքեր չհայտնաբերվեցին» (գործ՝ հատոր 2, թերթ 194-195):
Այս երկու փաստաթղթերի համադրումից գալիս ենք միանշանակ եզրակացության․ նախաքննական մարմինը կատարել է ծանր հանցագործություն: Նախ՝ պարտակել է իրեղեն ապացույց տաբատը՝ դրա փոխարեն փորձագիտական կենտրոն ուղարկելով այլ տաբատ: Այս հանցագործությամբ նախաքննական մարմինն առաջին հերթին նպատակ է հետապնդել կոծկել այն փաստը, որ տաբատի վրա, աջ ոտքի ետնամասում առկա է 5 մմ տրամագծով հրազենային վնասվածքի անցք, ինչը Մ. Մանուչարյանը չէր կարող հասցնել ինքն իրեն, և ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: Պարտակելով հանգուցյալի տաբատը՝ նախաքննական մարմինը հնարավորություն է ստացել կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն»:
Փաստորեն, նախաքննական մարմինն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ի սկզբանե որոշել է, որ կատարվածը պետք է ներկայացնել միմիայն որպես ինքնասպանություն։ Այս դեպքում, գործով քննիչ Նալբանդյանը չէր կարող ետեւի կողմից հրազենային վնասվածքի հետք ունեցող տաբատն ուղարկել փորձաքննության, քանի որ չէր կարողանա գործը որպես ինքնասպանություն ներկայացնել։
Ներկայացված փաստից հասկանալի է դառնում, որ Մ. Մանուչարյանը չէր կարող ինքնասպանություն գործել՝ միաժամանակ ե՛ւ ոտքից՝ թիկունքի շրջանում, եւ ծնոտի մասում՝ ավտոմատ կրակահերթով կրակելով ինքն իր վրա։ Գործից հանված տաբատի վրա առկա հրազենային վնասվածքի հետքը վկայությունն է այն բանի, որ դեպքի պահին դեպքի վայրում արձակվել է ոչ թե երեք, այլ, առնվազն, չորս կրակոց։ Սա իր հերթին ապացույցն է նրա, որ գործով անցնող բոլոր վկաները նախաքննական մարմնի պարտադրանքով տվել են ակնհայտ կեղծ ցուցմունքներ, թե՝ իբր լսել են երեք կրակոց։
Նախաքննության ընթացքում քրեական գործի վերահսկողությունն իրականացրել է դատարանում որպես մեղադրող հանդես եկող Ամիրյանը․ քննիչները չէին կարող նրան շրջանցելով, առանց նրա հետ համաձայնեցնելու, գործից, փաստորեն, «անէացնել» տաբատը։ Իսկ եթե ենթադրենք, որ արվել է նման բան, նշանակում է նա օրենքով սահմանված կարգով պատշաճ հսկողություն չի իրականացրել գործի նկատմամբ, ինչը քրեական պատասխանատվություն է ենթադրում՝ պաշտոնեական անգործության համար։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը, սակայն, համոզված է, որ ավելի շուտ հանցագործությունը կատարվել է Ամիրյանի գիտությամբ եւ նրա ցուցումով (հիշեցնենք, որ նա էր, ով չէր ուզում պատասխանել մեր կազմակերպության միջնորդություններին, փոխարենը՝ զոհվածի եղբորը՝ Օնիկին, ապօրինաբար կանչում էր «զրույցի»)։
Բացարկի հետ մեկտեղ, տուժող կողմը միջնորդեց դատարանին գործի դատավարությունը կասեցնել եւ նշված փաստերի վերաբերյալ հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին՝ միջնորդելով, որպեսզի փաստի շուրջ ՀՔԾ-ի կողմից կատարվի քննություն, հայտնաբերվեն մեղավորները, պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաեւ հայտնաբերվի եւ իրեղեն ապացույց ճանաչվի Մ. Մանուչարյանի կորած տաբատը։
Նախագահող դատավոր Ավետիսյանը, երկար ժամանակ անցկացնելով խորհրդակցական սենյակում, մերժեց տուժող կողմի միջնորդություններն ու բացարկը: Ըստ օրենքի՝ նա պարտավոր էր հանցագործության մասին տուժող կողմի հաղորդումն ուղարկել գլխավոր դատախազին, սակայն հայտարարեց, որ չի ուղարկի, որ տուժող կողմն ինքը կարող է նման հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատավորին հայտնեց, որ արդեն իսկ եղել է նման նախադեպ. նա, հանդես գալով Սարգիս Սահակյանի սպանության գործով՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իր գործընկերների հետ բացահայտել եւ գլխավոր դատախազին է ուղարկել հիմնավոր փաստեր այն մասին, որ նշված գործով նախաքննական մարմինը կատարել է ծանր հանցագործություն՝ պարտակել է սպանության իրական գործիք հանդիսացող ինքնաձիգը, փոխարենը ներկայացրել մեկ այլ (հանգուցյալին պատկանող) ինքնաձիգ։ ՀՀ գլխավոր դատախազությունը չընդունեց տուժող կողմի այդ հաղորդումը, ըստ Ռ․ Մարտիրոսյանի՝ անհիմն, անհեթեթ պատճառաբանությամբ․ քանի որ գործը գտնվում է դատարանի վարույթում, ապա այդ խնդրին կարելի է անդրադառնալ միմիայն այն ժամանակ, երբ դատարանը նման որոշում կկայացնի։ Դատավոր Նապոլեոն Օհանյանն այդպես էլ չհամարձակվեց նշված հանցագործությանն անդրադառնալ, կայացնելով կասկածելի դատավճիռ՝ ազատազրկման դատապարտեց երկու զինծառայողների՝ Ս. Սահակյանին, իբր, ինքնասպանության հասցնելու համար։ Վերը նկարագրվածն այս անգամ կրկնել փորձեց դատավոր Ավետիսյանը. հաղորդում ուղարկել գլխավոր դատախազին՝ նշանակում է դեմ դուրս գալ ողջ կոռումպացված դատաիրավական համակարգին՝ ՌՈ-ին, ՔԾ-ին, դատախազությանը…
Այս մերժումից հետո տուժող կողմը բացարկ հայտնեց դատավոր Ավետիսյանին՝ հետեւյալ հիմքով. համաձայն քր. դատ. օր-ի 262 հոդվածի՝ դատավորը որեւէ քրեական գործ վարույթ ընդունելուց առաջ պարտավոր է ծանոթանալ գործի նյութերին եւ միայն դրանից հետո կայացնել համապատասխան որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։ Ծանոթանալով նյութերին՝ դատավորը բնականաբար պետք է տեսներ այն հանցագործության փաստը, ինչը տեսել, հայտնաբերել եւ դատարանին հայտնել է տուժող կողմը: Հակառակ դեպքում հնարավոր է միայն երկու վարկած. դատավորը չունի նման ծանր գործով դատաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ունակություններ կամ անձնական, շահադիտական նկատառումներով կոծկել է նախաքննական մարմնի կողմից կատարված հանցանքը։ Նախագահող Ավետիսյանը տուժող կողմի այս հետեւությունները որակեց որպես իրեն անձնական վիրավորանք հասցնելու փորձ (ինչի պատճառով սկսվեց վիճաբանություն նրա եւ Ռ. Մարտիրոսյանի միջեւ) եւ եւս մեկ անգամ երկար ժամանակով առանձնացավ խորհրդակցական սենյակում, որտեղ պետք է խորհեր՝ ընդունե՞լ արդյոք իր բացարկը պահանջող միջնորդությունը, թե՞ ոչ։ Վերադառնալով՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Դրա փոխարեն դատավոր Ավետիսյանը հայտնեց, որ իր գործավարուհին գործով մեղադրվողներից մեկի պաշտպանի կինն է եւ, չնայած ինքն այդ իսկ պատճառով արդեն փոխել է իր գործավարուհուն, սակայն միգուցե կողմերը գտնում են, որ դա իր ինքնաբացարկի համար բավարար հիմք է։ Առաջարկեց բոլոր կողմերին խորհրդակցել, որոշում կայացնել եւ այդ որոշման մասին հայտնել իրեն։ Տուժող կողմը հրաժարվեց մասնակցել նշված խորհրդակցությանը՝ դատավորի առաջարկը որակելով որպես ժամավաճառություն։ Տուժող կողմը, չնայած նախագահողի պահանջին, չմասնակցեց խորհրդակցությանը՝ նշելով, որ լրիվ հիմնավոր պատճառը մերժելով, ինքնաբացարկի անիմաստ քննարկում է առաջարկվում: Մյուս կողմերի խորհրդակցության արդյունքում, իհարկե, որոշվեց, որ դատավորի ինքնաբացարկի հիմքեր այդ առումով չկան, ինչից հետո այդ օրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին։
«Դատավոր Ավետիսյանը հայտնվել է փակուղում, նա չգիտի ինչպես պետք է շարունակի դատաքննությունը, եթե ի հայտ է եկել նոր, գործը գլխիվայր շրջող փաստ, ինչն ապացուցում է, որ Մանուչար Մանուչարյանին սպանել են, որ բոլոր վկաները կեղծ ցուցմունք են տվել եւ, որ այսօր նախաքննական մարմնի հանցագործության պատճառով ապօրինաբար կալանավորվել եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու անմեղ զինծառայողներ»,- սա դատական այդ նիստից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքն է:
ԼՐԱՑՈՒՄ. Փետրվարի 4-ին կայացած նիստում նախագահող դատավորն, այնուամենայնիվ, ինքնաբացարկ հայտնեց։ Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։
Ավելացվել է 01 February, 2015