ՈՒՂԵՑՈՒՅՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Միջոցառումներ, որոնք իրականացվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու և զորակոչիկների անվտանգությունն ապահովելու նպատակով:
- Զորակոչի աշխատանքները տարածքային ստորաբաժանումներում պետք է իրականացվեն` պահպանելով ՀՀ պարետի որոշումները:
- Բժշկական հանձնաժողովի և կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ներկայացող յուրաքանչյուր զորակոչիկին պետք է հատկացվի դիմակ և ձեռքերը ախտահանելու համար ախտահանիչ նյութեր:
- Յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մոտ զորակոչիկները պետք է հետազոտվեն առանձին-առանձին:
- Ընդհանուր օգտագործման տարածքում պետք է բացառվեն զորակոչիկների կամ նրանց հարազատների կուտակումները:
- Բժշկական հետազոտությունների ուղեգրելիս՝ հետազոտության ակտի հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ենթակա զորակոչիկները չեն հրավիրվում տարածքային ստորաբաժանում և չեն փորձաքնվում տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից:
- Տարածքային ստորաբաժանում ներկայացող յուրաքանչյուր զորակոչիկ պետք է ջերմաչափվի, նրան պետք է տրամադրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ, ձեռքերը պետք է ախտահանվեն:
- Բժշկական հետազոտություններին ներկայանալիս` զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձնագիր կամ նույնականացման քարտ:
- Հանրապետական հավաքակայանում զորակոչիկների թեստավորում անց է կացվում միայն անհրաժեշտության դեպքում:
- Վիճակահանության գործընթացը տեսագրող սարքավորումները տեղադրվել են Հանրապետական հավաքակայանի մուտքի մոտ, և ծնողների, լրագրողների, ինչպես նաև զորակոչի գործընթացին չառնչվող անձնակազմի մուտքն արգելվելու է:
- Յուրաքանչյուր օր իրականացվելու են Հանրապետական հավաքակայանի, նրա հարակից տարածքների և նորակոչիկների զորամասեր տեղափոխող տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքներ:
- Զորակոչի վերջին 14 օրերի ընթացքում զորակոչվելիս` զորակոչիկի մոտ նոր կորոնավիրուսի ախտանշաններ հայտնաբերելու դեպքում նա մեկուսացվելու է տվյալ տարածքում գտնվող բուժհաստատությունում, թեստավորման դրական պատասխանի դեպքում նրա տարածքային ստորաբաժանում ներկայանալու օրը համարվելու է ժամկետային պարտադիր զինծառայողության սկիզբ, իսկ ծառայության վայրը նախորոշվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առանձին որոշմամբ՝ բուժման ավարտից հետո:
- Զորակոչից հետո զորակոչիկները գտնվելու են զորամիավորման կամ միավորման տարածքում գտնվող մեկ զորամասում և վիճակահանությամբ նախորոշված զորամասեր տեղափոխվելու են զորամիավորումների և միավորումների ենթակա զորամասերի համալրման ավարտից 14 օր հետո։
Եթե ունեք տեղեկություններ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում վերոնշյալ միջոցառումների թերի իրականացման վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակ` +374 (322) 21340; +374 (55) 820 632 կամ (93) 820 632 հեռախոսահամարներով:
Տե’ս ուղեցույցը Adobe PDF տարբերակով (PDF, 4 Mb).
Նկարազարդումը` www.freepik.com
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեության մշտադիտարկումը իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակներում:
Ավելացվել է 26 June, 2020