Երկրորդ վկան եւս հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից

Տուժող կողմն, ի նշան  բողոքի, լքեց դահլիճը

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով ընթացող դատավարության ընթացքում արդեն երկրորդ վկան հրաժարվեց նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներից։

Ինչպես տեղեկացրել էինք՝ նախորդ նիստի ընթացքում Մ. Մանուչարյանի համածառայակից Արթուր Աբրահամյանը պնդեց, որ այդ ցուցմունքները նա տվել է սպառնալիքների, ճնշումների արդյունքում։

Հունիսի 9-ի դատական նիստում որպես վկա հրավիրված անձանցից մեկը՝ Լավրենտ Դավթյանը,  չէր ներկայացել։ Երկրորդ վկային դատարան էին հրավիրել ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ դատական ծանուցագրով, այլ հեռախոսային զանգով։ Նշենք որ սա դատարանի կողմից իր լիազորությունները պատշաճ չկատարելու առաջին դեպքը չէ. դեռևս երկու ամիս առաջ տուժող կողմը բացարակ էր հայտնել նախագահող Մկրտչյանին դատական նիստի վերաբերյալ տուժող կողմին պատշաճ կերպով չծանուցելու, ավելի ստույգ՝ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ։ Նշված բացարկը մերժվեց այն հիմնավորմամբ, իբր դատարանը ոչ թե ցանկություն է ունեցել  դրանով տուժող կողմին զրկել դատաքնությանը մասնակցելու իր իրավունքից, այլ, որ դա ընդամենը հետևանք էր անփութության։

Այսպիսով, նիստին ներկայացած վկա Արման Սահակյանն իր նախաքննական ցուցմունքներում հայտնել էր, որ դեպքին նախորդող օրերին զորամասում չի եղել, սակայն իր ծառայակից  Լիբիկ Մկրտչյանն իրեն պատմել է այն մասին, իբր դեպքից օրեր առաջ ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանը բազմիցս ճնշել, հայհոյել և նվաստացրել է  հանգուցյալ Մանուչարին։

Վկան հայտնում է, որ այս բոլոր դեպքերին ականատես չի եղել եւ վերապատմում է վկա Լիբիկ Մկրտչյանի պատմածները, եւ ուշագրավ է, որ նրա ցուցմուքները բառ առ բառ, տող առ տող կրկնում են Լիբիկ Մկրտչյանի ցուցմուքները, անգամ՝ մեջբերումների առումով։

Մտահոգությունները, որ վկայի վրա ճնշում է գործադրվել, հաստատվեցին դատարանում. Արման Սահակյանի արտաբերած առաջին իսկ նախադասությունը հայտարարություն էր այն մասին, որ իր նախաքննական բոլոր ցուցմուքները կեղծ են սկզբից մինչև վերջ և, որ նա դա գրել է քննիչների թելադրանքով։ Ըստ վկայի՝ իրեն հարցաքննել են ե՛ւ զորամասում, ե՛ւ ռազմական ոստիկանությունում, ե՛ւ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում, ընդ որում ՌՈ-ում միաժամանակ 5-6 հարցաքննողներ են եղել։ Ճնշումներ եւ սպառնալիքներ իր դեպքում չեն եղել, պնդում է վկան, պարզապես իր տատի եւ պապի մահվան կապակցությամբ արձակուրդից վերադառնալուց հետո զորամասում է եղել դեպքից շուրջ 4 ժամ անց, ցուցմունք տալու ժամանակ եղել է հոգեպես խիստ ընկճված, կամազուրկ վիճակում, չի կարողացել ընդիմանալ քննիչի պահանջին եւ գրել է այն ամենն, ինչ նա թելադրել է։

Սկսելով վկա Սահակյանի հարցաքննությունը,  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ․Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վկան չափազանց կաշկանդված է, տալիս է կցկտուր, ոչ լիարժեք պատասխաններ. հասկանալի է, որ մի կողմից ցանկանում է հրաժարվել իր տված սուտ ցուցմունքերից, միաժամանակ, վախենալով դատաիրավական համակարգից, փորձում է խուսափել դրա հետ հավանական հակամարտությունից՝ նախորդ վկայի նման ճնշումների ու խոշտանգումների մասին հայտարարելով։

Վկայից ամբողջական ցուցմունք ստանալու համար նրան քաջալերելու Ռ․Մարտիրոսյանի փորձը, չվախենալու կոչը ակնհայտորեն դուր չեկավ մեղադրող դատախազ Ամիրյանին, ի պատասխան Ռ. Մարտիրոսյանը սաստեց մեղադրողին, առաջարկեց չխոչընդոտել, անհարկի չմիջամտել իր հարցաքննությանը։ Դատավորն իր հերթին սաստեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին՝ նրան մեղադրելով Ամիրյանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Իսկ Մարտիրոսյանի այն պնդումներին, որ ըստ իրեն մեղադրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին խոսք անգամ լինել չի կարող, պարզապես արդեն դատաքննության սկզբում եղել է հայտարարություն, որ մեղադրողը դատարան է բերել ամբողջովին կեղծ, շինծու մի գործ, իր հիմքում՝ հանցավոր, որ Ամիրյանը սույն քրեական գործով կատարել է պաշտոնեական հանցագործություն (գործում նման հանցագործությունների փաստերը լիուլի են, և դրանց համար, եթե ՀՀ-ում գործեր օրենքը, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին տասնյակից ավելի պետական պաշտոնյաներ)։

Նախագահող դատավոր Մկրտչյանը Ռ․Մարտիրոսյանին 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։ Ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր այս որոշմամբ նախագահողը կոպտորեն խախտում է օրենքը, նա իրավունք չունի տուժող կողմին զրկել վկային հարցաքննելու իրավունքից։ Քանի որ դատավորը մնաց անդրդվելի՝ Շուշանյանը եւս, ի նշան բողոքի, լքեց դահլիճը. տուժող կողմը ողջ կազմով հեռացավ նիստերի դահլիճից։

Ըստ էության՝ դատարանի կողմից խախտվեց արդարադատության կարևորագույն հիմնաքարերից մեկը, կողմերի իրավահավասարության սկզբունքը. նախագահողը թույլ չտվեց տուժող կողմին իրականացնել իր գործառույթները։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը