«Գործով բոլոր վկաները, խոշոր հաշվով, տուժողներ պետք է ճանաչվեն». փորձագետ

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հունիսի 30-ի դատական նիստում հարցաքննվեց գործով վկա, նախկին ժամկետային զինծառայող Լավրենտի Դավթյանը։

Նա, քրեական գործի նյութերով, դեպքի միակ ականատես վկան է, քանի որ պահակային ծառայություն է իրականացրել հանգուցյալ Մ. Մանուչարյանի հետ միասին՝ նույն հերթափոխի ընթացքում, հարակից՝ համար 4 պահակակետում։ Նախաքննության ժամանակ Լ. Դավթյանը ցուցմունք է տվել, իբր կրակոցի պահին եղել է Մ. Մանուչարյանից շուրջ 50 մետր հեռավորության վրա, քանի որ, չնայած իր պահակակետի աշտարակը գտնվում էր 5-րդ պահակակետի աշտարակից 6-7 մետր հեռու, սակայն նա հեռացել էր իր պահակակետից եւ շրջում էր տարածքում։ Դատաքննության ժամանակ վկայի խոսքերում այդ 50 մետրը դարձավ 20 մետր, սակայն, մնացյալում նա, ըստ էության, կրկնեց իր նախաքննական ցուցմունքը. չի տեսել Մ. Մանուչարյանին աշտարակ բարձրանալիս, իր վրա կրակելիս, չի գնացել դեպքի վայր, դեպքի վայրի մասին ենթադրում է միայն ուրիշների պատմածներից, չի տեսել Մ. Մանուչարյանի դիակն իջեցնելիս։ Վկան, ըստ էության, խոստովանեց, որ նա չգիտի, թե որն է դեպքի վայրը, չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչու պետք է Մանուչարն ինքնասպան լիներ, եթե նա դեպքից առաջ սովորական տրամադրություն ուներ։ Ցուցմունքում կարեւոր է այն փաստը, որ վկան չի լսել ինքնաձիգի լիցքավորման ձայնը, չնայած շուրջբոլորը լռություն է տիրել։ Եթե նախաքննության ժամանակ վկան ասել է, որ մոտավորապես 3 կրակոցի բարձր ձայն է լսել, ապա երկու տարի անց նրա մոտ այդ «մոտավոր» բառը փոխարինվել է համոզմունքով, որ նա լսել է երեք կրակոցի ձայն։ Հիշեցնենք,, որ նախորդ վկաները միանշանակ հրաժարվել են նախաքննության ժամանակ տրված «երեք կրակոցների» մասին իրենց ցուցմունքներից։

Այս վկայի ցուցմունքը, խոշոր հաշվով, տարօրինակ է եւ հակասում է գործով անցնող մնացած բոլոր վկաների ցուցմունքներին։ 10-ից ավելի վկաներ առանձին-առանձին նշում են, որ Մ. Մանուչարյանն առնվազն 4 անգամ հեռացել է պահակատնից (իբր նա դեպքի օրը առավոտյան խոսել է կապիտան Մուրադյանի հետ, մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի հետ կենցաղային սենյակ, արտաքնոց է գնացել, այնտեղից գլխահակ, ճնշված դուրս եկել եւ այլն), սակայն Դավթյանը պնդում է, որ նման բան չի եղել, նա մշտապես եղել է իր կողքին, իր տեսադաշտում։ Վկան հերքում է նաեւ եւս մեկ զինվորի ցուցմունք, ով հայտնում է, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 10-ին, Մ. Մանուչարյանին տեսել է իր իսկ պահակակետի աշտարակի տակ միայնակ, անզեն՝ առանց ինքնաձիգի կանգնած, ընդ որում, այդ ժամանակ Մանուչարյանի հերթապահությունն ավարտված է եղել (ժամը 9։00-ին) եւ նշված ժամին այնտեղ ծառայություն պետք է իրականացներ այլ զինվոր։ Ըստ Լ. Դավթյանի, սակայն, իրենք 4-5 տղաներով ժամը 9։20-ից մինչեւ 10։00-ն նախաճաշել են, հետո՝ կեղտոտ ափսեները տարել ճաշարան եւ վերադարձել։ Եթե նույնիսկ Մանուչարն իրենց հետ չի եկել՝ պատրավոր էր եւ պետք է կանգնած լիներ պահակատան դիմաց, որպես հերթապահ եւ ոչ մի տեղ չէր կարող գնալ։

Անհրաժեշտ է նշել, որ այս նիստի ընթացքում նախագահող Ա. Մկրտչյանը ակնհայտորեն, պարբերաբար չարաշահում էր իր պաշտոնական դիրքը՝ անհարկի միջամտություններով, վկային ուղղված հուշումներով։ Մեղադրեց տուժողի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ, դատարանում տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Ռուբեն Մարտիրոսյանին՝ հայտարարելով, որ իբր վերջինս բարձր է խոսում վկայի հետ, ճնշում է գործադրում վերջինիս վրա, իսկ դրանից 5 րոպե անց ինքն էր արդեն գոռում վկայի վրա՝ ճնշելով եւ ուղղորդելով նրան։

«Օրինակ, իմ այն հարցին, թե եթե վկան կրակոցների ժամանակ գտնվել է դեպքի վայրից 20 մետր հեռու, ապա ինչու է ցուցմունք տվել նախաքննության ժամանակ, որ այդ հեռավորությունը եղել է 50 մետր, մինչ վկան կպատասխաներ այդ հարցին՝ նախագահողը կրկնեց իմ հարցն՝ արդեն ակնհայտ ուղղորդումով. «Դավթյան, Դուք 20 մետր հեռո՞ւ եք եղել, թե՞ 50»։ Դավթյանի՝ «20 մետր» պատասխանը գոհացրեց նախագահողին, սակայն չէր կարող գոհացնել ինձ, քանի որ իմ հարցի իմաստը նենգափոխվեց դատավորի կողմից։ Իմ, մեղմ ասած, դժգոհությունն առիթ տվեց դատավորին նիստը 5 րոպեով ընդհատել, սակայն ընդմիջումից հետո էլ ձգտեցի բացատրություն ստանալ նրանից, թե ինչ իրավունքով է ընդհատում իմ հարցաքննությունը, նենգափոխում իմ հարցերը»,- ասում է Ռ. Մարտիրոսյանը։

Այդ օրը դատական նիստին ներկայացել էր նաեւ վկա Հովիկ Թադեւոսյանը, դատավորը ցանկանում էր երկու վկաներին էլ արագ, մակերեսորեն հարցաքննել, ինչպես նաեւ թույլ չտալ, որ վկաները «սխալ» բաներ ասեն դատաքննության ընթացքում, կարեւոր բաներ թռցնեն բերանից։ Սակայն այդ ցանկությունը չիրականացավ, միայն Լ. Դավթյանը հարցաքննվեց եւ, ինչպես ասացինք, այնպիսի ցուցմունքներ տվեց, որոնք կտրականապես հակասում են մյուս վկաների տված ցուցմունքներին։

Չգիտես ինչու Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները գերծանրաբեռնված են, հատկապես՝ նախագահող Ա. Մկրտչյանը, ով դատական նիստ է նշանակում շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ ոչ թե մեկ ամբողջական աշխատանքային օր, այլ երեք կամ, առավելագույնը, չորս ժամ տեւողությամբ։ Այս նիստի ավարտին պարզ դարձավ, որ հաջորդ նիստը տեղի կունենա միայն հուլիսի 31-ին, քանի որ նախագահողը պատրաստվում է մեկամսյա արձակուրդ գնալ։ Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ ըստ օրենքի, նման դեպքում դատավորն իրավունք չուներ գործը վարույթ ընդունել, եթե մտադիր էր արձակուրդ գնալ (Ա. Մկրտչյանը վերջերս է ստանձնել նախագահող դատավորի պարտականությունները՝ նախորդ դատավորի ինքնաբացարկից հետո)։ Դատարանները ծանրաբեռնված են, այս գործն արդեն շուտով մեկ տարին կլրանա, որ դատարան է մտել, սակայն այն դեռ միայն նոր սկսված կարելի է համարել, քանի որ դեռեւս առաջին փուլն անգամ՝ վկաների դատակոչման, չի ավարտվել։

Վկա Լ. Դավթյանը եւս հայտնեց, որ իրենից մի քանի անգամ ցուցմունք են վերցրել։ Ընդհանրապես՝ այս գործով բոլոր վկաներից 5-6 անգամ ցուցմունք է վերցվել, ընդ որում, նրանք յուրաքանչյուր անգամ հարցաքննվել են 5-6 հոգու կողմից, ինչը օրենքի կոպիտ ոտնահարում է։

«Այս ամենի պատճառով գործով անցնող բոլոր վկաները պետք է ճանաչվեն որպես տուժող, օրենքը խախտող պետական պաշտոնյաների նկատմամբ պետք է գործեր հարուցվեն», – սա փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքն է։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը