«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կպաշտպանի նաեւ Հարություն Համբարյանի իրավահաջորդի շահերը

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն այսուհետ կպաշտպանի ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայության ընթացքում մահացած եւս մեկ զինվորի քրեական գործով տուժողի իրավահաջորդի շահերը։

Ս․թ․ մայիսին իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն գործած (պաշտոնական վարկածի համաձայն) Հարություն Համբարյանի հայրը՝ Հրայր Համբարյանը, նման խնդրանքով դիմել է կազմակերպությանը, քանի որ համաձայն չէ նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածի հետ։ «Խաղաղության երկխոսության» փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանն արդեն ներգրավվել է գործում եւ նախաքննության եւ դատաքննության փուլերում կլինի տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ։

2015թ․ մայիսի 8֊ին, ըստ քրեական գործի՝ ժամը 15։15֊ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի զենիթահրթիռային դասակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի 2֊րդ ջոկի հրաձիգ֊հրթիռահար, ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, նույն զորամասի հրամանատարական կետում իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ՎԴ 270297 համարի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետեւանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է։

Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110֊րդ հոդվածի 1֊ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90857616 քրեական գործը, կազմվել է քննչական խումբ։

Մայիսի 21֊ին ձերբակալվել է Դավիթ Հարությունյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359֊րդ հոդվածի 1֊ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ 360֊րդ հոդվածի 1֊ին մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով)։ Միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը, սակայն, դատարանի կողմից քննության առնելուց հետո մերժվել է։ Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն այս բողոքը եւս մերժվել է։ Մեղադրյալ Դ․ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Դ․ Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դեպքից շուրջ 7 ամիս անց այս գործով տարբեր մեղադրանքներ են առաջադրվել Արթուր Սեւումյանին, Հայկազ Մաթեւոսյանին, Հովհաննես Մելքոնյանին, Սմբատ Հայրապետյանին։ Վերջիններս, ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, իրենց լիովին մեղավոր են ճանաչել։

Տուժողի իրավահաջորդը՝ հայրը, ինչպես արդեն նշվել է վերեւում, համաձայն չէ նախաքննական մարմնի կողմից առաջ քաշված ինքնասպանության վարկածին, գտնում է, որ իր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է։ Հրայր Համբարյանը պնդում է, որ անցած առավել քան վեց ամիսների ընթացքում քրեական գործով կատարվել եւ կատարվում է միակողմանի ու կեղծ քննություն, որն ուղեկցվում է քրեական դատավարական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների (բազմակողմանի և օբյեկտիվ քննության) կոպիտ խախտումներով: Հրայր Համբարյանն նման պնդման համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունի, որոնք կներկայացնենք հաջորդիվ։

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը