Դատավորն արհամարհեց իր իսկ որոշումը

Manuchar_Manucharyan

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հերթական երկու դատավարությունները կայացել են փետրվարի 11-ին եւ մարտի 10-ին։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանն է, ում շարադրմամբ ներկայացնում ենք վերոնշյալ երկու դատական նիստերի առավել կարեւոր մանրամասները։

Փետրվարի 11-ի նիստում տուժող եւ պաշտպանական կողմերը միջնորդեցին դատարան հրավիրել ու հարցաքննել գործով կենտրոնական վկա, դեպքի օրը պահակային ծառայության պետի պարտականությունները կատարած կապիտան Արթուր Աբրահամյանին, որին նախաքննական մարմինը միտումնավոր չէր մտցրել դատակոչվածների ցուցակի մեջ։ Դատարանում կապիտանը պետք է պատասխան տար կարեւոր, գործի համար էական նշանակություն ունեցող հարցերի։ Տուժող կողմի համոզմամբ՝ ըստ օրենքի նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր առնվազն երեք հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք եւ պաշտոնեական անգործություն, քանի որ, ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է պնդում, ըստ տեղեկությունների ՝ Մանուչար Մանուչարյանի սպանության պահին կապիտան Ա. Աբրահամյանը եղել է դեպքի վայրում։ Մեկ այլ տեղեկության համաձայն, այդ օրն առավոտից նա եղել է հարբած վիճակում։ Տուժող կողմը չի բացառում, որ հենց նա էլ սպանել է Մանուչարին։

«Դատավարության ողջ ընթացքում դատախազության ցուցումները կատարող դատավոր Մկրտչյանը մերժեց նրան որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը՝ առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության», – ասում է Ռ. Մարտիրոսյանը։ Կողմերը միջնորդեցին նաեւ, որպեսզի դատարան հրավիրվի համար 228/14 փորձագիտական եզրակացության համահեղինակ, դատահոգեբան Էլդա Գրինը։ Հենց վերջինիս եզրակացության հիման վրա է նախաքննական մարմինը գործը որակել որպես ինքնասպանություն. «…ինքնասպանություն գործելը պայմանավորված է Ա. Ստեփանյանի եւ Բ. Գաբոյանի հակաօրինական գործողություններով», – մեջբերում է վերոնշյալ եզրակացությունից։ Այս եզրակացությունը կողմերի մոտ վստահություն չի ներշնչում հետեւյալ պատճառներով. այն հիմնված է ընդամենը մեկ անձի՝ Լիբիկ Մկրտչյանի ստահոդ ցուցմունքների վրա, ինչի փաստը բացահայտվեց դատարանում, որտեղ Մկրտչյանը, ըստ էության, ճնշման տակ մասամբ փոխեց իր ցուցմունքները։ Բացի այդ, այս վկայից բացի գործով ցուցմունք տված մյուս վկաները նշել են, որ դեպքի օրը Մ. Մանուչարյանը ունեցել է նորմալ տրամադրություն, ավելին, վկաներից մեկը՝ Հովհաննես Միքայելյանը, ցուցմունք է տվել, որ դեպքից շուրջ մեկ ժամ առաջ Մանուչարի հետ պահակակետում անեկդոտներ էին պատմում։ Մինչդեռ դատահոգեբանն, այս վկաների ցուցմունքները բացարձակապես անտեսելով, գրել է, թե իբր Մ. Մանուչարյանը դեպքից առաջ եղել է հուսահատված, շփոթված, նրան համակել է անելանելիության զգացումը, ստրեսը «…որպիսիք էապես ազդել են նրա գիտակցության եւ վարքի վրա»։

«Այս եզրակացությունը անհիմն է նաեւ այն պատճառով, որ ծառայության ընթացքում Մ. Մանուչարյանը երբեւիցե անելանելի վիճակում չի գտնվել. Երեւանում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորում էր նրա ավագ եղբայրը, ով մշտական կապի մեջ էր նրա հետ, քաջատեղյակ էր նրա ծառայության մանրամասներին եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ էր օգնության գալ, սատարել», – նշում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Փորձագետին դատարան հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ իր եզրակացության մեջ նա ներկայացնում է դատաբժշկական տերմիններ, որոնք ունեն մասնագիտական պարզաբանման կարիք, ինչպես, օրինակ, «ասոցիալ ինքնասպանություն» կամ «աֆեկտիվ ինքնասպանություն» տերմինները։ Ընդհանրապես, ընդունված կարգ է, որ փորձագետները սովորաբար հրավիրվում են դատարան եւ հարցաքննվում։ Նախագահող դատավորն ու գործով մեղադրող Ամիրյանը, դեմ էին Է. Գրինին դատարան հրավիրելուն եւ նման որոշում էլ կայացվեց՝ չնայած կողմերի համառ պահանջներին ու միջնորդություններին։

Դեռեւս նախորդ նիստերում տուժող կողմը միջնորդել էր, որպեսզի իրեն տրամադրվի թիվ 13-2459 համակարգչատեխնիկական եզրակացությանը կից թվով 13 լազերային տեսասկավառակները, որոնք հանդիսանում էին զորամասի տարածքի 13 տեսախցիկներով սպանության ու նախորդ օրվա (հուլիսի 30-31-ի) տեսանկարահանումները։ Դրանք թույլ կտային տուժող կողմին ապացուցել, որ Մ. Մանուչարյանին սպանել են, քանի որ դրանցում նկարահանված է նաեւ թիվ 5 պահակային աշտարակը եւ դրան հարակից տարածքը։ Մեղադրող կողմն էլ, իր հերթին, ներկայացնելով այդ տեսանյութերը, դրանց համապատասխան պարունակության դեպքում կարող էր հիմնավորել, որ տուժող կողմի ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական փուլում պնդումները, որ Մ. Մանուչարյանին սպանել են, իրականությանը չեն համապատասխանում։ Նախագահող Ա. Մկրտչյանը, հայտարարել էր անգամ, որ պետք չէ անհանգստանալ, որ խոստանում է այդ տեսանյութը տրամադրել։ Փետրվարի 11-ի նիստում մեղադրող Ամիրյանը դատարանին ցուցադրեց այդ տեսասկավառակները՝ միաժամանակ հայտարարելով, որ չի կարող դրանց պատճեները տրամադրել տուժող կողմին։ Նշված սկավառակների հետ նա բերել էր գրություն, որտեղ, ըստ երեւույթին, հենց իր կողմից կատարված հարցման պատասխանն էր, համաձայն որի՝ զորամասի հրամանատար Ռ. Գաբրիելյանը գրում է. «Զորամասի հրամանատարությունը դեմ է Ձեր կողմից ներկայացվող տեսագրությունների տրամադրմանը որեւէ անհատի՝ քանի որ նշված տեսագրություններում արտացոլվում են օրվա կարգացուցակի էլեմենտները, զորամասի տարածքում գտնվող օբյեկտների տեղակայումը, ինչպես նաեւ ռազմական գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ»։ Այս գրությունը, տուժող կողմի համոզմամբ, գրվել է Ամիրյանի, նրա վերադասների հրամանով, սակայն պետք է հաշվի առնել, որ տուժող կողմը անհատ չէ, այլ իրավաբանական անձ։ Տուժող կողմի համար հասկանալի է, ամիսներ առաջ էլ համոզված էր, որ տեսասկավառակները չեն տրամադրվի, քանի որ կատարվածը դիտավորյալ սպանություն է եւ տեսանյութում պարզորոշ կերեւա, թե ովքեր են սպանողները, իրականությունն անմիջապես կբացահայտվեր։ Առաջարկվեց ստորագրել պարտավորություն դրանց չհրապարակման վերաբերյալ, սակայն նախագահողը փորձում էր համոզել, որպեսզի նշված տեսանյութերը դիտվեն դատարանի նիստերի ժամանակ։ Հաշվի առնելով, որ այդ տեսանյութերում 221 ժամ տեսանյութ է պարունակվում, յուրաքանչյուր նիստն էլ տեւում է ոչ ավելի, քան 3 ժամ, ուրեմն դրանք կուսումնասիրվեին 73 նիստերի ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ նիստերը մոտավորապես ամիսը մեկ անգամ են կայանում, ուրեմն, համաձայն նախագահողի առաջարկի, պետք է 6 տարի դատաքննություն շարունակվեր միայն տեսանյութը դիտելու համար։

Տուժողի իրավահաջորդը դեռեւս դատաքննության սկզբում հայտարարել էր, որ կատարվածն սպանություն է. քննիչի կողմից կատարված հագուստների զննման արձանագրության մեջ նշվում է, որ Մ. Մանուչարյանի աջ ոտքի հետնամասում առկա է 5մմ տրամաչափի անցք, որի շուրջն առկա են այրվածքի հետքեր, ինչը, սակայն, նկարագրված չէր փորձաքննության եզրակացությունում։ Նշված մեխանիկական վնասվածքը խիստ բնորոշ է 5,45մմ տրամաչափի ԱԿ ինքնաձիգից արձակված կրակոցի հետքի։ Եթե նախկին նիստերի ժամանակ այս հայտարարությանն ի պատասխան դատավորը միայն հայտարարում էր, որ դա ընդամենը ենթադրություն է, ապա այս նիստում միջնորդությամբ բացվեց հագուստի փաթեթը եւ դատարանին ցույց տրվեց նշված վնասվածքը, ինչը ենթադրում է, որ փորձագետը կամ փորձագետները կատարել են պաշտոնական կեղծիք՝ չանդրադառնալով դրան։ Տրամաբանական շարունակությունը՝ միջնորդություններ.

  1. Նշված տաբատն ուղարկել կրկնակի փորձաքննության այլ փորձագիտական կենտրոն
  2. Դատարան հրավիրել թիվ 27151303 եզրակացության հեղինակներին։

Դատարանը որոշում կայացրեց դատարան հրավիրել դատահետքաբան Մ. Հարությունյանին, սակայն, ինչպես պարզվեց մարտի 10-ի նիստի սկզբում, նախագահողը ինչ-ինչ պատճառներով, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ինքն իր որոշումը խախտելով, կողմերից գաղտնի եւ նրանց հետ չհամաձայնեցնելով, դատարան է հրավիրել ոչ թե դատահետքաբանին, այլ դատաձգաբան Ա. Համբարձումյանին։ Ռուբեն Մարտիրոսյանի բողոքին ի պատասխան, որ սա կեղծիք է, որ դատավորը խախտել է իր իսկ կայացրած որոշումը, նախագահողն ասաց. «…Համբարձումյանը սպառիչ պատասխան կտա ձեր բոլոր հարցերին, դուք դրանում կհամոզվեք»։ Նկարագրվածից բխում է, որ նախագահող դատավորն արդեն իսկ գաղտնի հանդիպում է ունեցել փորձագետի հետ, սպառիչ պատասխաններ ստացել եւ ենթադրում էր, որ բոլորն էլ կհամոզվեն դրանում։ Ցանկացած հարցաքննություն ունենում է նախապատրաստական փուլ, պետք է մանրակրկիտ պատրաստվել դրան։ Կողմերը պատրաստվել էին հարցաքննել մեկ մարդու, սակայն բոլորովին այլ վկա է ներկայանում դատարան։ Բողոքներն արդյունք չունեցան։ Երկրորդ առաջարկը, ըստ որի պատրաստվել է պետք եւ տուժող կողմը միջնորդում է թեկուզ 15 րոպե ժամանակ տրամադրել դատաձգաբանի հարցաքննությանը նախապատրաստվելու համար, վերհիշել, թե ինչ է նա ասել իր եզրակացությունում՝ նախագահողը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը եւ նախազգուշացրեց, որ շարունակելու դեպքում կպատժի՝ դուրս հրավիրելով։ Դատաձգաբանի ցուցմունքներից պարզ դարձավ միայն, որ նա հրազենային կրակոցի հետքեր հայտնաբերելու նպատակով Մ. Մանուչարյանի տաբատի հետազոտություն չի կատարել, անհայտ պատճառներով։ Չնայած դրան՝ դատարանը մերժեց նաեւ կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն կատարելու միջնորդությունը։ Այնուհետ թույլ չտվեց միջնորդություն անել, որ դատահետքաբանին հրավիրելու իր իսկ կայացրած որոշումը կատարվի։

Լազերային սկավառակների հետ կապված փետրվարի 11-ին որոշում էր կայացվել դիմել պաշտպանության նախարարություն, հարցում անել, թե արդյո՞ք պետական գաղտնիքներ դրանք պարունակում են դրանք, թե՞ ոչ։ Մարտի 10-ի նիստում դատավորը հայտնեց սակայն, որ ՊՆ-ից դեռեւս պատասխան չի ստացել։

  • 0

  • Տվյալների բազա


  • © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը