ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն ընդունեց «Խաղաղության երկխոսություն» բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի որոշման

Լուսանկարը՝ http://www.epress.am/ կայքից։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր ապրիլի 25֊ի որոշմամբ վարույթ է ընդունել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի 11.03.2016թ. որոշման, որով մերժվել էր ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 09-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջը։

Ըստ «Խաղաղության երկխոսության» շահերը դատարանում ներկայացնող իրավաբաններ Արթուր Սուքիասյանի եւ Մուշեղ Շուշանյանի՝ վերաքննիչ բողոքի դատավարական իրավունքի խախտումների քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներից է այն, որ դատարանը քննել է հրամանի վերոհիշյալ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին դիմում, սակայն վիճարկվող հրամանի կայացման համար հիմք հանդիսացած վարույթի նյութերը վարչական գործում բացակայում են: Դատարանի եզրահանգումները և հետևությունները հիմնված չեն վարչական վարույթի նյութերի վրա: Դատարանը մերժել է նաեւ ապացույց պահանջելու մասին հայցվորի միջնորդությունը` դրանով հայցվորին զրկելով իր պահանջը և դիրքորոշումը լիարժեք ձևով ներկայացնելու հնարավորությունից։ Վարչական դատարանի որոշմամբ անտեսել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու հստակ սահմանը․ որպես դիմումը մերժելու հիմնավորում դատարանը նշել է. « … հաշվի առնելով այն բնագավառը (ռազմական), որին առնչվում են 42-րդ և 43-րդ կետերով նշված տեղեկությունները, այդ տեղեկությունների բնույթը, դատարանը գտնում է, որ կոնկրետ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում դրանք կարող են իրենցից ներկայացնել այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումն օբյեկտիվ իրականության մեջ սպառնալիք կպարունակի Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»:

Նշվածը վտանգում է օրինականության պահպանման պահանջը և տալիս է կամայականություն դրսևորելու լայն հնարավորություններ: Ստացվում է, որ ցանկացած վարչական մարմին կարող է անտեսել օրենքի պահանջները, օրենսդրական կարգավորումները և օրենքով սահմանված սահմանափակումները և առաջնորդվելով իր ընկալումներով, իր պատկերացրած անհրաժեշտությամբ` հանրային շահի քողի ներքո, կամայականորեն սահմանափակել անձանց իրավունքները և ազատությունները: Դատական ակտում այս առթիվ կատարված հետևությունները, ըստ Ա․ Սուքիասյանի եւ Մ. Շուշանյանի, հիմնազուրկ են, քանի որ վարչական գործում չկա որևէ տեղեկություն Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական իրադրության, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար սպառնալիքի առկայության մասին: Նման եզրահանգումներ կատարելը կլիներ իրավաչափ, եթե դատարանը սույն վարչական գործը քններ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանը կայացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հիման վրա և այդ փաստաթղթերում առկա լինեին տեղեկություններ դատարանի կողմից նշված ռազմաքաղաքական իրադրության, անվտանգության համար սպառնալիքի մասին:

Դատարանը որոշումը կայացրել է վարչական գործում համապատասխան տեղեկությունների բացակայության պարագայում` այդպիսով կայացնելով որևէ հիմնավորում չունեցող դատական ակտ, որում իսպառ բացակայում է որևէ պատճառաբանություն, թե գաղտնագրված տեղեկություններն ինչպես կարող են ազդել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական իրադրության վրա կամ սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Ի թիվս այլ խախտումների, որ վարչական դատարանը թույլ է տվել դատաքննության ընթացքում և պահանջը մերժելով, հայցադիմումում նշվում է, որ դատարանը խախտել է հայցվորի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը․ այս հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքն, ի թիվս այլ իրավունքների, ներառում է նաև տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:

Լուսանկարը՝ http://www.epress.am/ կայքից։

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը