Մանուչար Մանուչարյանի գործը կքննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2024 թվականի հունվարի 29-ի էլեկտրոնային նամակում հաստատել է, որ քննելու է Մանուչար Մանուչարյանի մահվան գործը։
2013թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ 24923 զորամասում մահացած (պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն) Մանուչար Մերուժանի Մանուչարյանի եղբայրը՝ տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանը, եղբոր մահվան գործով հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո 2019 թ.-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի աջակցությամբ հայցադիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պատրաստած հայցում նշվում է, որ ըստ դիմողի` պատասխանող կառավարությունը չի կատարել իր բացառիկ վերահսկողության ներքո գտնվող տարածքում՝ զորամասում, Մ. Մանուչարյանի կյանքի պաշտպանության իր պարտավորությունը, այնուհետեւ չի կատարել եղբոր մահվան փաստով արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը՝ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռ. Մարտիրոսյանը մի շարք խախտումներ էր հայտնաբերել գործի նախաքննության եւ դատաքննության փուլերում։ Մասնավորապես` փորձաքննությանը ներկայացված ԱԿՍ տեսակի թիվ 1119879 ինքնաձիգի, որով իբր ինքնասպանություն է գործել Մ. Մանուչարյանը, և ինքնաձիգին ամրացված պահունակի վրա հետագա համեմատական հետազոտություն և նույնացում կատարելու համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Այս փաստի ուղղությամբ որևէ քննություն չի կատարվել, իսկ դատարանները դրան որևէ գնահատական չեն տվել։
Վկաներ Ա․ Աբրահամյանի և Ա․ Սահակյանի` դատարանում տրված ցուցմունքներն այն մասին, որ իրենց նախաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում և տրվել են հարկադրանքի ազդեցությամբ, պատշաճ գնահատականի չեն արժանացել դատարանների կողմից և հիմք են ընդունվել։
Մ․ Մանուչարյանի մարմնի վրա հայտնաբերված տարբեր վնասվածքների (հետմահու եւ մահվանից կարճ ժամանակ առաջ հասցված) վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից ոչ մի քննություն չի իրականացվել դրանց պատճառման հանգամանքները, պատճառող անձին/անձանց պարզելու ուղղությամբ, իսկ առաջին ատյանի դատարանը այս փաստին որևէ գնահատական չի տվել։
Մ. Մանուչարյանի տաբատի աջ ոտքի հետևի մասում առկա է հրազենային գնդակի վնասվածքին բնորոշ 5մմ տրամագծով անցք, սակայն դատաձգաբան փորձագետների եզրակացության եզրափակիչ մասի համաձայն՝ Մ. Մանուչարյանի զինվորական անդրավարտիքի վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել։
2016թ.-ին արդեն դատական նիստի ընթացքում զննության է ենթարկվել Մ․ Մանուչարյանի զինվորական տաբատը, որի վրա առկա է եղել 2013թ.-ին հագուստի զննում կատարելու վերաբերյալ արձանագրության մեջ նկարագրված 5մմ տրամագծով, եզրերը այրվածքի հետքերով անցքը: Այդուհանդերձ, դատական նիստին հարցաքննված դատաձգաբան-փորձագետ Ա. Համբարձումյանը հայտնել է, որ Մ. Մանուչարյանի հագուստի փորձաքննության ժամանակ տաբատի վրա հրազենային բնույթի վնասվածքներ իր կողմից չեն հայտնաբերվել։
Ելնելով փաստից, որ տաբատի այլ մասերում բացակայում է գնդակի ելքի անցքը, տուժող կողմը համոզմունք է հայտնել, որ գնդակը մնացել է Մ. Մանուչարյանի աջ ոտքի մեջ և արտաշիրմամբ է հնարավոր պարզել այդ հանգամանքը։ Դատարանի որոշմամբ, սակայն, մերժվել է թե՛ տաբատի կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու, թե՛ արտաշիրմում կատարելու վերաբերյալ միջնորդությունը։
Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ.-ին մերժել է դիմողի բողոքը՝ չանդրադառնալով վերաքննիչ բողոքում բերված փաստարկներին, սակայն նշելով, որ դրանք անհիմն են և հերքվել են գործով ձեռք բերված ապացույցներով: Իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը։
Ավելացվել է 27 February, 2024