Տուժողին առաջարկվում է հանցագործության մասին ցուցմունք տալ այդ հանցանքը կատարած քննիչին

suren_grigor

Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի կրկնակի սպանության գործից մաս է առանձնացվել, որը պետք է ուղարկվի դատաքննության։ Այս մասին մարտի սկզբին նախաքննական մարմինը նախ բանավոր, ապա գրավոր տեղեկացրեց։ Ըստ տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ այս որոշումն անօրինական է. «Այն իր հիմքում հանցավոր է, քանի որ հակասում է քր. դատ. օր-ի 28-րդ հոդվածի 2-րդ մասի (Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա) պահանջին, համաձայն որի՝ անհրաժեշտ է պահպանել քրեական գործի լրիվությունը և օբյեկտիվությունը», – պնդում է նա:

Ըստ էության, նախաքննական մարմինն իր այս որոշմամբ մեկ ընդհանուր հանցագործությունը, որը տեղի է ունեցել միևնույն օրն ու ժամին, միևնույն վայրում, միևնույն խմբի կողմից, ապօրինի կերպով տարանջատում է՝ փորձելով կոծկել երկու զինծառայողների սպանությունների իրական դրդապատճառները և կատարողներին: Կրկնակի սպանությունից հետո «ներկայացած» Դավիթ Դումիկյանի «ինքնախոստովանական» ցուցմունքները նախաքննական մարմինը կամայականորեն է մեկնաբանում՝ համարելով, որ զինծառայողներից մեկի սպանության մասին նրա ինքնախոստովանությունը ճիշտ է, մյուս զինծառայողի սպանության դեպքում՝ անարժանահավատ։ Նախաքննական մարմինն «ապացուցված» է համարել, որ Գրիգոր Ավետիսյանին սպանել է Դումիկյանը, ապացուցված չի համարել, որ նա սպանել է նաև Սուրեն Արամյանին, այդ իսկ պատճառով անջատել է Գրիգոր Ավետիսյանի սպանության մասը և փորձում է ուղարկել դատարան:

Նրան, որ Դումիկյանը ինքնախոստովանական ցուցմունք տալուց անմիջապես հետո հրաժարվել է դրանից եւ մինչ այժմ պնդում է, որ դրանք իրենից կորզվել են՝ անդրադարձել ենք նախորդ անգամ։

Ռուբեն Մարտիրոսյանը նախաքննական մարմնի կողմից կատարվող եւս մի հանցագործությունն է մատնանշում. ՀՀ քր. դատ. օր.-ի 59-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տուժող կողմն իրավունք ունի միջնորդել և ստանալ գործով եզրափակիչ որոշման պատճեն: Նույն հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ իրավունք ունի բողոքարկել նշված որոշումը, սակայն, տվյալ դեպքում անկարող է դա անել, քանի որ, չնայած միջնորդություններին և պահանջներին, նախաքննական մարմինը հրաժարվում է տրամադրել որոշման պատճեն՝ տուժող կողմին զրկելով որոշումը բողոքարկելու իրավունքից։

Չնայած վերը նշված բացահայտ ապօրինությունների, պաշտոնական կեղծիքի, պաշտոնական դիրքի չարաշահման մասին տուժող կողմի բազմաթիվ բողոքներին (հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ուղարկել ամենատարբեր ատյանների, այդ թվում՝ ՔԿ, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, վարչապետին, Սերժ Սարգսյանին)՝ առ այսօր ՔԿ ղեկավարները չեն ցանկանում, որպեսզի տուժողի իրավահաջորդ Հերմոն Ավետիսյանը ցուցմունք տա անգամ իր աչքերով տեսած հանցագործության շուրջ. առաջարկվում է ցուցմունք տալ այն քննչական խմբին, որի երեք անդամներից մեկն անձամբ այդ հանցագործության հեղինակն է։

Ստորեւ մեջբերում ենք մի հատված տուժող կողմի բողոքներից, հանցագործության մասին հաղորդումներից։

«Կրկնակի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Դ. Դումիկյանը ցուցմունք է տվել, որ դեպքից 1-1,5 ժամ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել հանգուցյալ Դ. Ավետիսյանի և զինծառայող Հակոբ Գևորգյանի միջև, ինչը հաստատվում է նաեւ տուժող կողմին այլ աղբյուրներից հասած տեղեկություններով։ Նախաքննական մարմինն ամեն կերպ փորձում է կոծկել փաստը, որ դեպքից 1-1,5 ժամ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել հանգուցյալ Դ. Ավետիսյանի և զինծառայող Հակոբ Գևորգյանի միջև (ով, մեր համոզմամբ, կրկնակի սպանության ակտիվ մասնակիցներից մեկն է): Ավելին՝ փորձում է կեղծ ցուցմունքներով «ապացուցել», թե իբր Հ. Գևորգյանը դեպքի պահին եղել է քնած և հենց այդ վիճակում էլ ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, մինչդեռ, համաձայն համար 16551603 փորձագիտական եզրակացության, նա դեպքի ժամանակ իր ինքնաձիգով արձակել է կրակոցներ։

Դրա, ինչպես նաեւ այն մասին, որ սպանությունից առաջ վիճաբանություն, բախում է տեղի ունեցել, վկայում է նաեւ այն, որ Հակոբ Գևորգյանը եւ Արեգ Բաղդասարյանը երկուսն էլ ոտքի թաթի շրջանում հրազենային վնասվածք են ստացել։ Գրիգոր Ավետիսյանի զենքից 7 կրակոց է արձակվել, Սուրեն Արամյանի զենքից էլ է կրակվել, առնվազն 4 կրակոց՝ Սաշիկ Առաքելյանի զենքից, այն դեպքում, երբ ըստ քննիչի բանավոր հայտնածի՝ Սաշիկ Առաքելյանը վատառողջ լինելու պատճառով մարտական հենակետից տեղափոխվել է հոսպիտալ դեպքից առաջ։ Անհասկանալի է մնում, թե որտեղ է նա եղել դեպքի ժամանակ եւ ով է կրակոցներ արձակել նրա զենքից։

Նախաքննական մարմինը 10 ամիս շարունակ կալանքի տակ է պահում Դավիթ Դումիկյանին՝ նրան մեղադրելով երկու զինվորների սպանության մեջ, մինչդեռ նա սպանության հետ ոչ մի կապ չունի։

Նախաքննական մարմինը փորձում է «ապացուցել», իբր դեպքի պահին հանգուցյալ Գ. Ավետիսյանը կրակոցներ է արձակել, սակայն որևէ կերպ չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ո՞վ է նրա սպանությունից հետո նրան ամրակցված ինքնաձիգի վրա տեղադրել փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով։

Նախաքննական մարմինն ապացուցված է համարել, իբր հանգուցյալ Սուրեն Արամյանին սպանել են, երբ նա նստած է եղել վրանի մեջ, սակայն որևէ կերպ չի բացատրում այն փաստը, որ դեպքի ժամանակ նրա զենքից արձակվել է կրակոց։

Մեր կողմից նշված թիվ 16551603 փորձագիտական եզրակացության հեղինակներ Ա. Համբարձումյանը և Կ. Աբրահամյանը, զննելով Գ. Ավետիսյանի և Ս. Արամյանի հագուստը, դրանց վրա հայտնաբերել են տարբեր մեխանիկական վնասվածքներ, սակայն իրենց եզրակացության «Հետևություններ» բաժնում այս վնասվածքների մասին լռում են՝ ըստ էության տալով ակնհայտ կեղծ հանցավոր եզրակացություն, չպատասխանելով քննիչի թիվ 17 և թիվ 22 հարցերին։ Տուժող կողմի համոզմամբ՝ այս կեղծիքն արդյունք է փորձագետների և նախաքննական մարմնի հանցավոր համաձայնության, քանի որ վերջինիս կողմից համառորեն մերժվում են հանգուցյալների հագուստը դատահետքաբանական փորձաքննության ուղարկելու տուժող կողմի միջնորդությունները։

Տուժող կողմի միջնորդությունը, որպեսզի օրենքի համաձայն տուժողի իրավահաջորդ Հերմոն Ավետիսյանի «հաղորդում հանցագործության մասին» գրությունը քննության առնվի ՀՔԾ-ի կողմից առ այսօր մնում է անպատասխան»։

«Բոլոր պատկան մարմինները տեղյակ են կատարվածի մասին եւ նրանց անգործությունը կարող է նշանակել միայն, որ այս ամենը կատարվում է ամենաբարձր հովանավորչությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների գիտությամբ եւ ցուցումով», – ասում է Ռ. Մարտիրոսյանը։

Պետք է նշել, որ նախաքննական մարմնի կողմից կատարվող այս անօրինականությունները թելադրված են «սուր անհրաժեշտությամբ». ապրիլի 6-ին լրանում է Դումիկյանին կալանքի տակ պահելու վերջնաժամկետը։ Քր. դատ. օր-ի 138 հոդվածի համաձայն՝ կալանքի տակ պահվող կասկածյալին մեկ տարուց ավելի կալանքի տակ պահել չի նախատեսվում։ 20 օրից լրանում է այդ ժամկետը, եւ Դումիկյանի ազատ արձակմամբ գործը կամ պետք է փլուզվի, կամ այն՝ լի հակասություններով եւ անհեթեթություններով, շուտափույթ պետք է ուղարկվի դատարան։ Ընտրվել է, ըստ երեւույթին, երկրորդ տարբերակը։ Այդ է պատճառը, որ տուժողների իրավահաջորդներին չեն տրամադրվում օրենքով նախատեսված տեղեկությունները, որոշումների պատճեները, որպեսզի միջնորդություններ անելու հնարավորություն չտան, նաեւ բանավոր հայտնվել է, որ 7 հատորանոց գործին ծանոթանալու եւ միջնորդություններ անելու համար մեկ շաբաթ է տրամադրվելու, ինչը ծավալուն գործին ծանոթանալու, առկա հակասությունները վերլուծելու, միջնորդություններ անելու համար ողջամիտ ժամկետ չէ։

Իսկ գործում առկա, մեղմ ասած, անհարթություններն ու այն, որ դրանք կարող են հանկարծ բարձրաձայնվել, նախաքննական մարմնին առանձնապես չեն հուզում. այս եւ նախկինում կոծկված բանակային սպանությունների բոլոր գործերի համար հատկանշական է, որ նախաքննական եւ դատաքննական մարմինները գործում են լիակատար անպատժելիության պայմաններում՝ համոզված, որ կատարած կամայականությունների համար չեն պատժվելու։ Ավելին՝ փորձը ցույց է տալիս, որ լավագույն կեղծարարները կարող են «պարգեւատրվել» ծառայողական սանդուղքով առաջխաղացմամբ, պաշտոնի բարձրացմամբ։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը