ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Statement: David Dumikyan

Երեք օր առաջ` 23.06.2017, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին, որպեսզի քննություն կատարվի հետևյալ «փաստով»․ Նուբարաշեն ՔԿ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի (մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայության ընթացքում երկու համածառայակիցների սպանության մեջ) խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել Դ. Դումիկյանին՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար, ընդ որում, քննիչ Թունիյանը, ստանձնելով դատավորի դեր, քր. գործի նյութերից «պարզել» է, իբր հենց Դումիկյանն է սպանել Հերմոն Ավետիսյանի որդուն՝ Գրիգորին։ Քննիչը մեզ անհայտ ճանապարհով «պարզել» է նաև, իբր սպանվածի հայրը «համոզված» է, որ իր որդուն սպանողը հենց Դ. Դումիկյանն է, այդ պատճառով էլ, ըստ քննիչի ակնարկների, պատվիրել է որդուն սպանողի սպանությունը։

Հիշեցնենք, որ 06/04/2016թ.-ին ՀՀ ՊՆ 75937 զ/մ-ի առաջին մարտական կրակակետում սպանվել են ՀՀ ՊՆ 28418 զ/մ-ի ժամկետային զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանը եւ Սուրեն Արամյանը։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռ. Մարտիրոսյանի խոսքերով, գործով կատարվել և կատարվում է միակողմանի, կեղծ քննություն։ Դրա արդյունքը դարձավ այն, որ 04/03/2017թ.-ին նախաքննական մարմինը գործով կայացրեց ապօրինի որոշում՝ գործից մաս անջատելու և այն դատարան ուղարկելու վերաբերյալ: Միաժամանակ, նույն մարմինը շարունակում է քննություն կատարել Սուրեն Արամյանի սպանության գործով։

Դատարան ուղարկված գործով Գ. Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվում է Դավիթ Դումիկյան անուն-ազգանունով նախկին զինծառայողն, ով տուժողի իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի խորին համոզմամբ բացարձակապես անմեղ է, սպանություն չի կատարել։

Այս մասին տուժող կողմը բազմիցս նշել է իր դիմումներում (տես՝ 1, տես՝ 2)՝ պահանջելով կատարել նոր քննություն, ի հայտ բերել մարդասպանների խմբին և ենթարկել պատասխանատվության։ Ավելին, քր. գործը դատարանից ետ բերելու միջնորդությամբ սույն թվականի մայիսի սկզբին տուժող կողմը դիմել է գլխավոր դատախազին և, եթե միջնորդությունը բավարարվի, ապա Դ. Դումիկյանն անմիջապես, ըստ օրենքի, կալանքից ազատ կարձակվի։

Փաստերի համադրությամբ հասկանալի է դառնում, որ Խաչատուր Զոհրաբյան անունով անձն, ինչ-որ մեկի ցուցումով, ակնհայտ կեղծ հաղորդում է տվել։ Տուժող կողմը համոզված է, որ այս կեղծիքը տրամաբանական շարունակությունն է երկու զինվորների սպանության կեղծման և, որ պատվերն ստացվել է ՔԿ-դատախազություն համակարգի հանցավոր ղեկավարներից: Փաստերի վերլուծությունից հասկանալի է դառնում նաեւ, որ այս գործողությունն ուղղված է ոչ թե սպանված զինվորի հոր, այլ Դ. Դումիկյանի դեմ․ նա կտրականապես հրաժարվում է իր վրա վերցնել ուրիշների կատարած սպանությունները։ «Խաղաղության երկխոսություն»-ը գտնում է, որ այս կերպ փորձ է կատարվում ճնշում գործադրել Դ. Դումիկյանի վրա, ահաբեկել անպաշտպան զինվորին, ստիպել, որպեսզի խոստովանի իր չկատարած հանցանքը։

Անհանգստացած ենք, որ եթե Դ․ Դումիկյանը չկատարի հանցավոր այս պահանջը, ապա իրոք կարող է սպանվել, սակայն ոչ թե սպանվածի հոր՝ Հ. Ավետիսյանի, այլ գործը կոծկել ցանկացողների հրամանով։
Ելնելով վերոհիշյալից՝ հայտարարում ենք, որ եթե Դումիկյանի հետ որևէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց նշված իշխանությունների, դրա մասը կազմող կոնկրետ անձանց վրա։

«Խաղաղության երկխոսություն» հկ

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը