2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում մահվան դեպքերի վիճակագրություն

ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում գրանցված մահվան ելքով դեպքերի շարունակական մոնիտորինգի արդյունքում այս տարվա կիսամյակային զեկույցից հետո՝ 2017թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մահվան ելքով եւս 10 միջադեպ է գրանցվել։ Տարվա սկզբից, ընդհանուր առմամբ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել զինվորների մահվան 45 դեպքի մասին, որից 19-ը տեղի է ունեցել ՀՀ, 26-ը՝ ԼՂ տարածքում։

Գրանցվել է 4 սպանության, 8 ինքնասպանության դեպք, 20-ը հրադադարի ռեժիմի խախտման, 5-ը՝ դժբախտ պատահարների, երկուական դեպք՝ անփութության, առողջական խնդիրների եւ անվտանգության կանոնների խախտման արդյունք է, եւս երկու դեպքում զինծառայողների մահվան պատճառն առայժմ պարզ չէ։ Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։

 

Հրադադարի ռեժիմի խախտում

Գարիկ Վարդանյան (15 հունվարի, Տավուշի մարզ)

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Նույն միջադեպի, դիվերսիոն ներթափանցման արդյունքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Անդրանիկ Մուսիկյան  (18 հունվարի, ԼՂ)

Կարեն Ուլուբաբյան  (22 հունվարի, ԼՂ)

Գոռ Գարեգինյան  (6 փետրվարի, ԼՂ)

Գեղամ Մանուկյան  (8 փետրվարի, ԼՂ)

Նվեր Բաբաջանյան  (1 մարտի, ԼՂ)

Նարեկ Հարությունյան  ( 24 մարտի, ԼՂ)

Արտակ Ռաֆայելյան  (28 մարտի, ԼՂ)

Գոռ Հովհաննիսյան  (31 մարտի, ԼՂ)

Մհեր Արզումանյան  (28 ապրիլի, ԼՂ)

Կարեն Դանիելյան  (20 մայիսի, ԼՂ)

Արմեն Հարությունյան  (26 մայիսի, ԼՂ)

Արայիկ Մատինյան  (16 հունիսի, ԼՂ)

ժամը 18:05-ի սահմաններում Ադրբեջանը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (երեքն էլ 1997թ. ծնված):

Վիգեն Պետրոսյան  (16 հունիսի, ԼՂ)

Վարդան Սարգսյան   (16 հունիսի, ԼՂ)

Նարեկ Գասպարյան  (17 հունիսի, ԼՂ)

Վազգեն Պողոսյան (10 հուլիսի, ԼՂ)

Արման Մովսիսյան (14 օգոստոսի, ԼՂ)

Արտակ Բիշարյան   (27 օգոստոսի, ԼՂ)

Սեյրան Սարգսյան  (28 սեպտեմբերի, ԼՂ)

 

Սպանություն

Արայիկ Սարգսյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի որամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանը հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել», -նշված է Քննչականի հայտարարության մեջ։

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ձերբակալված զինծառայողի անունը չի նշվում։

Գուրգեն Սարգսյան (Մարտի 1, Երեւան)

ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, եւ անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, եւ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գագիկ Մեսրոպյան (10 մայիսի, Տավուշի մարզ)

2017 թվականի մայիսի 10-ի վաղ առավոտյան պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր  հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Վարդան Գրիգորյան (17 օգոստոսի, Տավուշի մարզ)

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։

Տավուշի մարզում օգոստոսի 17-ին այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին եւ ծառայակիցը՝ Ա. Լալայանը: Նա կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին․ իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ խնջույքի մասնակցելուց հետո նա իր զոհի մեքենայով ուղեւորվել Ներքին Կարմիրգյուղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, նրան դրել է ավտոմեքենայի մեջ, ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից եւ արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան: Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կայազորի քննչական վարչություն: Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի՝ մեկ երեխայի հայր։

Ինքնասպանություն

Շավարշ Գալստյան  (25 հունվարի, ՀՀ)

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 25-ին, ժամը 08:50-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը», ֊ նշում է Քննչական կոմիտեն։

Նախ նշվեց, որ դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել 110֊րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), սակայն Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը):

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

Լեռնիկ Օսյան (18 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի  պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Կարեն Ավետիսյան (25 ապրիլի, ԼՂ)

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ. Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Մելիք Խաչատրյան (1 հունիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ. Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

ՀՀ ՔԿ-ն հաղորդում է, որ հունիսի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Գրիշա Կարապետյան (17 հունիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էքրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ:

2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարդան Մելքոնյան (23 հուլիսի, Երեւան)

Հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ  ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն:

Ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Աբաս Սլոյան (13 օգոստոսի, Շիրակի մարզ)

Հացիկ գյուղի տներից մեկի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի զինծառայողի դի։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանը օգոստոսի 13-ի առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։ Գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նրա դին՝ կախված վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մաս ի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Անդրանիկ Մկրտչյան (20 օգոստոսի, ՀՀ)

26-ամյա պայմանագրային զինծառայող, կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մտել է իր աշխատասենյակ եւ ինքնասպանություն գործել: Նրա դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին`ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

 

Դժբախտ պատահար

Գարեգին Մինասյան (15 փետրվարի, ՀՀ)

ՊՆ բուլդոզերը ձորն է գլորվել. 1 զինծառայող զոհվել է, 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Քննչական բաժնում պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:  Նախնական տվյալներով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ: ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: Նույն օրը Արմեն Պուխանը և Վրույր Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ռուբեն Մնացականյան (8 մայիսի, ԼՂ)

Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար. տեղեկացնում են Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունից:

Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում էին:

Ռուբեն Բարսեղյան (8 մայիսի, ԼՂ)

Ռաֆայել Բիշարյան (8 մայիսի, ԼՂ)

Հայկ Խաչատրյան (1 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Առողջական խնդիրներ

Արմեն Ծատուրյան (26 ապրիլի, Երեւան)

Ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, ավտոմեքենայում դի է հայտնաբերվել։ Մահացածը Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացել է սրտի կաթվածից։

Նարեկ Մխիթարյան (14 հունիսի, ԼՂ)

Մուրացան զինվորական հոսպիտալում հոսպիտալում Նարեկ Մխիթարյանը ենթարկվել էր պարանոցի կիստայի վիրահատության, սակայն վիրահատությունից հետո, հունիսի 14֊ին, մահացել էր:

Անփութություն, անգործություն

Գարեգին Արգամանյան (17 փետրվարի, ԼՂ)

2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանի դին:

Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն:

Գոռ Խուդինյան (23 փետրվարի, ԼՂ)

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կոչումով կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Մահվան երկու դեպք է արձանագրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով

Նարեկ Հակոբյան (21 ապրիլի, Վայոց Ձոր)

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի՝ (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է  2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Արկադի Ղամբարյան (28 հուլիսի, Տավուշի մարզ)

Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։

Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանը (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) մահացել է հրազենային վիրավորումից։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածքն ստացել է 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Երկու զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռեւս չի հնչել կամ կազմակերպությանն առայժմ չի հաջողվել ճշտել դրանք․

Սարգիս Ափինյան (26 հունվարի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արշակ Արշակյան  (14 մայիսի, ՀՀ)

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա. Արշակյանի մահվան հանգամանքները:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը