Գինի էի քաշել Արթուրիս համար
15.12.2010 թ․-ին ԼՂՀ ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող Արթուր Ղազարյանի ինքնազգացողությունը վատացել է: Շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, իսկ դեկտեմբերի 17-ին վիրահատվել է: Չորս օր անց նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով: Ըստ բժիշկների, Ա. Ղազարյանի մահվան պատճառը գլխուղեղի խառը անոթային մալֆորմացիան է: Միաժամանակ, նախաքննական մարմինը եկել է հետևության, որ մահվան պատճառը նրա գլխուղեղի հիվանդությունն է, որ նրա հանդեպ բռնություն չի գործադրվել և, որ նրա մահվան մեջ մեղավոր անձինք չկան: Նման հետևության գալով՝ քննիչ Գասպարյանը 15.07.2011թ. քր. գործը կարճել է` մեղավոր անձանց բացակայության պատճառաբանությամբ:
Սակայն, ըստ տղայի ծնողների, կատարվել է միակողմանի ու կեղծ նախաքննություն և նրանք19.11.2012թ. դիմել են դատախազություն` միջնորդելով, որպեսզի գործով կատարվի նոր, բազմակողմանի և անկանխակալ նախաքննություն, որը հստակ պատասխան կտա ստորև բերված հարցերին:
Չնայած դատաբժշկական փորձաքննությունը նշում է երկու արյունազեղումների մասին` 15.5X9.0 սմ և 1.2X0.8X0.21 սմ չափսերի /կան նաև լուսանկարներ/, նույն փորձաքննության եզրակացությունների մասում գրվում է, որ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել», ընդ որում` առանց որևէ պարզաբանության: Այնինչ, ակնհայտ է, որ այդ երկու վնասվածքները հետևանք են, ոչ թե վիրահատական միջամտության, այլ բութ գործիքով հարվածի, ինչի մասին եզրակացությունը լռում է:
Համաձայն եզրակացության՝ տղայի գլխուղեղում հայտնաբերվել է ուռուցք, սակայն դատաբժշկական եզրակացությանը կից լուսանկարներում նման ուռուցք չի երևում, բացի այդ, չնայած դատաբժիշկը պարտավոր էր այդ ուռուցքից վերցնել նմուշ` ուղարկելով լաբորատորիա հետազոտման համար, սակայն նման բան չի արել:
Ծնողները տեսել են, որ տղայի դիակի աջ ձեռքի մատերն արյունազեղված են /կան լուսանկարներ/, սակայն դատաբժիշկն իր եզրակացության մեջ նշում է, թե իբր տղայի մարմնի վերջույթներում այտուցներ չեն հայտնաբերվել:
Ըստ դատաբժիշկների` Արթուր Ղազարյանի մոտ գլխուղեղի հիվանդություն է եղել մինչ բանակ զորակոչվելը, սակայն, ծնողների պնդմամբ, դա անհնարին է, քանի որ բժիշկները դա չեն հայտնաբերել, բացի այդ, տղան եղել է առողջ և երբևիցէ գանգատներ չի ունեցել: Արթուր Ղազարյանի սպանության վարկածն ընդհանրապես քրեական գործում կա՛մ չի քննվել, կա՛մ այդ քննությունը կրել է ձևական բնույթ:
Նկարագրությունը պատրաստված է 19.11.2012թ. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդության հիման վրա:
Ավելացվել է 26 December, 2012