Այլընտրանքային ծառայության մասին օրենքը փոխվեց. Եհովայի վկաները գոհ են
Եհովայի վկաների նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը չկատարելու համար այլևս ոչ մի պատժամիջոց չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Վերջինս դժգոհ է 2003թ. ընդվունված ալընտրանքային ծառայության մասին օրենքում կատարած փոփոխությունից:
Ամարյանն ասել է, որ մայիսի 18-ին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո կրոնական շարժառիթներով բանակում չծառայելու համար դատապարտվածների դատվածությունը հանվում է, իսկ քրեական գործերը կարճվում են: Ըստ բանախոսի՝ նման պահանջը «արտասահմանի կողմից» է եղել, ինչը Հայաստանում անխոս ընդունվել է:
Բանախոսը նշել է, որ այժմ ցանկացած մարդ կարող է անդամագրվել որևէ կրոնական կազմակերպության, որոշակի գումարի դիմաց ստանալ տվյալ կազմակերպության կողմից հավաստագիր, ըստ որի ինքը չի ցանկանում ծառայել բանակում՝ կրոնական դրդապատճառներից ելնելով: Ամարյանի կարծիքով՝ այդ դեպքում արդեն տվյալ անհատը կախվածության մեջ է կրոնական կազմակերպությունից մինչև բանակային տարիքը լրանալը՝ 27 տարեկան:
Նշենք, որ այն անձինք, ովքեր կրոնական գաղափարներից դրդված չեն ցանկանում զինվորական ծառայության դիմել, ոչ թե ազատվում են բանակից, այլ պարտավոր են այլընտրանքային ծառայություն անցնել:
Ամարյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ այլընտրանքային ծառայությունը եհովականներն են ընտրում, իսկ քանի որ օրենքը նոր է, ուստի ինքը դժվարացել է ասել, թե նրանք ինչ կնախընտրեն:
Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կազմակերպության իրավաբանական բաժնի պատասխանատու Արթուր Իսպիրյանն անհիմն է համարել այն պնդումը, թե բանակից խուսափելու համար երիտասարդը կարող է անդամագրվել իրենց կրոնական կազմակերպությանը ու դրա համար ստանալ համապատասխան փաստաթուղթ:
«Ըստ ԱԺ-ի ընդունած օրենքի՝ պետք է 6 հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողով ստեղծվի և նիստ հրավիրվի՝ պարզելու, թե տվյալ անձը զինծառայությունից հրաժարվելու համար իսկապես ունի՞ համոզմունքներ, թե ոչ: Այսինքն՝ տվյալ անհատը պետք է դիմում ներկայացնի, որ ցանկանում է այլըտրանքային ծառայության անցնել՝ լինի այլընտրանքայիին զինվորական, թե աշխատանքային, ու երբ անհատը դիմում է ներկայացնում, նաև պետք է հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու է հրաժարվում ծառայությունից», – ասել է Իսպիրյանը:
Թե ինպես է հանձնաժողովը որոշում տվյալ անձի համոզմունքները, մեր զրուցակցի խոսքով, պարզվում է նիստի ժամանակ:
Իրավաբանը նշել է, որ անձամբ չի ճանաչում հանձնաժողովի անդամներին, քանի որ որոշ հարցեր կառավարությունը դեռ պետք է որոշի՝ «նախադեպը չունենք, որ ավելի կոնկրետ ասեմ, հանձնաժողովը վերջնական կսկսի գործել աշնանային զորակոչին»:
«Նոր օրենքի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը լինելու է այն պետական մարմնի իրավասության տակ, որը կորոշի կառավարությունը: Տվյալ պահին օրենքով հստակ սահմանված չէ, թե որ կազմակերպությունը կամ նախարարությունը կվերահսկի աշխատանքային ծառայությունը, սակայն օրենքը հստակեցրել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը չի կարող վերահսկվել զինվորական մարմինների կողմից», – ասել է Իսպիրյանը:
Նա նշել է, որ այլընտրանքային ծառայությունը միջազգայնորեն ընդունված ծառայություն է. եթե անհատը ունի կրոնական համոզմունքներ և չի կարող որևէ ձևով մասնակցել զինվորական ծառայությանը, ըստ ՀՀ Սահմանադրության, պետությունը տրամադրում է այլընտրանք:
«Այսինքն աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, հիվանդանոցներ, մի խոսքով՝ ինչ կորոշի պետությունը: Ի դեպ՝աշխատանքային ծառայությունը զինվորականից մեկ տարի ավել է», – ասել է մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Epress.am-ի:
Ավելացվել է 24 June, 2013