Զինդատախազը գոմեշի մսի մասին
Այս տարվա մայիս եւ հունիս ամիսներին «Բանակում անարդարություններին` ոչ» նախաձեռնության կողմից բաց նամակներ տարածվեցին այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերվել է հնդկական գոմեշի սառեցված միս:
Ըստ նախաձեռնության անդամ, պահեստի փոխգնդապետ Հովհաննես Սարգսյանին եւ ՊԲ նախկին զինծառայող Արմեն Գաբրիելյանին՝ դեռեւս անցած տարվա հունիս ամսին պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Մարտունի-2 զորամասում ստուգումների ժամանակ պարզել է, որ տավարի տեղական թարմ մսի փոխարեն զորամաս է մթերվել այլ միս:
«Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում մասսայաբար հրաժարվել են այդ մսից պատրաստված սննդից: Սննդից հրաժարվելու հանգամանքը հետաքրքրել է հանձնաժողովին, պարզվել է, որ այդ միսը ոչ միայն թարմ չէ, այլ նաեւ տեղական չէ, որ հնդկական սառեցված գոմեշի միս է»,- նշվում էր բաց նամակում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, դեռեւս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Տիգրան Սարգսյանին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանին, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին, հետո նմանատիպ նամակի հասցեատեր դարձան ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նշվում էր, որ Մարտունի-2-ում հանձնաժողովին ուղեկցել են N միավորման հրամանատարի տեղակալն ու զորամասի փոխհրամանատարներից մեկը: Սակայն շեշտը դրվում էր նրա վրա, որ Հարությունյանը հայտնաբերվածի մասին չի գրել նախարար Օհանյանին ուղղված զեկուցագրում: «Հարգելի պետական այրեր: Թույլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսից պատրաստած սնունդով,- կոչ էր արվում նամակում եւ առանձնացվում երկու կետ,- 1) Ապօրինություն՝ կապված հարյուրավոր զինվորների սննդի հետ, այն դեպքում, երբ բյուջեով հատկացվում են միջոցներ տեղական թարմ միս մթերելու համար: 2) Բացահայտված ապօրինության մասին չզեկուցելը: Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երեւույթների պատճառներից մեկը: Առավել եւս անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում»:
«Գործել է Գեղամ Հարությունյան-ՊՆ միս մթերող օղակ կոռուպցիոն շղթան: Այդ ապօրինության մասին տեղյակ են եղել եւ լռում են ստուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամներ Հակոբ Թադեւոսյանը, Նորայր Նորիկյանը եւ Էդուարդ Մանեւը»,- հայտարարել էր նախաձեռնությունը եւ կոչ արել ՊՆ-ին անհապաղ քննություն սկսել դեպքի առթիվ:
Եվ ահա ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ անցյալ ամիս 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ են կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում եւ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Ընթանում է նախաքննություն: Կասկածյալներ եւ ձերբակալվածներ առայժմ չկան: Գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի վարույթում: Սարգսյանը նշեց նաեւ, որ եթե ՊՆ-ում կամ ՊԲ-ում լինի նաեւ ծառայողական քննություն, հետագայում դրա արդյունքները կարող են միանալ այս գործին:
Իր հերթին պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, որը գարնանային այս զորակոչի ընթացքում նշանակվել է քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նախագահ, արդեն մի քանի օր չի պատասխանում մեր զանգերին:
Նշենք, որ ՊԲ-ն միս-մսամթերքը ստանում է Երեւանի պարենային բազայից: Վերջինս իր հերթին միսը մթերում է ՊՆ-ի պատվերով եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթած ընկերությունից: Փաստորեն, ՊՆ-ն գնել է գոմեշի էժան միս՝ վճարելով տավարի մսի ավելի մեծ գին: Խարդախության հոդվածն էլ կիրառվել է հենց այս հիմքով: Ընդ որում՝ խոսքը գնում է ավելի քան 3 մլն դրամի մասին, քանի որ նշված հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը:
«Հետքը» մի շարք հարցերի վերաբերյալ դիմել է նախարար Սեյրան Օհանյանին, եւ առայժմ սպասում ենք պատասխանին:
Հիշեցնենք, որ հնդկական գոմեշի սառեցված մսի պատմությունը հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ 2009-ի օգոստոսին, երբ կառավարական հանձնաժողովը հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները: Վարչապետը հայտարարեց, որ ներկրված մսի մեջ «հաճախ լինում է սատկած գոմեշի սառեցրած միս», այսինքն՝ կենդանին ոչ թե սպանդի է ենթարկվել, այլ սատկել է բնական մահով: Պարզվել էր, որ Հնդկաստանից Հայաստան ներկրվող մսի միայն 21 տոկոսն է ձեռք բերվում արտոնագրված ընկերություններից, իսկ մյուսների դեպքում պարզապես տեղի է ունենում ապօրինություն. ՀՀ սահմանի վրա բեռը ներկայացվում է իբրեւ սետիֆիկատ ունեցող ընկերության արտադրանք: Կառավարությունը սահմանել էր կարգ, որի համաձայն՝ կարելի է միս ներկրել այն հնդկական ընկերություններից, որոնք ունեն առնվազն 10 տարվա փորձ, միջազգային չափանիշներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ:
«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներմուծվողը գոմեշի միս է եւ գործածվում է երշիկեղենի արտադրության մեջ»,- հայտարարել էր վարչապետը, սակայն մամուլը բարձրաձայնեց այն մասին, որ այդ միսը հայտնվում է նաեւ շուկայում իբրեւ տավարի միս:
Գոմեշի միսն ինքնին վտանգավոր չէ, ուտելի է, սակայն իր որակական հատկանիշներով զիջում է տավարի մսին, եւ ամբողջ հարցն այն է, որ սպառողը հայտնվում է խաբվածի կարգավիճակում: Բացի այդ՝ հարց է, թե ինչ պայմաններում է արտադրվել միսը, արդյոք պահպանվել են սանիտարահիգիենիկ պայմանները եւ մյուս չափանիշները: Ահա հենց այս դեպքում է, որ մսի մեջ են ներթափանցում տարբեր մանրէներ, որոնք չեն վերանում մթերքը սառեցնելուց կամ պաղեցնելուց հետո: Դրանք պահպանվում են մինչեւ միսն ամբողջությամբ եփելը:
Ներկայացնենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ 2011 թ. մեր երկիր ներկրված մսի որոշ տեսակների վերաբերյալ:
խոշոր եղջերավոր անասունի սառեցրած միս, չոսկրազատված | 1246 տ | 2.864.756 դոլար |
խոշոր եղջերավոր անասունի սառեցրած միս, ոսկրազատված | 8870 տ | 20.958.814 դոլար |
խոշոր եղջերավոր անասունի սառեցրած լեզու | 39 տ | 59.446 դոլար |
խոշոր եղջերավոր անասունի սառեցրած լյարդ | 5 կգ | 87 դոլար |
խոշոր եղջերավոր անասունի սառեցրած այլ մսամթերք | 778 տ | 862.261 դոլար |
Նյութը՝ www.hetq.am
Ավելացվել է 14 July, 2012