«Բանակի խնդիրներն ունեն ոչ կոսմետիկ բարեկարգման կարիք»
Հարցազրույց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի պատասխանատու Արտաշես Սերգոյանի հետ
-Ի՞նչ ունի այսօր հայկական բանակը եւ ինչի՞ կարիք կա:
-Միակ բանը, որ ամեն օր, ամեն քայլափոխի, բոլոր հնարավոր միջոցներով, տեղի եւ անտեղի մեր ականջին բղավում են, որ մենք ունենք ամենամարտունակ բանակը, ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, դրա մասին բղավելով արդյո՞ք սահմանի այն կողմից կրակոցների թիվը պակասում է: Արդյո՞ք սահմանի այս կողմում մեր զինվորներին սպանելու դեպքերը նվազում են: Առհասարակ, բանակում իրավախախտումների եւ մահերի թիվը դրանից նվազու՞մ է: Ի դեպ, տարբեր տվյալներով, 1994թ-ի հրադադարի կնքումից հետո, խաղաղ պայմաներում, այդ նույն ամենամարտունակ բանակում զոհվել է 1500-3000 զինծառայող: Ավելի խելամիտ չէ՞ր լինի այդ բղավոցի վրա վատնվող ժամանակն ու էներգիան ուղղել մեր հրամանատարների իրավագիտակցությունը փոխելուն, մի քանի հիմնարար բաներ ամրապնդելուն: Օրինակ, «Զինվորը՝ դա նույն քաղաքացին է համազգեստով» կամ «Զինվորը կոչված է ՀՀ քաղաքացու անվտանգությունը ապահովելուն», եւ ոչ թե Վանաձորի քաղաքապետարանի հոգածության ներքո գտնվող շենքերի դիմացի ձյունը մաքրելուն: Շատ կարեւոր եւս մեկ բան. հենց զինվորին պետք է գիտություն եւ հնարավորություն տրվի սեփական իրավունքները պաշտպանելու համար, ինչը չի արվում:
-Ի՞նչ բացթողումներ են նկատվել հայկական բանակում: Լավ ու վատ կողմերը:
-Բանակի խնդիրներն ունեն տեղային, ոչ կոսմետիկ բարեկարգման կարիք, ամեն դեպքում այն «բարեփոխումիկները», որ իրենք են իրականացնում՝ կոսմետիկ են, ոչ ֆունդամենտալ:
Դժվար է բանակի լավ ու վատ կողմերից խոսել առանձին-առանձին, որովհետեւ խոսքը ամբողջական կառույցի մասին է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է: Եթե կառուցվածքային առումով լիներ ավելի փոխզսպող մոդուլով, օրինակ, բանակի ռազմաքաղաքականությամբ՝ պաշտպանական քաղաքականությամբ, մարտունակությամբ եւ նյութատնտեսական հարցերով զբաղվեին տարբեր մարմիններ, որոնք առանձին-առանձին ենթակա եւ հաշվետու կլինեին Ազգային ժողովին, ինչը շատ ավելի կնվազեցներ կոռուպցիոն ռիսկերը, գուցե այդ դեպքում ավելի հստակ կարողանայինք խոսել ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերից:
Եթե խոսենք թմբկահարվող, այսպես կոչված, «բարեփոխումներից», օրինակ, թափանցիկություն, համաչափ մոտեցում բոլորին, պատահականության սկզբունքով զորամասի ընտրություն, մահվան դեպքերի հրապարակայնություն եւ այլ նմանատիպ բաների մասին, ապա, իմ կարծիքով, զինվորի համար դրանից բան չի փոխվել, իրավախախտան, մահվան դեպքերը զորամասում չեն նվազել: Այս տարվա հայտնի երեք մահվան դեպքերից երկուսը տեղի ունեցան հունվարի 19 լույս 20 գիշերը, մեկի մասին խոսեցին, հերոսացրեցին, մյուսի մասին կծկտուր ինֆորմացիա տարածվեց, որը մեկ շաբաթվա զինծառայող էր եւ մահացավ հիվանդանոցում, թեպետ տեղեկություն կար նաեւ, որ զինվորը հիվանդանոց արդեն իսկ մահացած է բերվել: Արդյո՞ք սա է մեր համաչափ մոտեցումը զինվորին, սա է՞ր թափանցիկությունը:
Այս ամենի արդյունքում ի ցույց դրվեց բանակի մարտունակությունը, ամրությունը, մյուս կողմից, ցույց չտալով անկարողությունը, փտած վիճակը: Այս պատմությանը նայելիս՝ դժվար է չհիշել մարտի 1-ի դեպքերը, երբ տխրահռչակ Ռոբերտը Քոչարյանը հարգանքի տուրք մատուցեց միայն զոհված ոստիկանին, երբ նույն հրապարակում զոհվել էին նաեւ այլ քաղաքացիներ: Այս զուգահեռները խոսում են համակարգային փոփոխություների անհրաժեշտության մասին, մասնակի «բարեփոխումներով» էստեղ խնդիր չի լուծվի:
-Ի՞նչ կարելի էր անել բարելավելու համար հայկական բանակը, որը չի արվում:
-Ըստ էության, խնդիրները առաջանում են ժամկետային առումով մի քանի հատվածներում, որոնցից առաջինը զորակոչային բժշկական հանձնաժողովում է, երբ զինակոչիկի առողջական վիճակի մասին եզրակացություն տալիս է զինվորական բժիշկը: Այստեղ հստակ է շահերի բախման խնդիրը, էլ չեմ խոսում մեծ կոռուպցիոն ռիսկերի եւ զինվորների՝ պարտադիր ֆիքսված թվաքանակ պիտանի հայտարարելու մասին: Զինակոչիկի առողջական վիճակի մասին եզրակացություն պետք է տա քաղաքացիական բժիշկը, որպեսզի որոշակի անկողմնակալություն հնարավոր լինի ապահովել: Զինկոմիսարիատները որեւէ առնչություն չպետք է ունենան զորակոչիկների բժշկական հետազոտման գործընթացին: Զինկոմիսարիատների միակ խնդիրը զորակոչի գործընթացի ապահովումն է: Խնդիրների հաջորդ կծիկն արդեն զորամասում է: Այստեղ նախ դրված է թափանցիկության հարցը: Հայկական բանակում, որպես այդպիսին, կոռուպցիայի վերահսկողության մեխանիզմ չկա:
Երբ խոսվում է բանակի թափանցիկության մասին, չգիտես ինչու, թվում է, թե ցանկանում ենք իմանալ զենք-զինամթերքի տեղակայման, որակական հատկանիշների մասին եւ օնլայն ռեժիմով հաղորդել ի լուր աշխահի: Ես՝ ՀՀ քաղաքացիս, վճարում եմ հարկեր բանակի կարիքները հոգալու համար, բայց ես հաշվետվություն չեմ ստանում՝ այդ գումարները որտե՞ղ եւ ինչպե՞ս ծախսվեցին: Միթե՞ սա է այն գաղտնիությունը, որը կարեւոր է բանակի կամ առհասարակ երկրի անվտանգության ապահովման համար: Խնդիրների հաջորդ կծիկը քննչական եւ դատական մարմիններում է: Այստեղ էլ է խնդիրը հստակ. պետք է Պն նախարարության քննչական բաժինը հանել ՊՆ-ի ենթակայությունից:
-Ծեծկռտուքների մասին, հրամանատարների եւ զինվորների հարաբերություների մասին ի՞նչ կասեք:
-Դժվար է մի մարդուց պահանջել իրավունքի տառին հետեւել, եթե նրա մոտ բացակայում է իրավագիտացությունը: Այստեղ խնդիրներից մեկը ռազմական ուս. հաստատություններում է: Վ.Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, որը բացի ուսումնարան լինելուց, նաեւ զորամաս է, պետք է մոդել հանդիսանա ապագա սպաների համար, ու այդտեղից քաղված վարքը եւ մշակույթը ամեն մի ապագա սպա իր հետ պետք է տանի իր ապագա զորամաս, բայց նույնիսկ այնտեղ սպանություներ են լինում: Այս դեպքում էլ ինչի մասին է խոսքը, ինչ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու դրանց պաշտպանվածության մասին կարող է խոսք լինել, եթե հենց ապագա սպաներն են խախտում կյանքի իրավունքը ու նման ընկալումներով էլ հետագայում տեղափոխվում են բանակ:
Ու՞մ է ձեռք տալիս այս ամենը: Պատասխանը միանշանակ է՝ համակարգին, որը կարող է կոռումպացված հրամանատարների օժանդակությամբ նույն բանակին հանել ժողովրդի դեմ, ինչպես դա արվեց մարտի 1-ին, նույն համակարգին, որը կարող է վերարտադրվել կոռումպացված հրամանատարների օգնությամբ հերթական ընտրություններին, նույն համակարգին, որը կարող է մի խումբ գյուղացիերի դեմ զորք հանել ու թույլ չտալ մահացած գյուղացուն իր որդու դին տեղափոխել Երեւան՝ որպես բողոքի նշան, նույն համակարգին, որը կարող է հսկայական փողեր լվանալ կոռումպացված հրամանատարների օգնությամբ, ինչպես եղավ գոմեշի մսի պատմության ժամանակ. օրինակները շատ-շատ են:
Զրուցեց Լուսինե Ավագյանը
Նյութը՝ www.asparez.am-ի
Ավելացվել է 01 February, 2014