«Խաղաղության երկխոսություն» հկ-ի հայտարարությունը զինդատախազության աշխատակիցների կողմից կատարվող անօրինականությունների վերաբերյալ

31.07.2013թ. ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 24923 զ/մ-ի տարածքում հայտնաբերվել է նույն զ/մ-ի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանի դիակը: Փաստով հարուցվել է թիվ 90259213 քրգործը, որը վարում է ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Մ. Նալբանդյանը:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանն է դիմել թիվ 90259213 քր․ գործով տուժողի իրավահաջորդ Օնիկ Մերուժանի Մանուչարյանը և իր բողոքը հայտնել նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Դեռևս 2013թ.-ին տուժողի իրավահաջորդը բացարկ էր հայտնել քննիչ Մ. Նալբանդյանին, քանի որ նա առաջին իսկ օրվանից երեք կրակոցներով կատարված սպանությունը որակել է որպես ինքնասպանություն, կատարում է միակողմանի քննություն՝ փորձելով «հիմնավորել» այս կեղծ, մերկապարանոց վարկածը: Այդ ժամանակ նրա բացարկը մերժվել է:

Արդեն այս տարի տուժողի իրավահաջորդը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարությանը, որում ասվում էր․

 

ա. տուժողի իրավահաջորդը բացարկ է հայտնում գործով քննիչ Մ. Նալբանդյանին, ՀՀ ՊՆ ՔԾ 4-րդ կայազորային քննչական բաժնի պետին, ՀՀ ՊՆ ՔԾ պետ Արմեն Հարությունյանին, գործը հսկող դատախազին, ՀՀ զինդատախազ Արտակ Հարությունյանին և միջնորդում է թիվ 90259213 գործով նախաքննությունը հանձնարարել այլ քննչական մարմնին,

 բ. անհրաժեշտ է վերացնել քրգործով հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն կատարելու վերաբերյալ Մ. Նալբանդյանի անհիմն որոշումը,

 գ. խնդրում ենք հանձնարարել, որպեսզի նոր քննչական մարմինը գործով կատարի օբյեկտիվ, բազմակողմանի և խորացված քննություն, ինչը սահմանադրական պահանջ է և ինչը չի արվել մինչ օրս:

 

Սույն թվականի փետրվարին Օ․ Մարգարյանին է զանգահարել անհայտ անձ, ներկայացել որպես դատախազության աշխատակից Ամիրյան եւ հրավիրել Երեւան՝ զրույցի: Այս «հրավերքը» օրենքի կոպիտ խախտում է, հակասում է ՀՀ քր․ դատ․ օրենսգրքի երկու հոդվածների․ ՀՀ քր․ դատ․ օրենսգրքի 205 հոդվածում հստակ սահմանվում է անձին քննչական մարմնի կողմից հրավիրելու կարգը․ ՀՀ քր․դատ․օր-ը բացառում է դատախազության աշխատակցի կողմից տուժող կողմին հրավիրելը, տուժողին հարցաքննելը, նրա հետ զրույց կամ քննարկում անցկացնելը: Տուժողի իրավահաջորդին իր մոտ հրավիրելով, դատախազության աշխատակից Ամիրյանը ակնհայտորեն գերազանցել է իր պաշտոնական դիրքը, կատարել գործողություն, որի իրավունքը չուներ:

Հեռախոսային հրավերքին ի պատասխան մերժում ստանալով՝ քննիչ Ամիրյանը մեկ անգամ եւս, այս անգամ՝ գրավոր հրավեր է ուղարկում տուժողի իրավահաջորդին, որը եւս մերժվում է:

Այսօր արդեն՝ մարտի 27-ին, տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանի ծառայության վայր՝ Վանաձորի զորամասերից մեկն է այցելում Գուգարքի կայազորի զինդատախազի պաշտոնակատար ներկայացած Արթուր Զաքարյանը, ով ցանկություն է հայտնում հրամանատարի սենյակում զրուցել այդ պահին գնդի հերթապահի օգնականի պարտականությունները կատարող Օ․ Մանուչարյանի հետ: Զորամասի հրամանատարի ներկայությամբ կայացած զրույցի ընթացքում նա հետաքրքրվել է տուժողի իրավահաջորդի զորացրվելու ցանկության, եղբոր մահվան գործի նախաքննության վերաբերյալ նրա ունեցած դժգոհությունների մասին: Հայտարարել, որ եթե տուժողի իրավահաջորդը դժգոհ է նախաքննության օբյեկտիվությունից, ապա ինքը կարող է զանգահարել գլխավոր զինդատախազին եւ հասնել այն բանին, որպեսզի գործի վարույթը փոխվի:

Այս համատեքստում պետք է նշել, որ Արթուր Զաքարյանի ենթակայության տակ է գտնվում տվյալ զորամասը (զորամասը վերահսկող ամենաբարձր պաշտոնատար անձն է տվյալ տարածաշրջանում), եւ նա կարող էր մուտք գործել զորամաս, վերահսկել, սակայն նա որեւէ ազգակցական, բարեկամական կապ չունի տուժողի իրավահաջորդի հետ, նրանք հանդիպում էին առաջին անգամ եւ Օ․ Մանուչարյանը երբեւէ չի դիմել նրան օգնության խնդրանքով: Ա․ Զաքարյանը կապ չունի նաեւ վերոնշյալ քրեական գործի վարույթի հետ, դրանով զբաղվում է Երեւանի կայազորի զինդատախազությունը: Հանդիպման ընթացքում կայացած խոսակցության մանրամասներից, սակայն, պարզ է դառնում, որ նա օպերատիվ տվյալներ է ձեռք բերել  Օ․ Մանուչարյանի մասին, ինչը ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է, որը սահմանում է․ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

 

Ա․ Զաքարյանը խախտել է նաեւ ՀՀ քր․ օր․-ի 308 եւ 309 հոդվածները (Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը):

 

«Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ զինդատախազության աշխատակիցներն իրենց աշխատանքում չեն ղեկավարվում ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ, նրանք իրենց վեր են համարում օրենքից եւ գործում են բացարձակ անպատժելիության գիտակցումով: Նրանք չեն խորշում այնպիսի միջոցներից, ինչպիսին է սեփական անօրինությունների, կամայականությունների հետ չհաշտվող, «անցանկալի» տուժողի իրավահաջորդի նկատմամբ ճնշումներ գործադրելը, ինչը, ըստ փորձագետի, ոչ այլ ինչ է, եթե ոչ «պետական տեռոր»:

Այս ամենն արձանագրելով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը միջնորդություններ կներկայացնի ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին՝ հանձնարարելու համար վերոնշյալ փաստերի շուրջ ծառայողական քննություն նշանակել, որպեսզի պարզվի․

 

  1. Որտեղի՞ց է Ա․ Զաքարյանը ճանաչում տուժողի իրավահաջորդին,
  2. Որտեղի՞ց է նրան հայտնի նրա՝ զորացրվելու ցանկության մասին,
  3. Ի՞նչ կապ ունի նա թիվ 90259213 քրգործի հետ՝ ի պաշտոնե, ի՞նչ է հայտնի նրան դրա վերաբերյալ,
  4. Ի՞նչ նպատակով է այցելել տուժողի իրավահաջորդին, ո՞ւմ ցուցումով, ո՞ւմ հրամանով է այցելել,
  5. Ի՞նչ անձնական եւ պաշտոնական շահագրգռվածությունից դրդված է այցելել եւ օգնություն առաջարկել, եթե Օ․ Մանուչարյանը երբեւէ չի դիմել նրան օգնության խնդրանքով՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ մասնավոր կարգով:
  6. Օրենքով սահմանված կարգով թիվ 90259213 քր. գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Օնիկ Մանուչարյանը շուրջ երկու ամիս առաջ բացարկ է հայտնել զինդատախազությանը, դիմումն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Օժտվա՞ծ է արդյոք Ա․ Զաքարյանը համապատասխան լիազորություններով, որպեսզի իրավունք ունենա դիմել գլխավոր դատախազին կամ հրամայել, հրահանգել նրան, որպեսզի փոխվի քր․ գործի վարույթը, կամ ո՞վ է նրան օժտել գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունով հանդես գալու իրավունքով՝ այն դեպքում, երբ նա որեւէ կապ չունի քր․ գործի հետ:

 

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը