Սարգիս Սահակյանի մահվան գործով դատաքննությունը անկանխատեսելի ընթացք է ստանում
Կապանի դատարանում զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան գործով դատաքննությունը անկանխատեսելի ընթացք է ստանում: Հարցաքննված բոլոր վկաները փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները՝ հերքելով հանցագործության դրդապատճառը, ինչով և բացառել են ինքնասպանության վարկածը:
Երկու առանցքային վկաներ դատարանում տվել են 2012թ. նոյեմբերի 5-ին Մեղրիի «Ծիրանաձոր» հենակետում տեղի ունեցած հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքներ՝ ի հայտ բերելով նոր հանգամանքներ ու մանրամասներ, ինչը վկայում է, որ մահվան այս դեպքի իրական պատճառները կոծկվել են, և չի բացառվում, որ կոծկվել է միտումնավոր, սպանությունը որակելով որպես ինքնասպանություն:
«Դեպքի օրվանից սկսած քննիչները և ՌՈ բաժնի աշխատակիցները անընդհատ կրկնում էին, թե իբր մենք բոլորս՝ Ս.Սահակյանին «փչացրել» ենք, «չաթլախացրել» ենք և այդ պատճառով էլ Ս.Սահակյանը ինքնասպան է եղել: Այսինքն, և «չաթլախ» բառը, և ինքնասպանության վերսիան հորինվել է քննիչների կողմից: Ես անընդհատ մտածում էի, թե որն է Սաքոյի մահվան պատճառը», գրավոր հարցման մեջ նշել է վկա, ՀՀ Զինված ուժերի սպա Գոռ Մարգարյանը:
Ի դեպ, «ինքնասպանության» հասցնելու շարժառիթը, ըստ նախաքննական մարմնի «չաթլախ» բառն է, որը քննիչները գիտականորեն վերլուծել և հիմնավորել են:
Դատարանում ցուցմունքները փոխելու հետևանքով վկաներ՝ նախկին զինծառայող Անդրանիկ Թադևոսյանն ու ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանը հետապնդման թիրախ են դարձել: Շուրջ երկու ամիս է նախաքննական մարմինը՝ զինվորական դատախազության աչալուրջ հսկողությամբ հետապնդում և ահաբեկում են վկաներին՝ փորձելով հետ ատանալ նախաքննական ցուցմունքները:
Երկու վկաներն էլ դիմել են Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությանը՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:
Կազմակերպությունը, սկսած նախաքննությունից հետևում է գործի քննությանը՝ դատարանում հանդես գալով տուժողի շահերի պաշտպանությամբ:
«Դեպքից մոտավորապես 4 օր անց ինձ տեղափոխեցին Ղափանի ՌՈ բաժին, շուրջ 20 օր պահեցին կալանքի տակ, ստիպեցին տալ կեղծ ցուցմունքներ։ 2013 թվականի աշնանը որպես վկա ներկայանալով դատարան ես հրաժարվել եմ իմ նախաքննական ցուցմունքներից՝ հայտնելով, որ այդ ցուցմունքները նախաքննական մարմինը ինձանից կորզել է ճնշման միջոցով: Ես չեմ կարող միայնակ պաշտպանել իմ իրավունքները։ Ես վախենում եմ, որ ինձ հետ կվարվեն այնպես, ինչպես վարվել են 2012 թվականին։ Խնդրում եմ Ձեզ պաշտպանել իմ իրավունքները».
Կազմակերպությանն ուղղված դիմումում հայտարարել է գործով վկա նախկին զինծառայող Անդրանիկ Թադևոսյանը:
Նա առաջին վկան էր, ով դատարանում փոխեց իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Անդրանիկը հոգեբանական ծանր վիճակում էր և դեպքից, ապա զորացրվելուց հետո շարունակում էր գտնվել նույն հոգեբանական վիճակում : Նա այն վկաներից մեկն էր, ով
տեսել էր իր համածառայողի դին:
Մեղադրող Մայիլյանը հենց դատարանում սպառնաց Անդրանիկի նկատմամբ քրեական հետապնդում սկսել ցուցմունքները փոխելու համար: Եվ սկսվեցին ճնշումներն ու սպառնալիքները վկայի նկատմամբ, ինչի արդյունքում Անդրանիկից ևս մեկ անգմ կորզվեցին ցանկալի ցուցմունքները:
Նախորդ դատական նիստերից մեկում մեղադրող Գագիկ Մայիլյանը վկա Գոռ Մարգարյանին ազատությունից զրկել էր հենց դատարանում՝ փակելով նրան մեղադրողների համար նախատեսված սենյակում: Գոռ Մարգարյանը իր փաստաբանական հարցման մեջ հրապարակել է այդ օրվա մանրամասները:
«Մինչև Ս.Սահակյանի մահվան գործով դատավարության սկիզբը, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի վերջը ինձ պարբերաբար զանգահարում էր դատախազ Գագիկ Մայլյանը և զգուշացնում էր, որ ես դատարանում պետք է պնդեմ իմ նախաքննական ցուցմունքը: 2013թ. դեկտեմբերի 23-ին ես որպես վկա հրավիրվեցի դատարան ցուցմունք տալու նպատակով: Մինչև նիստի սկիզբը դատարանի շենքում, դատախազ Մայլյանը կանչեց իր մոտ, ինձ քաշելով և բռնի ուժ գործադրելով տարավ դատախազների սենյակ, որտեղ արդեն ինձ էին սպասում քաղաքացիական հագուստով 3 ոստիկաններ: Նրանցից մեկին ես ճանչում եմ անձամբ, նախկինում նա ծառայել է Եղեգնաձորի Խաչիկ գյուղում տեղակայված զ/մ-ում: Մինչ դատարանում հանդիպելը ես նրան տեսել եմ Գորիսի ՌՈ բաժնում: Նրա ազգանունը Խալաթյան է, որքան ես տեղյակ եմ Գորիսի ՌՈ բաժնի քրեական բաժանմունքի պետն է: Սենյակում դատախազ Մալյանը ինձ հրամայեց նստել ու ցուցմունք գրել, ինչից հետո դուրս եկավ սենյակից:
ՌՈ աշխատակիցները իրենց հերթին պահանջեցին ցուցմունք գրել: Ես հրաժարվեցի: Խալաթյանը կոպիտ ձևով հրամայեց նստել և գրել: Այդ ժամանակ դատախազների սենյակ մտան դատական նիստին մասնակից փաստաբանները աղմկեցին և ինձ դուրս բերեցին դատախազների սենյակից»:
Նախորդ դատական նիստում տուժող կողմը դատարանին ներկայացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից արված գրավոր փաստաբանական հարցումները, որտեղ վկաներ Գոռ Մարգարյանը և Անդրանիկ Թադևոսյանը նկարագրել են զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան դեպքի հետ կապված իրենց հայտնի բոլոր տեղեկությունները, որոնք էապես կարող են փոխել հանցագործության կատարման պատկերն ու վարկածը: Ըստ վկաների՝ նախաքննության մարմինը ոչ միայն չի լսել իրենց, այլ սպառնալիքմների և ճնշումների միջոցով պարտադրել է հորինված մի վարկած:
«Վկաներ Անդրանիկ Թադևոսյանը և Գոռ Մարգարյանը իրենց հարցումներում հայտարարում են, որ հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, ծեծի և նվաստացումների, ազատությունից ապօրինի զրկելու արդյունքում նախաքննական մարմինները իրենցից կորզել են կեղծ ցուցմունքներ, ինչպես նաև հայտարարում են այնպիսի հանգամանքների մասին, որոնք նախաքննական մարմինների կողմից թաքցվել են կամ խեղաթյուրվել, քրեական գործի համար ունեն բացառիկ նշանակություն և նոր լույս են սփռում գործի հանգամանքների վրա», նշվում է դատարանին ուղղված միջնորդության մեջ:
Նշենք նաև, որ գործի նախաքննության վերահսկողությունն իրականացրել է այն ժամանակ զինվորական, իսկ այժմ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Տեսանյությում ներկայացնում ենք այս գործով վկա, նախկին զինծառայող Ա.Թադևոսյանի ցուցմունքը կատարվածի վերաբերյալ:
Ավելացվել է 07 April, 2014