78 օր ծառայած զինվորը 11 տարի բանտում է

Լուսանկարը 11 տարվա պատմություն ունի: 18-ամյա շարքային, մոտ 80 օր Վանաձորի զորամասերից մեկում ծառայության անցած Էմիլ Չիվթչյանն է, ով արդեն 11 տարի չի վերադարձել տուն: Շուտով 30-ը բոլորող նախկին զինվորը  գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա մեկն է ցմահ դատապարտված 14  նախկին զինվորներից: Էմիլին մեղադրել են 2003 թ-ի օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը Վանաձորի X զորամասի իրերի պահեստի տնակում համածառայակիցներից երեքին (Արման Դավթյանին ու եղբայրներ Լևոն և Համլետ Բարսեղյաններին) կանխամտածված, դիտավորյալ սպանելու մեջ: Որպես սպանության մոտիվ նախաքննական մարմինը (այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից ձևավորված քննչական խումբը՝ ՀԿԳ ավագ քննիչ Խ. Ղալթախչյանի գլխավորությամբ: Իսկ խմբի անդամներից է եղել նաև Մատաղիսի գործով հայտնի ավագ քննիչ Արմեն Հակոբյանը) առաջ է քաշել Էմիլի արձակուրդ գնալու 50 ԱՄՆ դոլար գումարը: Այդ գումարը, ըստ մեղադրանքի, նա տվել էր կրտսեր սերժանտ, սպանված տղաներից Արման Դավթյանին, սակայն խոստացված արձակուրդն այդպես էլ չի ստացել:

Մեղադրանքի ու դատավճռի հիմքում Էմիլ Չիվթչյանի ինքնախոստովանական, նաև գործով մյուս մեղադրյալի ցուցմունքներն են՝ տրված նախաքննության ժամանակ, որոնցից, սակայն, երկուսն էլ հրաժարվել են դատավարության ընթացքում՝ պնդելով, որ դրանք տրվել են խոշտանգումների, վախի, ընտանիքի հետ հաշվեհարդարի սպառնալիքի տակ. «Ծեծում էին անգամ իրենց կանչած պաշտպանների մոտ, նրանք էլ համոզում էին, որ մեր վրա վերցնենք սպանությունը»,-կարդում ենք առերեսման վերծանված արձանագրության մեջ: Էմիլը դատավարությունից սկսած մինչ օրս պնդում է, որ անմեղ է, չի կատարել սպանություն:

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին արձագանքելով՝ նախկին շարքային զինվորի մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը պատմեց, որ 11 տարի է պայքարում են տղայի անմեղությունն ապացուցելու համար, բողոքներ են գրել ամեն պետական ատյան, սակայն բոլոր վայրերից ստացել են պատասխան, որ դատավճիռը օրինական ուժի մեջ է, ճիշտ է ու համակողմանի քննված: «Անգամ երբ Գևորգ Կոստանյանը նոր էր նշանակվել գլխավոր դատախազ, Էմիլի փաստաբանի՝ Սամվել Միրզոյանի հետ եղանք նրա մոտ ընդունելության: Գլխավոր դատախազը լսեց մեզ ու ասաց, որ անհրաժեշտ են նոր հանագամանքներ: Բայց գործը սարսափելի խախտումներով է քննվել, սրան ո՞վ պիտի ուշադրություն դարձնի»,-«Հետքի» հետ զրույցում պատմեց զինվորի մայրը:

Տիկին Վարսենիկը պատմեց, որ տղան մեծացել է Երևանում, հաճախել դպրոց, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, բայց զորակոչել են բանակ դպրոցն ավարտելուց 2 տարի անց՝ 18 տարեկանում. «Տղաս հասցրեց ծառայել ընդամենը 78 օր: Ուզում էր օգոստոս ամսին եղբոր ծննդյան տոնին մասնակցել, ասաց, որ 50 դոլարով են դասավորում, մենք ուղարկեցինք այդ գումարը, բայց Էմիլը դեպքի հաջորդ օրը զանգեց մեզ ու ասաց, որ չի կարող գալ արձակուրդ. զորամասում լսել է, որ այն ծառայողը, ով պիտի դասավորեր արձակուրդը, սպանվել է: Անցան օրեր, մենք իմացանք, որ զինվորներին տարել են զինդատախազություն, որոնց մեջ է նաև Էմիլը: Հետո իմացանք, թե ինչ բռնությունների է ենթարկվել տղաս, անգամ չեմ կարող պատմել, չեմ էլ ուզում վերհիշեմ այդ սարսափը, որ ինքն իր դեմ ցուցմունք տա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող են ստիպել, ինչ հնարքներով, ինչ մեթոդներով, որ մարդը վախից խոստովանի, թե  ինքն է կատարել 3 զինծառայողի սպանություն»:

«Հետքը» փորձեց գնալ այս գործի հետքերով՝ սկսելով նախ ուսումնասիրել 7 հատորանոց քրեական գործը, ծանոթանալ նյութերին, վկաների, կասկածյալների, երկու մեղադրյալների հարցաքննությունների արձանագրություններին, մեղադրանքին, փորձաքննությունների արդյունքներին:

Այս գործով կատարվել է մոտ 30 փորձաքննություն (դատաքրեագիտական, դատահետքաբանական, դատահոգեբուժական, դատաձգաբանական, դատանարկոլոգիական և այլն), որոնցից 8-ը վերաբերել է ուղիղ Էմիլ Չիվթչյանին, սակայն որևէ փորձաքննության արդյունքով հիմնավորված չէ, որ Էմիլը մասնակցություն է ունեցել սպանությանը:

Էմիլը վկայից կասկածյալ, այնուհետև մեղադրյալ է դարձել 3 օրում: 2003 թ-ի օգոստոսի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել: Ընդ որում, օգոստոսի 8-ին՝ որպես վկա նա ցուցմունք է տվել ու նշել, որ ինքը սպանությունից տեղյակ չէ: Ապա ընդամենը 40 րոպե անց նա խոստովանել է, թե ինքն է կատարել սպանությունը: Այդ հարցաքննությունը տևել է ութ ու կես ժամ, ինչը, ըստ քրեական դատավարության օրենսգրքի խախտում է. 205 պրիմ 1 հոդվածով հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից: 8:30 ժամ անց Էմիլը նշել է, որ իր աչքերը ցավում են, որ բժիշկը դեղ կաթեցրեց իր աչքերի մեջ, որ ի վիճակի չէ շարունակել հարցաքննությունը, սակայն մոտ 3 ժամ անց՝ 02:20 վերսկսվել է հարցաքննությունը և ձգվել մինչև լուսադեմ՝ 05:40, որի ժամանակ էլ երկու քննիչները՝ Ղալթախչյանն ու Հակոբյանը՝ մեկը մյուսին փոխարինելով իրենց ձեռքով գրել են 18-ամյա զինվորի ցուցմունքն առավել մանրամասն:

 

Հ.Գ. «Հետքը» զրուցել է նաև 11 տարի առաջ Էմիլ Չիվթչյանի պաշտպանությունը դատարանում իրականացրած փաստաբան Սամվել Միրզոյանի, նաև ներկայում գործը ուսումնասիրող փաստաբան Վահագն Դավթյանի հետ: Ի՞նչ բացթողումներ, խախտումներ կան գործում, ի՞նչ է հնարավոր անել դեպքից 11 տարի աց, երբ ոչնչացված է դեպքի վայրը, երբ ոչնչացված են ապացույցները: Մասնագետների կարծիքները կներկայացնենք հաջորդիվ:

Շարունակելի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://hetq.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը