Սարգիս Սահակյանի ինքնասպանությունը բացառում են և՛ տուժող, և՛ պաշտպանական կողմերը

Մեղրիի Ծիրանաձորի հենակետում 2012 թվականի նոյեմբերին մահացած 19-ամյա Սարգիս Սահակյանի գործով մեղադրանքը հերքված է համարում պաշտպանական կողմը՝ համադրելով, մասնավորապես, դատաձգաբանական փորձաքննության մեջ նշվածն ու դատարան հրավիրված փորձագետ Աշոտ Գասպարյանի ցուցմունքները:

Աշոտ Գասպարյանը, Կապանի դատարանում երկու օր առաջ ցուցմունք տալով, իր իսկ եզրակացությունից էականորեն տարբերվող պնդումներ էր ներկայացրել:

Փորձագետը դատաձգաբանական փորձաքննության նկարագրական մասում ընդունել էր, որ և՛ մահացած զինվորի, և՛ վկա Թովմաս Մնացականյանի հագուստների վրա հայտնաբերվել են կրակոցի մետաղացման հետքեր, սակայն եզրափակիչ մասում չէր նշել, որ պղնձի մետաղացման հետքերը կրակոցի հետևանք են: Նա դատարանում որպես վկա ցուցմունք տալով հայտարարել է, թե Սարգիս Սահակյանի, նաև վկա Թովմաս Մնացականյանի հագուստների վրա հայտնաբերվածը աղտոտվածության հետևանք են, ոչ թե կրակոցի արգասիք։

Դատարանում կողմերի բուռն արձագանքին արժանացած փորձագետի այս և մի շարք այլ պնդումներից ամբաստանյալների պաշտպան Անի Թորոսյանը հետևություն է անում.- «Եթե փորձագետը իսկապես գտել է, որ դա աղտոտվածություն է, ոչ թե արգասիքի առկայություն, ապա պիտի եզրակացությունում նշեր, որ հայտնաբերվածը աղտոտում է։ Եվ ի վերջո աղտոտման հետևանքով պղնձի միկրոմասնիկների առաջացումը մի փոքր չէ, շատ է տրամաբանությունից դուրս։ Պղնձի միկրոմասնիկները տվյալ դեպքում առաջանում են գնդակի հետ շփման հետևանքով»։

Սարգիս Սահակյանի գործով մեղադրվում են նրա երկու ծառայակիցները՝ կանոնադրային հարաբերությունները խախտելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ. ըստ մեղադրական պնդումների՝ Սահակյանին հասցրել են ինքնասպանության: Պաշտպանը նշում է, որ փորձագետի դատարանական վկայությունից հետո իր պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքի ապացույցներից առայժմ մեկը շարքից դուրս պիտի գա։

«Եթե նա չի հիմնավորում, նշանակում է ապացույցներից մեկը դուրս է գալիս շարքից։ Մենք վստահ ենք, որ էստեղ սպանություն է կատարվել։ Պետք է ժամանակին պատշաճ քննություն կատարվեր։ Հիմա մենք հարկադրված, մեր գործը թողած, նախաքննական մարմնի փոխարեն մենք ենք աշխատում վարկածների վրա»,- ասաց Անի Թորոսյանը։

Պաշտպանը մեղադրանքը քննարկում է նաև իրեղեն ապացույց համարվող լուսանկարի հետ համեմատությամբ: Ըստ փորձաքննությունների եզրակացությունների՝ կրակոցը եղել է կանգնած դիրքում: Բայց լուսանկարում Սարգիս Սահակյանը ուղիղ պառկած վիճակում է, ոտքերը՝ դեպքի վայրում առկա տակառին հպված: Փաստաբանը հարցնում է՝ ինչպե՞ս կարող էր կանգնած դիրքից կրակոց արձակվելուց հետո զինվորը վայր ընկնել և անմիջապես վրա հասած մահից հետո իրանը տեղաշարժվեր դեպի տակառը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում տարօրինակ համարեց այն, որ եթե հիմք ընդունվի փորձագետի դատարանում տված վերջին ցուցմունքները, ստացվում է՝ կրակոցի որևէ արգասիք չի հայտնաբերվել կրակոցից մահացածի հագուստների վրա, իսկ դա անհնար է։
Տուժող կողմի պնդմամբ, փորձագետն այսպիսով թաքցնում է «այն փաստը, որ դեպքի պահին վկա Թովմաս Մնացականյանը եղել է դեպքի վայրում»:

«Եթե փորձագետը գրեր, որ այդ մետաղացման փոշին առաջացել է կրակոցի հետևանքով, ապա ուղղակիորեն կփաստեր, որ սպանության պահին որպես վկա ճանաչված Թովմաս Մնացականյանը կրակոցի պահին եղել է դեպքի վայրում»,- ասում է Մարտիրոսյանը։

Այս դատավարությունն ուշագրավ զարգացումներ է արձանագրում այն իմաստով, որ բացի մահացած զինվորի հարազատներից, մեղադրվող կողմը նույնպես բացառում է ինքնասպանության վարկածը: Ստացվում է՝ պայքարը մեղադրող կողմի ներկայացրած, այսպես ասած, ապացույցների դեմ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/content/article/25369745.html

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը