Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի , դեռեւս շատ հարցեր պատասխանների կարիք ունեն
Մայիսի 1-ին անհետացած եւ միայն երեկ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակների օգնությամբ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս բերված ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի մահը վրա է հասել ջրահեղձման արդյունքում: Այս մասին են փաստում դատաբժշկական առաջնային դիազննության արդյունքները, որին, մահացածի հոր խնդրանքով, ներկա է գտնվել նաեւ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
1986թ. ծնված ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան վերջացնելուց հետո, արդեն 4 տարի գտնվում էր ծառայության մեջ: Նա անհետացել էր մայիսի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ Վայոց Ձորի մարզի թիվ 70179 զորամասի մարտական հենակետերից մեկի ավագի պարտականությունները կատարելու ժամանակ: Ըստ շրջանառվող լուրերի նրան տեսել են հաջորդ օրը՝ արդեն մահացած, ջրի հոսանքն ի վար Արփայով իջնելիս: Փրկարարներին դիակը հայտնաբերել հաջողվել է միայն երեկ՝ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում:
Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի հաղորդած տվյալների՝ առաջնային դիազննությունը ցույց է տվել նաեւ, որ Մ. Հարությունյանի մարմնի վրա կոտրվածքներ, ակնհայտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Միայն՝ արյունազեղում հիշեցնող տեղամաս կա գլխի ճակատային մասին, քթարմատի հատվածում: Սակայն դատաբժիշկ Գաֆարյանն այս պահին չի կարող ասել դա հարվածի հետեւանք է, թե՞ դիակային փոփոխության. պարզ կլինի մեկ ամսվա ընթացքում:
Փորձագետ Ռ. Մարտիրոսյանը կշարունակի հետամուտ լինել, որպեսզի բացահայտվի կատարվածը, հանցակազմ գտնվելու եւ քր. գործ հարուցվելու դեպքում՝ պատրաստ է հանդես գալ որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ: Ըստ նրա, դեռեւս շատ հարցեր պատասխանների կարիք ունեն. Մ. Հարությունյանը ջրից հանվել է համազգեստով եւ զինվորական երկարաճիտ կոշիկներով, այսինքն նա լողանալու մտադրություն չի ունեցել, մինչ այժմ չի հայտնաբերվել նրա բջջային հեռախոսներից մեկը, որով մահվանից առաջ խոսել է, անհայտ է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է հենակետի ավագն ինքնակամ լքել ծառայության վայրը եւ այլն:
2009թ.-ին ժամկետային զինծառայություն անցնելու ընթացքում «ինքնասպան» էր եղել Մ. Հարությունյանի հորաքրոջ որդին՝ Սերգեյ Մանուկյանը:
Ավելացվել է 12 May, 2014