Զինվորական հոսպիտալում ծեծկռտուքի գործի նախաքննությունն ավարտվել է

Կանազի կլինիկական զինվորական հոսպիտալում նախորդ տարվա նոյեմբերի 2-ին զինվորականների և բուժանձնակազմի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունն ավարտվել է: Գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործով մեղադրանք է առաջադրվել 4 զինծառայողների:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 2-ին կեսգիշերին մոտ 4 զինծառայողներ փախել էին հոսպիտալից՝ պատճառաբանելով, որ իրենց ծեծել են: Զինծառայողներից Ռազմիկ Մանուկյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից գործով ակնհայտ կողմնակալ քննություն է վարվել: Մեղադրանք է առաջադրվել չորս զինծառայողներին՝ Քր. Օ.-ի 358 հոդվածի երրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, և 258 հոդվածի առաջին մասով՝ խուլիգանություն: Զինծառայողներից երեքն այսօր կալանքի տակ են՝ Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը, Գարեգին Դանիելյանը, իսկ Դավիթ Մարկոսյանը կալանավորված չէ:

Զինվորական հոսպիտալից փախուստի դիմած զինծառայողները պնդել են, որ բուժանձնակազմն է իրենց ծեծի ենթարկել: Փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ մարմնական վնասվածքներ են եղել և ժամկետային զինծառայողների, և սպաներից երկուսի վրա: «Քանակի առումով որ նայում ենք, ժամկետային զինծառայողների վրա ավելի շատ են վնասվածքները: Ես կարծում եմ, որ զինծառայողների վնասվածքների վերաբերյալ պատշաճ քննություն չի կատարվել: Ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է եղել սպաների ասածի վերաբերյալ, չնայած նրանց ասածները շատ հակասական են եղել, մեկը մյուսին չեն հաստատում, այլ հակառակը՝ հերքում են: Այդ իրավիճակում գործը միայն զինծառայողներին դատի տալու մասով ուղարկվել է դատարան», ասաց փաստաբանը:

Նա գտնում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: «Եթե դատավարությունն օրենքով սահմանված կարգով ընթանա, ապա ես գտնում եմ, որ միանշանակ իմ պաշտպանյալը պետք է արդարացվի, ու գործը քննվի սպաների կողմից զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու փաստի վերաբերյալ»,- ասաց նա:

Ավելի վաղ զինծառայողների ծնողներն ահազանգել էին, որ հոսպիտալում բուժվող զինծառայողները սպաների կողմից ծեծի են ենթարկվել:

Մասնավորապես, զինծառայողներից Դավիթ Մարկոսյանի հայրը պնդել էր, որ զինվորներին ծեծել են հոսպիտալի պետը, ատամնատեխնիկը և հոգեբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը