Սպանված զինվորի մայրը պատրաստվում է հարցում անել Ադրբեջանի իշխանություններին
2014թ․-ի մայիսի 22-ին, հինգշաբթի օրը Հհ զինված ուժերում սպանված զինվորների ծնողները, ովքեր տարիներ շարունակ բողոքում են ՀՀ դատիրավական համակարգի կողմից իրենց որդիների սպանության գործերով կատարված աղաղակող անօրինականություններից, իրենց հերթական բողոքի ցույցն էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցներից մեկը՝ Իրինա Ղազարյանը դրա ընթացքում հարցազրույց էր տվել, որը ներկայացվել էր նույն օրը 1in.am կայքում: Այսօր մայիսի 26-ին, սպանված զինվորի մայր Իրինա Ղազայանին էր զանգահարել մի անձնավորություն եւ, ներկայանալով որպես գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյան, հրավիրել էր գլխավոր դատախազություն՝ նշելով, որ եթե գա եւ ներկայացնի իր ունեցած փաստերը, դրանց հիմնավոր լինելու դեպքում իրենք գործը կարող են կարճումից հանել եւ սկսել նոր քննություն: Այս կապակցությամբ տուժող Իրինա Ղազարյանի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, իրավապաշտպան Ռ․ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ գործով կատարվել է միտումնավոր կեղծ, թերի նախաքննութուն, որն ուղեկցվել է ՀՀ քր․ դատ․ օր-ի եւ ՀՀ քր․ օր․-ի կոպտագույն խախտումներով․ «Այս գործը կարող է մտնել Գինեսի ռեկորդների գիրքը՝ Իրինա Ղազարյանի կողմից պետական բոլոր պատկան ատյաններին ուղղված գրավոր դիմում-բողոքների թվով: Ակնհայտ է, որ մինչ օրս նրա բոլոր փաստարկները եւ պահանջները անհիմն կերպով ոտնահարվել են, անուշադրության են մատնվել, խախտվել է նրա որդու կյանքի իրավունքը եւ դրա պատճառն այն է, որ հայաստանյան դատաիրավական համակարգը իր ամբողջության մեջ հանցավոր է եւ կոռումպացված, որ այս համակարգը գործում է ոչ թե որպես պետական, այլ որպես մասնավոր մարմին եւ բոլոր գործերով, որոնք հայտնի են ինձ, բացահայտ ցույց է տալիս դրանցում այդ իսկ համակարգի կոլեկտիվ հանցավոր շահագրգռվածությունը», – ասաց նա: Ռ․ Մարտիրոսյանը գտնում է, որ Իրինա Ղազարյանի դատախազություն գնալու որեւէ անհրաժեշտություն չկա, դատախազությունը տեղյակ է թե՛ նշված գործին, թե՛ այս գործով կատարված անթիվ անօրինականություններին․ «Եթե ի վերջո ծնվել է իշխանությունների մոտ կամք, ցանկություն, խիզախություն, ապա նրանք առաց նրա ներկայանալու, այցելության էլ իրավունք ունեն եւ, ըստ օրենքի պարտավոր են, նոր քննություն կատարել գործով: Տուժողի իրավահաջորդ Իրինա Ղազարյանն այս ամենի կապակցությամբ հայտնեց․ «Զանգում է դատախազությունից, ասում է նոր տեսա տեսանյութը, որ ասում եք, եթե նոր բաներ ունեք, եկեք քննարկենք: Ասեցի ի՞նչ ենք քննարկելու, ամեն ինչ ձեր մոտ է, փաստաթուղթ էլ կա, որ իմ տղայի գլխին հարվածել են: Նորից հրավիրեց, ասեց եկեք խոսենք, նոր գործ բացենք՝ ասացի նոր գործն առանց ինձ էլ կարող եք բացել: Երեւի ազդվել են իմ խոսքերից, որ դատախազությունը մասնավոր է: Մի վիժվածք իմ երեխային սպանել է, ես ինչ ասեմ, ասեմ լա՞վ ես արել: Գործը կոծկել եւ փակել են, չխոսե՞մ այդ մասին: Գուցե ծնող եմ, սխալ բանե՞ր եմ ասում: Գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանն ի՛նքը պետք է պնդեր, նայեր դիսկը, պարզեր ամեն ինչ, սակայն ինձ ասում է ժամանակ չունեմ, իսկ Սեյրան Օհանյանն էլ իր հերթին ասում է «Շուշանն ա՝ մի հիմար բան ասել ա»: Ուրեմն հիմա էլ ե՛ս ժամանակ չունեմ իրենց հրավերն ընդունելու: Այս անելանելի իրավիճակում մնում է, որ ինքս իմ սեփական ուժերով պարզեմ եղելությունը, եթե պատկան մարմինները դրա ժամանակը չունեն․ մնում է հարցում անելն ադրբեջանցիներին, տեղեկացնել, որ 2010թ․ դեկտեմբերի 17-ին սպանված 9 զինվորի արյան համար մեղքն իրենց վրա են գցում, կուղարկեմ այս սկավառակը, որում ասվում է դա, եւ կհարցնեմ, արդյո՞ք նման բան արել են, թե չէ: Ես դա՛ էլ կարող եմ անել, այդ է մնում միայն»:
Ավելացվել է 26 May, 2014