Սպանված զինվորի հայրը զրկված է դատարանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից
«Խաղաղության երկխոսություն» հկ-ին է դիմել Հովսեփ Մուրադյանը՝ իր որդու (Արման Մուրադյանի) սպանության հետ կապված: Դեպքը տեղի է ունեցել 2013թ․ հուլիսի 30-ին՝ ԼՂՀ ՊԲ 49971 զորամասում:
Ծանոթանալով գործի նյութերին՝ կազմակերպության փորձագետ Ռ․ Մարտիրոսյանը պարզեց հետեւյալը․ միտումնավոր, կեղծ, տարբեր հանցագործություններով ուղեկցված նախաքննության արդյունքում ՀՀ ՊՆ ՔԾ-ի աշխատակիցները եւ նրանց հսկող դատախազությունը դիտավորյալ սպանությունը որակել են որպես ինքնասպանություն: Քր․ գործով, որն ուղարկվել է դատարան, մեղադրվում է նույն զ/մ-ի զինծառայող, մայոր Էմիլ Ավետիսյանը:
«Ըստ նախաքննական հեքիաթի՝ մայորը հրամայել է 4 ժամկետային զինծառայողների վազել, երգել, «բադաքայլ» կատարել, հայհոյել է նրանց, ինչի արդյունքում 4 նվաստացված զինվորներից մեկը՝ Մուրադյանը, ինքնասպան է եղել», – ասում է Ռուբեն Մարտիրոսյանը, – «Եւ որպեսզի այս հեքիաթն արժանահավատ թվա՝ նախաքննական մարմինը միտումնավոր ձեւով այն համեմել է ամենատարբեր, զանազան մեծ ու փոքր հայհոյանքներով, ինչը էթիկայի կանոնների խախտում է: Իրականում սակայն, նախաքննական մարմինը փորձել է կոծկել իրական սպանությունն ու դրա մանրամասները»:
Բուն գործին կանդրադառնանք ավելի ուշ, առայժմ միայն նշենք, որ տուժողի իրավահաջորդը դիմում է ներկայացրել գործով դատավոր Ա․ Մնացականյանին՝ միջնորդելով, որպեսզի գործի քննությունը կատարվի ՀՀ տարածքում՝ իր բնակավայրին հնարավորինս մոտ գտնվող դատարանում․«Առողջական, ինչու չէ, նաեւ նյութական խնդիրներն անհնարին են դարձնում իմ մասնակցությունը դատավարությանը, անգամ ամենամեծ ցանկության դեպքում՝ ես չեմ կարող ամեն անգամ գնալ Ստեփանակերտ», – ասում է Հովսեփ Մուրադյանը: Խախտելով օրենքը՝ դատավոր Ա․ Մնացականյանը չի պատասխանել տուժողի իրավահաջորդին, ավելին, նա ծանուցագիր է ուղարկել վերջինիս՝ պարտավորեցնելով ներկայանալ դատարան՝ դատավարությանը մասնակցելու համար: Զավեշտալին այն է, որ դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը պատշաճ չէր․ տուժողի իրավահաջորդը՝ հայրը, այն ստացել է մայիսի 22-ին, իսկ նրանում նշված էր, որ դատաքննությունը մայիսի 21-ին է տեղի ունենալու: Միաժամանակ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի պնդմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրն ապօրինի կառույց է․ Դրա գոյությունը կտրուկ հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որոնցում ասվում է հստակորեն, որ ՀՀ օրենքները գործում են միմիայն ՀՀ սահմաններում»: Նա նշում է նաեւ, որ ապօրինի կառույցներ են բոլոր այն պետաիրավական մարմինները, որոնք ստանձնել են գործով նախաքննությունը (ՀՀ ՊՆ ՔԾ, ՀՀ ՊՆ ՌՈ եւ ՀՀ զինդատախազության ԼՂՀ մասնաճյուղերը) եւ հենց սա է պատճառներից մեկը, որ այս մարմինները կատարել եւ կատարում են հանցագործություններ զինվորների սպանությունների գործերով՝ մնալով անպատիժ:
Տուժող կողմը չի պատրաստվում գնալ Ստեփանակերտ նաեւ այն պարզ պատճառով, որ 7 ժամ ճանապարհ գնալուց հետո հնարավոր չէ դատաքննությանը նորմալ, պարզ գլխով մասնակցել, ինչը հակասում է արդյունավետ դատաքննության սկզբունքներին: Զինվորի հոր պանդմամբ՝ անցած տարվա սեպտեմբեր ամսին իր մոտ հրավիրելով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրան խոստացել էր արդար քննություն, նաեւ, որ կհոգա նախաքննությանն ու դատաքննությանը մասնակցելու բոլոր ծախսերը (տրանսպորտ, փաստաբան, սնունդ եւ այլն): Իսկ 4 օր առաջ ՊՆ գրավոր պատասխանում ասված է, որ նման միջոցներ ՊՆ-ի կողմից նախատեսված չեն եւ չեն տրամադրվում: Սակայն, ըստ Ռ․ Մարտիրոսյանի, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ առնվազն 3 սպանված զինվորի ծնողներ նման գումարներ ստացել են վերջին 2-3 տարիների ընթացքում: Այսինքն՝ նախարարը ղեկավարվում է երկակի չափանիշներով: Այս նույն ձեւով մերժվել են 5-6 այլ ծնողներ, ոչ միայն Հովսեփ Մուրադյանին՝ զրկելով նրանց իրենց շահերն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից: Տարբեր նախաքննական մարմինների կողմից նախաքննության ընթացքում կատարված հանցագործություններին Ռ․ Մարտիրոսյանը խոստացավ ավելի ուշ՝ դատաքննության փուլում անդրադառնալ:
Ավելացվել է 30 May, 2014