ՀՀ գլխավոր դատախազն անձամբ է պատասխանատվություն կրում զինված ուժերում կատարված հանցագործությունների կոծկման համար
Գեւորգ Կոստանյանը 2011թ.-ից նշանակված լինելով զինդատախազ, ամիսներ անց (ի պատասխան սպանված զինվորների հարազատների դիմում-բողոքների եւ բողոքի ցույցերի) հայտարարեց, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել միմիայն այն գործերի համար, որոնցով քննությունները կատարվել են իր պաշտոնավարման օրոք: Նախ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի այսօրինակ հայտարարությունն իր հիմքում արդեն իսկ անօրինականություն է պարունակում կամ, առնվազն, զարմանալի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, համաձայն որոնց ՀՀ իշխանությունները պարտավորություն ունեն, պարտավոր են հանցագործությունների դեպքում կատարել օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, գտնել եւ պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց: Ըստ էության, Կոստանյանը մերժում է այս օրենքը, հրաժարվում է պետության ստանձնած պարտավորությունից: Ստացվում է, որ ՀՀ ԶՈՒ-ում կատարված այն սպանության գործերը, որոնք կատարվել եւ քննվել են իրենից առաջ՝ պետք է կարճվեն, քանի որ փոխվել է դատախազը: Սակայն, բանից պարզվում է, որ նորանշանակ դատախազի պաշտոնավարման ընթացքում էլ զինվորների մահվան գործերով կատարվող նախաքննությունների ընթացքում նախաքննական մարմինների, քննիչների, դատախազների կողմից կատարվող ապօրինությունները չեն պակասել: Սույն հոդվածում, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի օգնությամբ, կանդրադառնանք այդպիսի մի քանի գործերի, որոնց համար, իր իսկ հայտարարության համաձայն, Գ. Կոստանյանը պատասխանատվություն, այնուամենայնիվ, կրում է:
Այսպես.
- 2011թ.-ին նորանշանակ զինդատախազ Կոստանյանը հանդես եկավ հեռուստացույցով եւ հայտարարեց հետեւյալը. ունի փաստեր Վալերի Մուրադյանի գործով («Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից տպագրված «ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերով նախաքննության եւ դատաքննության ընթացքում վերհանված խախտումների դեպքերի վերլուծություն» գրքույկում՝ համար 7 գործը), ընդհանուր առմամբ գիտի սպանություն կատարողներին, պատճառը եւ շուտով այդ հանցագործները կձերբակալվեն եւ կենթարկվեն պատասխանատվության եւ, որ այդ մասին դատախազությունը կհայտնի լրացուցիչ: Այս հայտարարությունից անցել է առնվազն 3 տարի. չկա ոչ մի բացահայտում, չկան կասկածյալներ, մեղադրյալներ, ամբաստանյալներ: Դրա փոխարեն 2014թ.-ին քարոզարշավի ժամանակ պատասխանելով սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանի հարցին, թե ինչու մինչ օրս չի բացահայտվում իր տղայի սպանությունը, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Բա գիտես էդպես հե՞շտ է սպանություն բացահայտելը»:
- (Արտակ Նազարյան, համար 1) Ստանձնելով նոր պաշտոնը՝ Գ. Կոստանյանն, ի պատասխան սպանվածի մոր բողոքների, կարգադրեց քր. գործի նախաքննությունը շարունակել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ բաժնի շրջանակներում: Այսինքն, զինդատախազը համամիտ էր սպանվածի մոր այն տեսակետի հետ, որ մինչ այդ գործով կատարվել է միակողմանի եւ թերի քննություն: ՀԿԳ-ում (քննիչ Լեւոն Պետրոսյան), սակայն, քննությունը կատարվեց էլ ավելի մեծ խախտումներով եւ անօրինականություններով: Ինչպես ներկայացնում է փորձագետ Ռ. Մարտիրոսյանը, ով նշված գործով հանդես է եկել որպես տուժող կողմի ներկայացուցիչ, սույն գործով հանցագործություններ են կատարել, անօրինականություններ են թույլ տվել պետական շուրջ երեք տասնյակ մանր միջին եւ խոշոր տրամաչափի պաշտոնյաներ: Այս մասին տեղյակ է Սերժ Սարգսյանը, ում Ռ. Մարտիրոսյանն ու նրա գործընկերները շուրջ երկու տասնյակ միջնորդություններ, հաղորդումներ են ներկայացրել հանցագործությունների մասին՝ միջնորդելով, որ նշված փաստերով հարուցվեն քրեական գործեր, մեղավորները, ինչպես նաեւ հանցագործները, ենթարկվեն պատասխանատվության: Բոլոր փաստերն ուղարկվել են նաեւ զինդատախազին, ով (թերեւս, կառավարության հռչակած կոռուպցիայի դեմ «պայքարի» շրջանակներում) կոծկել է դրանք: Արդյունքում՝ նաեւ գործն է կոծկվել դատավոր Մարդանյանի կողմից, բնականաբար՝ իշխանությունների ցուցումով եւ գիտությամբ:
- Այս շարքում պետք է նշել նաեւ Թորգոմ Սարուխանյանի (համար 2) գործը: Չխախտելով «լավագույն ավանդույթները», 2011թ.ից սկսած, գործով կատարվել է կեղծ, հանցավոր նախաքննություն եւ դատավարություն (դատավոր՝ Համլետ Դավթյան): Արդյունքում՝ սպանությունը կոծկվել է, 3 անմեղ զինծառայող այժմ էլ գտնվում են բանտում՝ չկատարած հանցանքների համար: Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը տասնյակ հաղորդումներ է ուղարկել հանցագործությունների մասին ինչպես Ս. Սարգսյանին, այնպես էլ տխրահռչակ Աղվան Հովսեփյանին: Դրանք բոլորն, ի վերջո, հայտնվել են Գ. Կոստանյանի աշխատասենյակում, նա էլ դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել, չի պատժել հանցագործություններ կատարած իր ենթականերին, այլ արել է ամեն ինչ, որպեսզի այս փաստերի հիման վրա ընդհանրապես քննություն չկատարվի,:
- Այս շարքում նշենք նաեւ Տիգրան Համբարձումյանի (համար 3) սպանության գործը, որը տեղի է ունեցել եւ քննվել արդեն Կոստանյանի օրոք: Դեռեւս 2013թ.-ին Ռ. Մարտիրոսյանը տուժողի իրավահաջորդի հետ միասին հանդիպում է ունեցել Գորիսում Գ. Կոստանյանի հետ եւ համոզվել, որ վերջինս շահագրգռված չէ նշված սպանության բացահայտման հարցում: Գ. Կոստանյանի ցուցումով նրա ենթակաները «բացահայտել» էին մի քանի ամիս առաջ կատարված էպիզոդներ այս գործի հետ առնչվող, որոնք իրենց հիմքում, ըստ Ռ․ Մարտիրոսյանի, ուղղակի անհեթեթություններ էին: Սակայն այս նույն «քաջարի» դատախազները, քննիչներն ու ռազմական ոստիկանները, ըստ Կոստանյանի հայտարարության, մի քանի ամիսների ընթացքում չէին կարողացել պարզել, թե դեպքից ժամեր առաջ որտե՞ղ, ո՞ւմ հետ եւ ի՞նչ առիթով է խմել Համբարձումյանը, ինչի փաստը ֆիքսել էր դատաբժիշկը: Այս պահից արդեն հասկանալի էր, որ անձամբ Գ. Կոստանյանը շահագրգռված է այս գործով եւ, որ այն պետք է կոծկվեր, ինչն էլ տեղի ունեցավ: Եթե առաջին օրվանից դատախազությունը առաջ քաշեց եւ քննեց ինքնասպանություն կեղծ վարկածը, ապա 2014թ. սկզբներին գործը կարճվեց, քանի որ, ըստ նույն Գ. Կոստանյանի, Տիգրանի ինքնասպանության մեջ մեղավոր անձինք չկային:
- Այս շարքում կարելի է դիտարկել նաեւ Արթուր Ղազարյանի սպանությունը (համար 4), որով եւս կատարվել է կեղծ, միակողմանի, թերի նախաքննություն եւ, ի վերջո, կարճվել: Սպանված զինվորի մայրն իր որդու սպանության շուրջ մի քանի հարյուրի հասնող դիմում-բողոքներ է գրել Ս. Սարգսյանին, գլխավոր դատախազին է ուղարկել Ռ. Մարտիրոսյանի ուսումնասիրության արդյունքում ստեղծված հիմնավոր միջնորդությունը՝ քրեական գործով նոր, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու պահանջով: Առ այսօր՝ զրոյական արդյունքով:
- Կոստանյանի օրոք է տեղի ունեցել նաեւ Զորիկ Մարգարյանի սպանությունը (համար 6), բացահայտ կեղծ քննությամբ նախաքննությունն «ապացուցել» է, թե իբր զինվորին սպանել է հակառակորդի մեկ անձից բաղկացած դիվերսիոն խումբը: Այս բացահայտ հեքիաթը, ինչպես նշում է Ռ․ Մարտիրոսյանը, կտրուկ հակասում է քր. գործով ձեռք բերված ապացույցներին:
- Այս շարքին պետք է դասել նաեւ Կոստանյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած Էդվարդ Ալավերդյանի (համար 11), ինչպես նաեւ Աղասի Աբրահամյանի (համար 15) գործերը:
- Այս շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Մանուչար Մանուչարյանի սպանության գործը, որը դատախազության ՔԾ համակարգն իր ավանդույթի համաձայն ներկայացրել է որպես ինքնասպանություն: Ինչպես միշտ նախաքննության կողմից որպես սպանության գործիք ներկայացվող ինքնաձիգի վրա ինքնասպանի մատնահետքերն անգամ չկան: Ողջ սպանության գործը ներկայացված է ընդամենը մեկ «վկայի» ցուցմունքների վրա, ով (ինչպես պնդում է Ռ․ Մարտիրոսյանը՝ նրա ցուցմունքը համադրելով գործով ձեռք բերված ապացույցների հետ), ակնհայտորեն ստում է:
Մատնահետքեր չկան նաեւ այն զենքի վրա, որով իբր 2013թ. հուլիսի 30-ին Մանուչար Մանուչարյանի սպանությունից մեկ օր առաջ ինքնասպան էր եղել նաեւ Արման Մուրադյանը: Նախաքննական մարմինն այս ակնհայտ սպանության գործով առաջ էր քաշել մի անհեթեթ վարկած. գումարտակի սպա Էմիլ Ավետիսյանը հարվածել, հայհոյել ու վազեցրել է 3 ժամկետային զինծառայողների, որոնցից մեկը՝ Արմանը, չդիմանալով այս նվաստացումներին, հենց վազելու ընթացքում «ինքնասպան» է եղել: Ինչպես վերոնշյալ բոլոր, այնպես էլ՝ այս գործով կատարվել է կեղծ քննություն, միտումնավոր փոխվել է դեպքի վայրը, մի շարք կարեւորագույն փաստաթղթեր, ինչը թույլ է տվել դատախազության կողմից վերահսկվող նախաքննական մարմնին դիտավորյալ սպանությունը որակել որպես ինքնասպանություն: Այս ողբերգության մասին մանրամասներ կհաղորդենք առաջիկայում, իսկ այժմ միայն փաստենք. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի չէ վերջին տարիներին քննված գոնե մեկ քրեական գործ, որով կատարված լինի օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, բացահայտվի հանցագործությունը եւ պատասխանատվության ենթարկեն ոչ թե պատահական անմեղ մարդիկ, զինծառայողներ, այլ իրական հանցագործները: Այս ներկայացված փաստերի համայնապատկերի ներքո նոր իմաստ եւ որակ է ստանում Ս. Սարգսյանի կողմից Գ. Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու քայլը: Իհարկե, միամիտ եւ դյուրահավատ պետք է լինել կարծելու համար, որ այդ պաշտոնում նշանակված, շատ թե քիչ օրինականության հանդեպ հարգանք տածող մեկ այլ անձ կկարողանար սույն, այսպես կոչված, պետությունը կարճ ժամանակահատվածում դարձնել իրավական պետություն, սակայն տվյալ կադրային փոփոխությունը հուշումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնիսկ հեռավոր ապագայում չեն կարող արդարության երազանքը փայփայել:
Ավելացվել է 07 June, 2014