Քննիչը «նպատակահարմար չի համարել»․․․

ՀՀ գլխավոր դատախազ Գագիկ Կոստանյանի պաշտոնավարման ընթացքում կատարված վերջին աղմկահարույց սպանություններից է Սարգիս Սահակյանի սպանությունը, որը կատարվել է 05.11.2012թ.-ին: Գործն, ինչպես միշտ, որակվել է որպես ինքնասպանություն, ինչպես միշտ զենքի, սպանության գործիքի վրա, մատնահետքեր չեն հայտնաբերվել: Սույն գործի մասին արդեն մամուլով եւ համացանցում բազմիցս խոսվել է, նշվել, որ չկա ոչ միայն մատնահետքեր զենքի վրա, այլեւ չկա կրակված պարկուճը: Գործով անցնող վկաները ցուցմունք են տվել, որ իրենց նախաքննական ցուցմունքները կեղծ են, դրանք ձեռք են բերվել (ավելի շուտ կորզվել են) ծեծի, խոշտանգումների, շանտաժի միջոցով: Ոչ պակաս կարեւոր են գործով ձեռք բերված նորագույն փաստերը. այսպես, չնայած նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ կրակոցի պահին իրեղեն ապացույց համարվող ինքնաձիգը գտնվել է Ս. Սահակյանի բերանի խոռոչում, ինչն իր եզրակացությամբ եւ դատարանում տված ցուցմունքով հաստատել է նաեւ գործով դատաբժիշկ Սեւոյանը, դատակենսաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ինքնաձիգի վրա չկան ո՛չ արյան, ո՛չ թքի հետքեր: Սա, ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, կարող է ունենալ միայն մեկ մեկնաբանություն. սպանության իրական գործիք ինքնաձիգը նախաքննական մարմնի կողմից, բնականաբար գլխավոր դատախազի գիտությամբ եւ ցուցումով, փոխվել է, փոխարենը՝ դրվել հանգուցյալի զենքը՝ կատարվածն ինքնասպանություն որակելու համար: Այս փաստի լրացուցիչ ապացույցն է այն, որ նշված ինքնաձիգը առգրավել եւ փաթեթավորել, սահմանված կարգով կնքել է գործով քննիչ Հայկ Հայրապետյանը, իսկ փորձագետին է հասել ինքնաձիգը նրա գործընկեր, քննիչ Մելիք-Քարամյանի կնիքով կնքված:

Փորձագետը խայտառակություն է համարում նշված քննիչի՝ Մելիք-Քարամյանի ցուցմունքը դատարանին սույն թվականի մայիսի 31-ի դատական նիստում: Վերջինս տասնյակ կարեւորագույն հարցերին ուներ ընդամենը մեկ հերթապահ պատասխան. «Ես նպատակահարմար չեմ գտել»: Նա նպատակահարմար չէր գտել քննություն կատարել ամբողջ գործով, պարզել, թե ինչ հեռավորություն էր դեպքի վայրից մինչեւ վկա Թովմաս Մնացականյանի, մնացած զինվորների գտնվելու վայրերը, ովքեր էին ավելի մոտ դեպքի վայրին, ինչպես ստացվեց, որ շատ ավելի հեռվում գտնվողն ավելի շուտ հասավ, տեսավ եւ վերադարձավ, հենց ինքն ընկերներին հայտնեց ողբերգության մասին:

Քննիչը դեպքի վայրից վերցրել էր արյան եւ արյունոտ քարերի նմուշներ, բնականաբար, փորձաքննության ուղարկելու համար, սակայն ավելի ուշ նպատակահարմար չէր գտել դրանք փորձագետին ուղարկել: Նպատակահարմար չէր գտել բազմակողմանի քննություն կատարել մատնահետքերի բացակայության, պարկուճի անհետացման փաստերով, այսինքն, կարելի է ասել, ընդհանրապես բոլոր՝ գործով կարեւոր հարցերով քննություն կատարելը նա նպատակահարմար չէր գտել: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր քննիչի հետեւում կանգնած է մի հսկայական բանակ՝ ՀՀ ՊՆ ՔԾ կայազորից, ՀՀ ՊՆ ՔԾ գլխավոր վարչությունից, ինչպես նաեւ դատախազության ողջ համակարգը՝ կայազոր, զինդատախազություն, գլխավոր դատախազություն՝ Գ Կոստանյանի գլխավորությամբ, ովքեր պարտավոր են վերահսկել քննության ընթացքը: Ըստ օրենքի՝ մամուլի հրապարակումները կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն գործով վկաների տված ցուցմունքները բացարձակ անուշադրության են մատնված ինչպես Գ. Կոստանյանի, այնպես էլ ստորադաս դատախազների կողմից: Ըստ Ռ․ Մարտիրոսյանի՝ դրա պատճառը շատ պարզ է. եթե ընթացք տան վկաների հայտարարություններին, հաղորդումներին եւ ցուցմունքներին, ապա խորը ցնցում կապրի ողջ հայաստանյան դատաիրավական կոռումպացված համակարգը՝ Գ. Կոստանյանի գլխավորությամբ, որի օրոք էլ հենց տեղի է ունեցել սույն գործի նախաքննությունը:

Եթե գործով վկա Անդրանիկ Թադեւոսյանն, առաջին մոտենալով դիակին, տեսել է այն թիկունքի վրա ընկած, ոտքերը փորի մոտ կծկված, ապա լուսանկարներում կարելի է տեսնել զինվորին՝ ոտքերը ձգված վիճակում, ինչը նշանակում է, որ ինչ-որ մեկը, կամ անհայտ անձինք, միտումնավոր տեղաշարժել են մարմինը: Դիրքի 7 զինվորներից ոչ մեկի ինքնաձիգը չի զննվել, փորձաքննության չի ուղարկվել, չի պարզվել նրանցում փամփուշտներ պակասել են, թե՞ ոչ: Չնայած վկաները ցուցմունք են տվել, որ իրենց պահել են Կապանի ՌՈ բաժնի մեկուսարանում (ոմանց շուրջ մեկ ամիս) ապօրինի կալանքի տակ, ինչը ծանր հանցագործություն է, ապա ինչպես ՌՈ ղեկավար մարմինները, այնպես էլ քննիչ Մելիք-Քարամյանը մերկապարանոց հայտարարում են, թե իբր վկաները ստում են: Երեւի սրա համար էլ, այս փայլուն աշխատանքի համար էլ սույն քննիչի պաշտոնը բարձրացվել է նախաքննության ավարտից հետո. Նա կայազորի քննիչից դարձել է ՀԿԳ քննիչ:

Դատաբժշկական փորձաքննությամբ հանգուցյալ Ս. Սահակյանի գլխի հատվածում հայտնաբերվել են մի շարք ծանր վնասվածքներ՝ վերին եւ ստորին ծնոտի կոտրվածքներ, բերանի տարբեր շրջաններում պատռվածքներ, սալջարդ վերքեր: Գործով դիազննությունն իրականացրած դատաբժիշկ Սեւոյանը համոզված է եւ դատարանում իր իսկ տված ցուցմունքում ապացուցում է, որ վերը նշված բոլոր վնասվածքներն առաջացել են կրակոցի արդյունքում, երբ կրակոցի պահին եւ կրակոցից անմիջապես հետո, դրա հետեւանքով առաջացած մեծ քանակությամբ գազերն ահռելի ճնշման տակ դուրս են թռել բերանի խոռոչից այնպիսի ուժով, որ առաջացրել են այդ վնասվածքները: Հակառակ դրան՝ հագուստի ձգաբանական փորձաքննությունն իրականացրած փորձագետ Գասպարյանը պնդում է, որ իբր

ա. բերանը փակ տարածք է ,

բ. կրակոցից հետո գազերը մնացել են բերանի խոռոչում եւ, ինչն առավել զարմանալի է, հրազենային վնասվածքի 7 միլիմետրանոց խողովակի մեջ:

Դատաքննությանը մասնակից տուժող եւ պաշտպանական կողմերը գտնում են, որ Գասպարյանը տալիս է ակնհայտ կեղծ ցուցմունք, ինչն իր պատճառն ունի: Չխորանալով մասնագիտական առանձնահատկությունների, մանրամասների մեջ՝ նշենք, որ եթե նա համաձայնվեր դատաբժշկի տեսակետի հետ, ապա կստացվեր, որ ինքը տվել է կեղծ եզրակացություն: Ավելին, կստացվեր, որ դեպքի պահին դեպքի վայրում Սահակյանից բացի եղել է առնվազն եւս մեկ զինվոր՝ Թովմաս Մնացականյանը, ում հագուստի վրա եւս հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, ինչը կտրուկ հակասում է ինչպես գործի նյութերին, այնպես էլ՝ ինքնասպանության կեղծ վարկածին: Այսպես թե այնպես, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. եթե դատարանը հիմք ընդունի Գասպարյանի եզրակացությունը, ապա կնշանակի, որ դատաբժիշկը տալիս է կեղծ եզրակացություն՝ արդեն նշված, գլխի շրջանում ստացած վնասվածքների վերաբերյալ, այսինքն դրանք չէին կարող առաջանալ կրակոցի հետեւանքով: Այս դեպքում պետք է կատարվի նոր քննություն՝ պարզելու համար դրանց առաջացման մեխանիզմը: Նշենք, որ ըստ դատաբժշկի դրանք առաջացել են կրակոցի հետ միաժամանակ՝ մահվանից վայրկյաններ առաջ, ինչը եւս միանշանակ վկայությունն է նրա, որ կատարվածը սպանություն է, իսկ վնասվածքները՝ բռնության արդյունք:

Պետք է ավելացնել նաեւ, որ գործով անցնող վկաների դատաքննական ցուցմունքով ամբողջապես հերքվում է նախաքննական մարմնի կողմից հորինված ինքնասպանության կեղծ վարկածը: Թերեւս սխալ է այս գործով անցած վկաներին վկա կոչելը. Ըստ Ռ․ Մարտիրոսյանի, եթե հիմք ընդունենք շարքային Անդրանիկ Թադեւոսյանի եւ լեյտենանտ Գոռ Մարգարյանի ցուցմունքները, ապա նրանք, ըստ օրենքի, պետք է ստանային տուժողի կարգավիճակ, քանի որ նրանց, ինչպես արդեն նշվել է, ահաբեկել, ծեծել, խոշտանգել, շանտաժի են ենթարկել՝ այս կերպ կորզելով նախաքննական ցուցմունքները: Ավելին, Գոռ Մարգարյանի ցուցմունքի հիման վրա պետք է քր. պատասխանատվության ենթարկվեն դատախազության, ՔԾ-ի եւ ՌՈ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ:

Դատարանի հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 10-ին, դատաքննության հետագա ընթացքին եւս կանդրադառնանք:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը