«Փախստական» նախարարները
Արդեն անդրադարձել ենք Արման Մուրադյանի սպանության գործին, որը տեղի է ունեցել 2013թ-ի հուլիսի 30-ին՝ ԼՂ-ում: Ներկայում այս գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (դատավոր` Մնացականյան): Ինչպես հայտնեց սպանված զինվորի հայրը՝ բազմիցս դիմել է պետական պատկան մարմիններին՝ միջնորդելով, խնդրելով եւ պահանջելով, որպեսզի դատավարությունը Ստեփանակերտից տեղափոխվի ՀՀ, ինչն օրենքի հրամայականն է: Տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչները ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայր է ճանաչվել ՀՀ սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումով. «…այն բառի բուն իմաստով ապօրինի կառույց է: Առավել զարհուրելի է այն փաստը, որ սպանված զինվորի հորը չի պատասխանում ԼՂ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանը: Ստացվում է, որ նա կապ չունի այն զինվորի մահվան հետ, ով սպանվել է իր իսկ բանակում, այսինքն՝ ՀՀ իշխանություները հանցավոր ճանապարհով Հայաստանի քաղաքացի-զինվորին հանձնում են մի բանակի, որը պատասխանատվություն չի կրում այդ զինվորի կյանքի համար», – ասում է տուժողի իրավահաջորդի շահերը ներկայցնող, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը եւ շարունակում, – «Այս անօրինականությունների շարքում պետք է դիտել նաև ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի պահվածքը: Սույն թվականի մայիսի 31-ին այս բարձրաստիճան պետական այրն իր մոտ հրավիրեց կառավարության շենքի դիմաց բողոքող սպանված զինվորների ծնողներին, այդ թվում՝ նաև Արման Մուրադյանիի հորը՝ Հովսեփ Մուրադյանին: Վերջինս նախարարի առջև դրեց ընդամենը մեկ պահանջ՝ դատաքննությունն իրականացնել ՀՀ սահմաններում՝ իր բնակավայրին հնարավորինս մոտ որևէ դատարանում: Նախարարը խոստացավ բավարարել սպանված զինվորի հոր օրինական խնդրանք-պահանջը, բայց՝ խաբեց»: Հունիսի 12-ին Հովսեփ Մուրադյանը կրկին բողոքի էր դուրս եկել կառավարության շենքի դիմաց և տեսավ նախարարին, սակայն, երբ փորձեց մոտենալ և պարզաբանումներ ստանալ իր պահանջի շուրջ, նախարարը բառի բուն իմաստով դիմեց փախուստի. արագ նստեց իր մեքենան և գնաց: «Մշտական փախուստի մեջ է նաեւ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ով Արման Մուրադյանի սպանությունից հետո մեզ՝ ծնողներիս, հրավիրել էր իր մոտ և խոստացել «արդար» քննություն», – ասում է զոհված զինվորը ծնողը: Տուժողի իրավահաջորդը պատրաստվում է դիմել ծայրահեղ քայլերի և, միաժամանակ, հեգնանքով նշում. «Փախե՛ք, փախե՛ք նախարարներ, տեսնենք մինչև ո՞ւր և ե՞րբ եք փախչելու»:
Ավելացվել է 20 June, 2014