«Եւս մեկ հանցագործ դատավոր»

Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ դատավոր Նապոլեոն Օհանյանի) կայացրեց դատավճիռ՝ ապացուցված համարելով, թե իբր զինվոր Սարգիս Սահակյանն ինքնասպան է եղել եւ նրան, իբր ինքնասպանության են հասցրել համածառայակիցներն ու վերջիններիս՝ Արթուր Միսակյանին եւ Արտաշես Խաչատրյանին դատապարտեց 4.5 եւ 4 տարվա ազատազրկման:

Սույն վճռի վերաբերյալ հայտնելով իր բողոքը՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանն ասում է. «Եւս մեկ հանցագործ դատավոր հայտնվեց այս վճռից հետո․ Ն. Օհանյանը դարձավ Հայաստանի «դատավոր» մականունով բազմաթիվ հանցագործներից մեկը: Նա կայացրեց մի վճիռ, որը բացարձակապես կապ չուներ շուրջ 1,5 տարի տեւած դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ: Ավելին, դատարանում ապացուցվեց, որ գործով վկաներ չկան․ այն բոլոր զինվորներն ու սպան, ովքեր ցուցմունք էին տվել գործի կապակցությամբ, պետք է տուժող ճանաչվեին, քանի որ նրանցից ցուցմունքներ կորզվել էին ՌՈ-ում՝ ծեծի, տանջանքների եւ շանտաժի միջոցով՝ ՌՈ աշխատակիցների, ՊՆ ՔԾ քննիչներ եւ զինդատախազության աշխատակիցների կողմից»:

Դատարանում նաեւ պարզվել է, որ նախաքննական մարմինը հանցավոր ճանապարհով ոչնչացրել, փոխել է սպանության գործիքը, պարտակել պարկուճը, սրբել մատնահետքերը: Տուժող կողմը շուրջ մեկ տասնյակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ տվեց դատարանին, որոնք, սակայն, Օհանյանը, բացահայտ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չընդունեց՝ պատճառաբանելով, հայտարարելով, որ տուժող կողմն իր հաղորդումները կարող է եւ պետք է ուղարկի ՀՀ գլխավոր դատախազին: Բայց երբ տուժող կողմը, հետեւելով նրա խորհրդին, հաղորդում ուղարկեց գլխավոր դատախազին, վերջինս մերժեց այն ընդունել՝ գրավոր պատասխանում նշելով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում եւ ըստ օրենքի բոլոր հաղորդումները պետք է հասցեագրվեն գործը քննող դատավորին: Ըստ Ռ. Մարտիրոսյանի եւ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցչի՝ փաստաբան Սուզաննա Խչեյանի՝ այս երկու պաշտոնատար անձինք էլ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը: Դատավորը չի ուզում (հասկանալ՝ չի կարող) պետական պաշտոնյաների կատարած հանցագործությունն ի գիտություն ընդունել, որպեսզի դրանց շուրջ քննություն կատարվի, այն դեպքում, երբ անգամ, եթե որեւէ լրագրողի գրվածքում փոքր իսկ նշույլ է լինում հանցանքի մասին, փաստը պետք է քննվի: Իսկ այս դեպքում իրավաբանական անձը, տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչը բազում անօրինականությունների, հանցանքների մասին հաղորդում են տվել, սակայն պետական մարմինները հրաժարվում են դրանք անգամ ուշադրության արժանացնել, իսկ դատավորն էլ որոշում է կայացնում՝ շրջանցելով այդ հանցանքների մասին հաղորդումները:

 

Այս հոդվածում ստորեւ կանդրադառնանք պաշտպանական եւ տուժող կողմերի նկատած, գործում, մեղադրանքի, դատարանի որոշումներում առկա թերություններին, հակասություններին, ինչու չէ՝ ապօրինություններին:

 

Արթուր Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա (մեջբերում մեղադրական եզրակացությունից) «հանդիսանալով ՀՀ ՊՆ 50869 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով  կրտսեր սերժանտ, 2012թ հոկտեմբերի 26-ից  նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի «Ծիրանիձոր-2» մարտական հենակետում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ՝ նախատեսված ՀՀ ԶՈՒ  ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ և 158-րդ հոդվածով, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերին պարբերաբար հալածել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանին՝ այն է, իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար սեռական բնույթի հայհոյանք է տվել, այնուհետև բջջային հեռախոսի մարտկոցը չտալու համար մեկ անգամ բռունցքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին և շարունակելով իր հանցավոր մտադրությունը 2012թ նոյեմբերի 4-ին  ժամը 18.30-ի սահմաններում <<Ծիրանիձոր-2>> մարտական հենակետի գետնատնակում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, <<Ծիրանիձոր-3>> մարտական հենակետի ավագի օգնական, կրտսեր սերժանտ Արտաշես Միսակի Խաչատրյանի հետ միասին իրենց գերակայությունը հաստատելու նպատակով Ս.Սահակյանին դարձյալ քննադատելով հալածել է՝ նրա արարքները համարել «չաթլախություն», որը զինվորական շրջապատում ընդունվում է որպես «սրբապիղծ» անձնավորություն, դրա հետևանքով Ս.Սահակյանը  2012թ նոյեմբերի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում «Ծիրանիձոր-2» մարտական հենակետի  գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ПЮ 9186 համարի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով կատարել է ինքնասպանություն, այսինքն Միսակյանն իր արարքով  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք»  (մեջբերման ավարտ):

 

Արտաշես Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «հանդիսանալով ՀՀ  ՊՆ 50869 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2012թ հոկտեմբերի 26-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի «Ծիրանիձոր-3» մարտական հենակետում, որպես հենակետի ավագի օգնական, նախ 2012թ նոյեմբերի 2-ին նույն հենակետի դիտորդ շարքային Սամվել Մովսիսիյանի հետ, այնուհետև նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում շարքային Գառնիկ Գրիգորյանի հետ, խախտելով «ՀՀ պետական սահմանի մարտական դիրքում հերթապահության կազմակերպման և անցկացման կանոնադրության» ՀՀ ՊՆ 23.12.2008թ թիվ 0250 հրամանի 19-րդ կետի 14-րդ պարբերությամբ սահմանված պահանջները, որով չի թույլատրվում թողնել դիրքի/հենակետի տեղաբաշխման վայրը, առանց համապատասխան թույլտվության թողել է հենակետը, գնացել «Ծիրանիձոր-2» մարտական դիրք, որը վնաս է պատճառել, այն է՝ ստեղծել է հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու անհնարինության սպառնալիք: Ինչպես նաև «Ծիրանիձոր-2» մարտական հենակետում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ նախատեսված ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ և 158-րդ հոդվածով, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, 2012թ նոյեմբերի 4-ին ժամը 18.30-ի սահմաններում «Ծիրանիձոր-2» մարտական հենակետի գետնատնակում  նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, «Ծիրանիձոր-2» մարտական հենակետի դիտորդ, կրտսեր սերժանտ Արթուր Միսակյանի հետ միասին նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանի կողմից իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար, քննադատելով և գերակայություն հաստատելու նպատակով հայհոյելով  հալածել ու ծաղրուծանակի է ենթարկել նրան՝ նրա արարքները համարել է «չաթլախություն», որը զինվորական շրջապատում ընդունվում է որպես «սրբապիղծ» անձնավորություն, դրա հետևանքով էլ Ս.Սահակյանը 2012թ նոյեմբերի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում «Ծիրանիձոր-2» մարտական հենակետի գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ПЮ 9186 համարի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով կատարել է ինքնասպանություն, այսինքն Ա.Խաչատրյանն իր արարքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք»:

Արթուր Միսակյանը չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը: Իսկ Արտաշես Խաչատրյանը ընդունել է մեղքը մասնակի՝  ՀՀ քր. Օր-ի 365-րդ հոդվածի  1-ին մասի մեղադրանքով, իսկ 359-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

ՀՀ  քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը հռչակում է, որկասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը»:

Սակայն սույն գործի ողջ դատաքննության ընթացքը ցույց տվեց, որ պաշտպանական կողմը հարկադրված պետք է ստանձնի նաև իմ պաշտպանյալների անմեղության ապացուցման բեռը:

Եվ այդ նկատառումից ելնելով պաշտպանական կողմը դատավարության ընթացքում անդրադարձել է հետեւյալ հարցերին․

  1. Հաստատվե՞լ է արդյոք Սարգիս Սահակյանի ինքնասպանության վարկածը:
  2. Դատարանում հետազոտված ապացույցները իրենց թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության մեջ, այլ ապացույցների համակցության մեջ բավարա՞ր էին արդյոք հաստատված համարելու մեղադրյալների առնչակցությունը Ս.Սահակյանի մահվան դեպքին կամ եթե նույնիսկ տեղի է ունեցել ինքնասպանություն, ապա ինքնասպանությանը:

Ըստ մեղադրանքի կողմի վարկածի՝ Սարգիս Սահակյանը ինքնասպանություն է կատարել իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ПЮ 9186 համարի ինքնաձիգի միջոցով: Արդյո՞ք դատաքննության ընթացքում հաստատվեց այն հանգամանքը, որ Սահակյանը ինքնասպան է եղել: Ոչ: Հակառակը՝ հերքվեց այդ հանգամանքը: Հերքվեց մի շարք ապացույցներով, որոնք ներկայացվում են ստորև:

Անդրադառնանք ինքնաձիգին. Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Սահակյանին ամրակցված է եղել ԱԿՄ տեսակի ինքնաձիգ: Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Նշված փորձաքննությունների եզրակացություններում որպես Սահակյանի կողմից ինքնասպանություն գործելու համար ծառայած ինքնաձիգի տեսակ մի դեպքում նշվել է ԱԿՄ տեսակ, մի դեպքում՝ ԱԿ-47 տեսակ, երրորդ դեպքում՝ ԱԿՄ տեսակի ԱԿ-47 մոդել: Երբ նշված հարցը պաշտպանական կողմը բարձրացրեց և դատարան հրավիրեց համապատասխան  փորձագետներին՝ փորձագետը մեծ ճիգեր գործադրելով փորձում էր դատարանին և մասնակիցներիս համոզել, որ ԱԿ-47–ը դա ԱԿՄ տեսակի մեջ մտնող առանձին մոդել է: Սակայն հավանաբար փորձագետը անտեղյակ էր, որ ԱԿՄ և ԱԿ-47  դրանք միմյանից էականորեն տարբերվող տեսակներ են: ՀՀ կառավարության 23 հունիսի 2011 թվականի N 867-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի ցանկի 11-րդ տողում հստակ նշված է որպես առանձին ինքնաձիգերի տեսակներ՝ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ՝  ԱԿ-47, ԱԿ-47Ս, ԱԿՄ, ԱԿՄՍ, ԱԿ-104: Ակնհայտ էր, որ փորձագետն ընդամենը մասնագիտական հնարքով փորձում էր ուղղել այն սխալը, որ թույլ էին տվել իրենց եզրակացություններում՝ միևնույն ինքնաձիգը որակելով որպես տարբեր տեսակի ինքնաձիգեր: Դատարանում չհաստատվեց, թե որ տեսակի ինքնաձիգն էր ամրակցված եղել Սահակյանին և որ ինքնաձիգից էր կրակոց արձակվել ԱԿՄ-ից , թե ԱԿ-47-ից :

Ինքնաձիգի հետ կապված դատարանում բարձրացված հաջորդ հարցը՝ դրա փաթեթավորումը մինչև փորձագետին հասնելը փոխված լինելու հանգամանքն էր: Քննիչ Հայրապետյանը 05.11.2012թ դեպքի վայրից առգրավվել է Ս.Սահակյանին ամրակցված ինքնաձիգը, փաթեթավորել և կնիքել <<քննիչ-62>> կնիքով, այդ մասին նշելով դեպքի վայրի զննության արձանագրությունում: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին, կայացվել է որոշում դատամատնադրոշմային փորձաքննության նշանակելու վերաբերյալ և փորձագետին ուղարկվել ինքնաձիգը, սակայն փորձագետ Ա.Սիմոնյանին ինքնաձիգը հասել է ոչ թե <<քննիչ-62>> , այլ <<քննիչ-60>> կնիքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, կամ եթե դատարանում հետազոտվելուց անմիջապես առաջ այն ճանաչել են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան»:

ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ներքին գործերի նախարարի, ՀՀ ազգային անվտանգության նախարարի և մյուսների 2002թ  օգոստոսի 2-ի  թիվ 02/56-Ն համատեղ հրամանով հաստատված «Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման  և տնօրինման» կարգի  5-րդ կետի համաձայն՝ «Իրեղեն ապացույցները, առգրավված արժեքները, այլ առարկաները, փաստաթղթերը ու պարգևները պահելիս և հանձնելիս միջոցներ են ձեռնարկվում ապահովելու դրանց ամբողջականությունն ու ապացուցողական նշանակությունը»:

Նույն կարգի 8-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործի հետ միասին պահվող իրեղեն ապացույցների պահպանման համար պատասխանատու է քրեական վարույթն իրականացնող անձը, իսկ պահասենյակներում կամ հատուկ պահատեղերում գտնվող իրեղեն ապացույցների պահպանման համար՝ սույն կարգի 7-րդ կետում նշված մարմինների համապատասխան աշխատակիցները»:

Ակնհայտ է, որ վերը նշված նորմերի պահանջների խախտում է տեղի ունեցել և սույն քրեական գործում որպես իրեղեն ապացույց ճանաչված Ս.Սահակյանին ամրակցված ինքնաձիգն այլևս կորցրել է իր ապացուցողական նշանակությունը, քանի որ այն իր վրա որևէ հետք չի կրում (զարմանալիորեն), փաթեթավորումը փոխվել է, ուստի այն ենթակա է անթույլատրելի ճանաչման և պետք է հանվի ապացույցների կազմից (նման միջնորդություն ներկայացվել է դեռևս ապացույցների հետազոտման ընթացքում):

Ինքնասպանության վարկածը հերքող ապացույցներից մեկը, դա Սահակյանի ոտքերի փոխադարձ դիրքն էր տակառի նկատմամբ և նրա բերանի խոռոչից արյան արտահոսքի ուղղությունը: Այսպես, ըստ քրեական գործում առկա լուսանկարների, Սահակյանի ընկած դիրքն այնպիսին է, որ ոտքերը ոտնաթաթերի ներսի ողջ մակերեսով հպված են դեպքի վայրում գտնվող մետաղյա տակառին, ոտնաթաթերը Սահակյանի իրանի նկատմամբ գտնվում են 90 աստիճան անկյան տակ: Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ ըստ փորձագետների հետևության Սահակյանը մինչև կրակոցը գտնվել է իրանով տակառին ընդհուպ կպած, իսկ ինքնաձիգը հենել է տակառի վերին հատվածում և այդ դիրքով է կրակոց արձակել, ապա ակնհայտ է, որ նույնիսկ ընդհուպ տակառին կպած լինելու դեպքում կրակոց արձակվելուց և ընկնելուց հետո անհնար է այդ դիրքում հայտնվեր Սարգիսը․ դատաբժիշկ փորձագետը, պատասխանելով այն հարցին, թե կրակոցից անմիջապես հետո կարո՞ղ էր, արդյոք, ինքնուրույն շարժումներ կատարել Սահակյանը՝ ասաց, որ ոչ, նկատի ունենալով, որ կրակոցի հետևանքով վնասվել են կենսական կարևոր օրգաններ, ապա մահը վրա է հասել անմիջապես: Հետևաբար, նույնիսկ այն պարագայում, եթե Սահակյանը ընդհուպ կանգնած լիներ տակառին մոտ՝ կիպ հպված, ապա կրակոցից ընկնելուց հետո նրա ոտնաթաթերը պետք է առնվազն 28-35սմ հեռավորության վրա լինեին տակառից /կախված, ոտնաթաթի երկարության չափից/: Ինչ վերաբերում է Սահակյանի բերանի խոռոչից արտահոսած արյան հոսքի ուղղության հանգամանքին, ապա այն ևս միանշանակ վկայում է այն մասին, որ Սահակյանի բերանի խոռոչում արձակված կրակոցը կատարվել է վերջինիս պառկած դիրքում, ավելի քան ակնհայտ է, որ նույնիսկ  կրակող անձը Սահակյանի պառկած դիրքում ինքնաձիգի փողաբերանով սեղմել է այն բերանի խոռոչում: Միայն այդպես է հնարավոր բացատրել այն հանգամանքը, որ Սահակյանի արյան արտահոսքը եղել է բերանի երկու անկյուններից հետ ուղղությամբ (դեպի հոնքերը), իսկ արյան երրորդ շերտը հոսել է հոնքերի մեջտեղով՝ դեպի հետ ուղղությամբ: Այստեղ ոչ մի մասնագետ և մասնագիտական գիտելիք անհրաժեշտ չէ անզեն աչքով տեսնելու համար, որ Սարգիսի ո՛չ կզակը, ո՛չ կուրծքը արյունոտված չեն եղել: Դատաբժշկին ուղղվել է հարց․ նման կրակոց արձակվելու դեպքում ի՞նչն է նախորդում մյուսին՝ արյան արտահո՞սք, այնուհետև վայր ընկնել, թե՞ հակառակը՝ վայր ընկնել, այնուհետեւ՝ արյունահոսություն: Դատաբժիշկը պատասխանեց, որ քանի որ մեծ վերքային խողովակ է առաջանում կրակոցից, ապա կրակոցին անմիջապես պետք է հաջորդի արյան արտահոսքը, որից հետո միայն՝ վայր ընկնելը: Եթե դատաբժշկի պատասխանը համադրում ենք այն հետևության հետ, որ Սահակյանը կրակոցին նախորդող պահին եղել է կանգնած դիրքում, ապա բացառվում էր, որ նման պարագայում  ամբողջովին մաքուր կզակով և մաքուր կրծքավանդակով լիներ մահացածը: Փորձագետների նկարագրած հետևության համաձայն կրակոցից անմիջապես հետո Սահակյանի բերանի խոռոչից արյունը կարտահոսեր սկզբից դեպի առաջ, այնուհետ՝ վայր ընկնելուց հետո, դեպի կողային հատված, բայց ոչ դեպի հետ՝  երկրի ձգողականության ուժի ազդեցության համաձայն:

Նույն դատաբժիշկ Սևոյանը դատարանում հայտնեց, որ կրակոցից անմիջապես հետո թուլանում է անձի մկանային տոնուսը, և ինքնուրույն որևէ շարժում կատարելը անհնարին է տուժողի համար: Այն հարցը, թե կարո՞ղ էր արդյոք կրակոցից անմիջապես հետո Սահակյանը 2-3 կգ կշռով որևէ իր բռնել կամ տեղաշարժել ինքնուրույն՝ նույնիսկ տարօրինակ համարեց և կրկնեց, որ թուլանում է ողջ մկանային համակարգը, հետեւաբար՝ անհնար է որևէ իր տեղաշարժել կամ բռնել: Քրեական գործում առկա լուսանկարներում ինքնաձիգը գտնվում էր Սահակյանի ձախ ձեռքի տակ: Ստացվում է, որ կրակոցից անմիջապես հետո անձը անկարող է ինքնուրույն որևէ ծանրություն տեղաշարժել, սակայն սույն գործով ըստ վարկածի կրակոցից հետո Սահակյանը ձախ ձեռքում է պահել ինքնաձիգը, և այն ձեռքից բաց չթողնելով վայր է ընկել: Որ կրակոցից անմիջապես հետո մինչև վայր ընկնելը պետք է արյունահոսեր, սակայն Սահակյանի բերանի խոռոչի արյունը հոսել է ոչ թե առաջ, այլ հակառակ՝ դեպի հոնքեր: Որ մահը վրա հասնելուց անմիջապես հետո նա անկարող է ինքնուրույն որևէ շարժում կատարել, սակայն նրա ոտնաթաթերը ընդհուպ մոտեցել և կպել են տակառին: Այսպիսի բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան:

Հաջորդ հանգամանքը, որ հերքում է ինքնասպանության վարկածը դա Սահակյանի՝ մինչ մահը ունեցած, տրամադրությունն է․ դատարանում հարցաքննված վկաները բոլորն էլ միևնույն հանգամանքն էին շեշտում, որ Սահակյանը դեպքից ոչ շատ առաջ բարձր տրամադրություն ուներ և ոգևորված էր սպասվելիք արձակուրդով:

Այս փաստերի համադրմամբ գրեթե ապացուցվում է, որ Սահակյանի մահը չէր կարող վրա հասնել ինքնասպանության հետևանքով: Այնուամենայնիվ, մի շարք ապացույցներ և գործով վեր հանված հանգամանքներ ևս իրենց ամբողջության մեջ թույլ չեն տալիս հանգելու այն հետևության, որ մեղադրյալներն այս կամ այն կերպ առնչություն ունեն իրենց ծառայակցի մահվան հետ:  Ի սկզբանե նախաքննություն իրականացնող մարմինը, սույն քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի և ՀՀ ՊՆ որոշ պաշտոնյաների հետ միասին, դիտավորյալ ինքնասպանությունից բացի որևէ այլ վարկած քննության առարկա չի դարձրել, այդ ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ չեն կատարվել: Ավելին, որոշ ապացույցներ դիտավորյալ քրեական գործից հանել են, կամ չեն կատարել անհրաժեշտ գործողությունները, որոշ դեպքերում էլ դուրս են եկել իրենց պաշտոնեական լիազորություններից:  Իսկ ավելի ուշ երբ գործը փոխանցվել է դատարան, դատաքննության ընթացքում ևս նույն ձեռագրով շարունակվել է այդ գործելաոճը՝ սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Գ.Մայիլյանի կողմից վկաների նկատմամբ ճնշումներ գործելու եղանակով:

Փաստ 1: Վկաներ Անդրանիկ Թադևոսյանը, Գոռ Մարգարյանը և Թովմաս Մնացականյանը դատարանում հայտնեցին, որ վերջիններս դեպքից հետո մոտ մեկ ամիս պահվել են մեկուսարանային պայմաններում, որ իրենց նախաքննական ցուցմունքները տվել են ճնշման և վախի ազդեցության տակ, որ քննիչները սպառնացել են այդ բովանդակության ցուցմունք չգրելու դեպքում դատել: Նրանք գտնվել են մեղադրյալների կարգավիճակում և ցանկացած սպառնալիք իրական էր և իրատեսական: Մեջբերում՝ վկա Անդրանիկ Թադևոսյանի դատաքննական ցուցմունքից, փաստաբան Ս․ Խչեյանի հարցերը և դրանց պատասխանները․

Հարց-Իսկ գետնատնակում, որևէ մեկից նման խոսակցություն չե՞ս լսել, որ վերաբերվեր ուտելիքին:

Պատ- չեմ լսել:

Հարց- Դուք, որ ասում եք, որ քննիչները պարտադրել են ցուցմունքներ տալ, քեզ միայն գետնատնակի վերաբերյա՞լ են պարտադրել, թե՞ ուրիշ բան էլ են պարտադրել:

Պատ- Ընդհանուր իրանք նենց էին անում, որ ամեն ինչը բռներ իրար:

Հարց – ինչը բռներ իրար:

Պատ- Ֆիքսված էին նրա վրա, որ տենց արտահայտություն ա եղել, ու էսինչ մարդնա ասել: Ես ասում էի, որ ես Սարգիսին չեմ տեսել գետնատնակում, ասում էին, եթե տենց չասես քեզ դատում ենք:

Հարց- եղե՞լ ա դեպք, որ սպառնալիքից բացի Ձեզ խփեն:

Պատ- մի անգամ Ղափանի քննչական, երբ որ բոլորով հարցաքննում էին:

Հարց- Խփել են, որ ինչ ցուցմունք որ պետք էր դա՞ տայիք:

Պատ- հա:

Նույն փաստի, այսինքն վկաների նկատմամբ ճնշումների, ուղղորդված ցուցմունքներ ստանալու, մեկուսարանային պայմաններում պահվելու վերաբերյալ ցուցմունք են տվել նաև վկա Թովմաս Մնացականյանը և Գոռ Մարգարյանը:

Նույն փաստը հաստատվել է նաև դատարանում Ա.Միսակյանի ցուցմունքով: Նա ներկայացրեց, թե իրենից ինչ եղանակով է ստացվել իր նախաքննական ցուցմունքը, մասնավորապես հայտնեց դատարանում, թե Ռազմական ոստիկանության որ աշխատակիցն է համոզել ու ինչ եղանակներով: Մեջբերում. «Այդ գիշեր մեզ բերեցին զորամաս, առավոտյան նախաճաշից հետո շտաբից կանչեցին ինձ, Մարիկյան Ռազմիկին ու Ղազարյան Անդրանիկին ու առավոտյան մեզ երեքիս տարան Կապանի ռազմական ոստիկանության բաժին: Բարձրացանք 2-րդ հարկ, այնտեղ Մարիկյանին կանչեցին 3-րդ հարկ: Մի քիչ անց ինձ կանչեցին երրորդ հարկ, մտա ինչ-որ աշխատասենյակ, որտեղ կային մի քանի հոգի: Նրանց մեջ ես ճանաչեցի մեր զորամասին կցված և գունդը սպասարկող ոստիկան Տիգրանին և ևս մի ոստիկանի, որի անունը, եթե չեմ սխալվում, Արշակ է: Արշակը ներկայացավ որպես հորս ծանոթ, ու հարցրեց, թե ես եմ զովունեցին, ասեցի, որ այո: Արշակը ինձ հետ առանձնացավ ու ասաց, որ ինձ օգնելու միակ ձևը իմ ցուցմունք գրելն է ու այն բովանդակության ոնց որ ինձ կասվի: Իմ նախաքննական ցուցմունքը գրեթե ամբողջովին իրականությանը չի համապատասխանում, ես  այն գրել եմ հոգեբանական լուրջ ճնշման տակ: Ռազմական ոստիկանության աշխատակից Տիգրանը այդ նույն օրը ինձ սպառնում էր, որ «քսիֆ կուղարկեմ Սաքոյենց տուն, որ դու ես սպանել իրանց տղուն», իմ աչքի առաջ իմ ընտանիքի անվտանգությունն էր ու այդ պահին մտքովս ամեն ինչ անցնում էր, ընդհուպ, որ կարող էին վնաս տալ իմ ընտանիքին»:

Այդպիսի հոգեբանական լուրջ ճնշման տակ գրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող նախաքննական ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում և ենթակա են անթույլատրելի ճանաչման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ նշված դրույթի հիմքով. «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` 1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով… 21) վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված իրավունքների խախտմամբ>:

Իսկ նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է վկայի իրավունքներին ինչպես տեսնում ենք սույն գործով կոպիտ կերպով խախտվել է ինչպես վերը նշված վկաներ Անդրանիկ Թադևոսյանի, Թովմաս Մնացականյանի և Գոռ Մարգարյանի իրավունքները և ազատությունները` որպես վկաներ, այնպես էլ` Արթուր Միսակյանի իրավունքները քանի որ Միսակյանից ցուցմունք է կորզվել վերը նշված նորմերի կոպիտ խախտմամբ՝ սպառնալիքով և խաբեությամբ:

Փաստ2: Սույն քրեական գործի նախաքննությունը իրականացվել է քրեադատավարական օրենքի ակնհայտ կոպիտ խախտումներով:

Նախաքննությունn իրականացնող քննիչները որևէ գործողություն չեն իրականացրել հետևյալ հանգամանքները պարզելու համար.

1)           Ով  էր դեպքի վայրից վերցրել կրակված գնդակը և պարկուճը կամ ինչ պատճառով են դրանք անհետացել:

2)           Ինչի հետևանքով կարող էր Սահակյանի մարմինը հայտնվեl այն դիրքում, որ վերջինիս ոտքերը ոտնաթաթերի ողջ մակերեսով հպված լինեին տակառին (գուցե այն տեղաշարժված և բերված է այդտեղ):

3)           Ինչու դեպքի վայրից առգրավված արյունոտ քարերը չի ուղարկվել փորձաքննության:

4)           Ինչու է Սահակյանի զինվորական համազգեստի թևքը  եղել արյունի մեջ ներծծված, այն դեպքում, երբ դեպքի վայրի լուսանկարներում Սահակյանի ձեռքերը արյան լճակի մեջ չեն, և չոր հատվածում են :

5)           Ինչու դեպքի օրը մարտական հերթապահության մեջ գտնվող բոլոր զինծառայողների ինքնաձիգերը չեն ուղարկվել փորձաքննության, այլ միայն Թովմաս Մնացականյանի և Ս. Սահակյանին ամրակցված ինքնաձիգերն են ուղարկվել :

6)           Ինչու  է վարույթն իրականացնող մարմինը դիմել դատարան և միջնորդել թույլատրել ստանալ Ս. Սահակյանի ինտերնետային կայքէջերի այցելությունների վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ գաղտնաբառերի տրամադրում, սակայն քրեական գործում բացակայում է այդ տեղեկությունը:

7)           Ինչու  չի պարզել Սարգիս Սահակյանի հայր Սեյրան Սահակյանից, վերջինս իր որդուն ուղարկե՞լ է «Սնիկերս» տեսակի կոնֆետ, թե՞ ոչ:

8)           Ինչու են քրեական գործով անցնող առանցքային վկաները պահվել մեկուսարանային պայմաններում՝ կալանավորի կարգավիճակում:

9)           Ինչու է փոխվել ինքնաձիգի փաթեթավորումը:

10)       Եթե ըստ նախաքննական վարկածի Սահակյանին ամրակցված ինքնաձիգով է իսկապես կրակոց արձակվել նրա բերանի խոռոչում, ապա ինչպես կարող էր ինքնաձիգի փողաբերանում չհայտնաբերվել ոչ թքի և ոչ էլ արյան հետքեր:

11)       Ինչու էր Սահակյանի բերանի խոռոչից արտահոսած արյունը հոսել դեպի հոնքեր ուղղությամբ և վերջինիս համազգեստի կրծքավանդակի հատվածը բացարձակ չի արյունոտվել:

12)       Ինչու ըստ դեպքի վայրի արձանագրության Սահակյանի պառկած դիրքում նրա գլխատակի հատվածի հողակտորում չեն որոնել գնդակ:

13)       Ինչու քնննության առարկա չի դարձվել սպանության վարկածը, այն դեպքում, երբ ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար»:

Ստացվում է, որ սույն քրեական գործով բազմակողմանիություն և լրիվություն անհրաժեշտ չէր: Ո՞ւմ էր ձեռնտու այսպիսի խայտառակ բացթողումներով և քրեադատավարական խախտումներով քրեական գործի շուտափույթ  ուղարկումը դատարան:

Քրեական գործով դատաքննության ժամանակ մեղադրող Գ.Մայիլյանը գործով անցող վկա Գոռ Մարգարյանի նկատմամբ բացահայտ ճնշումներ է գործել: Մարգարյանի հայտարարությունը իր նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ՝ Մայիլյանը բացատրեց, թե ընդամենը փորձել է հանցագործության մասին հաղորոդում վերցնել Մարգարյանից: Երբ վկա Գ.Մարգարյանը պնդել է, որ իրեն պատկանող հեռախոսահամարին  2013թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում պարբերաբար զանգահարել է դատախազ  Գ.Մայիլյանը և հորդորել, թե ինչ բովանդակության ցուցմունք պետք է դատարանում տա, փաստորեն, իր ազդեցության և ճնշման տակ պահելով վկային և այդ կապակցությամբ պաշտպանական կողմը միջնորդությամբ հանդես եկավ դատարանում և պահանջեց ստանալ Մարգարյանի հեռախոսային զանգերի վերծանումները՝ Մայիլյանը չհերքեց Մարգարյանին մի քանի անգամ զանգելու հանգամանքը, սակայն պարզաբանեց, թե վկային զանգել է դատական նիստի մասին տեղեկացնելու և դատարան հրավիրելու կապակցությամբ: Եթե փորձենք պատճառները գտնել, թե ինչու էր ճնշման թիրախ դարձել վկա Գ.Մարգարյանը, ապա դժվար չէ  վերհիշել, որ դատաքննության ընթացքում երկու վկաներ՝ Անդրանիկ Թադևոսյանը և Գոռ Մարգարյանը մասնավոր հարցման ժամանակ, որն իրականացրել է փաստաբան Շուշանյանը, տեղեկություններ են հայտնել այն մասին, որ դեպքից առաջ նախորդ մարտական հերթապահության ժամանակ երբ հերթապահել են Ս.Սահակյանը և սույն գործով վկա Թ.Մնացականյանը՝ Թ.Մնացականյանը կրակոց է արձակել, որի վերաբերյալ խոսակցություն է եղել Թ.Մնացականյանի , Ս.Սահակյանի, Սաշա Ղազարյանի, Արթուր Միսակյանի  և մյուսների ներկայությամբ: Երբ Գոռ Մարգարյանը փորձել է պարզել, թե ինչու է կրակոց արձակել Թ.Մնացականյանը վերջինս շփոթված ասել է, թե ընկել է ներշնչանքի տակ, թե իբր ինչպես իրեն կդրսևորեր եթե հակառակորդին տեսներ: Այս տեղեկությունը դատարանինկարծես չհետաքրքրեց անգամ, որևէ ձևով փորձ չարվեց ստուգել տեղեկության իսկությունը: Այդ առթիվ կատարված միջնորդությունները վկաներին հրավիրելու և նախորդ մարտական հերթապահության ժամանակ Թ.Մնացականյանի կողմից արձակված ենթադրյալ կրակոցի վերաբերյալ հարցաքննություն իարկանացնելու մասին մերժվեցին:

Փաստ3: Միսակյանը չէր կարող դեպքի օրը  գտնվել գետնատնակում միաժամանակ Արտաշես Խաչատրյանի և Սարգիս Սահակյանի հետ: Մեջբերում Միսակյանի ցուցմունքից.

«Բացի  այդ, եթե շատ էլ ուզեինք, չէր կարող այնպես ստացվեր, որ միաժամանակ երեքով՝ ես, Արտաշեսը ու Սարգիսը գտնվեինք գետնատնակում: Քանի որ երբ Արտաշեսը եկել է, ես եղել եմ դիտակետում /17.00-ից մինչև 19.00/, նույն ժամանակ երբ Արտաշեսը եղել է գետնատնակում՝ Սաքոն եղելա բոդրուշի, այսինքն գետնատնակի դիմաց: Իսկ ժամը 19.00-ից 21.00-ն ես եմ եղել գետնատնակի դիմաց, այսինքն՝ բոդրուշի, իսկ Սաքոյի հանգստի ժամն է եղել: Իսկ Սաքոն էլ ժամը 21.00-ից 23.00-ն պետք է լիներ դիտակետում, ուրեմն ժամը մոտավորապես 20.45-ից պետք է պատրաստվեր, ու դուրս գար, որ ուղիղ 21.00-ին լիներ դիտակետում: Իսկ Արտաշեսն էլ գնացել ժամը 21.00-ից հետո, այսինքն երբ ես ու Արտաշեսը միասին կանգնել խոսել ենք ՝ դա արդեն ժամը 21.00-ից հետո էր, երևի 21.15 կամ 21.20, իսկ Սարգիսը այդ ժամին արդեն դիտակետում էր  ու չէր կարող մեր խոսակցությանը ներկա լինել»:

Այս հանգամանքը, որ չէին կարող միաժամանակ երեքով՝ Միսակյանը, Խաչատրյանը և Սահակյանը գտնվել գետնատնակում հաստատեցին նաև մնացած բոլոր հարցաքննված վկաները:

Հետմահու լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը դատարանը մերժեց այն  հիմքով, որ իրականացված փորձաքննությունը բավականաչափ պարզ է և լրիվ, իսկ վկաների և ամբաստանյալ Միսակյանի դատաքննական ցուցմունքներին դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում: Բնականաբար, հետմահու դատահոգեբանական փորձաքննությունն իր տեսակով առանձնանում է նրանով, որ փորձագետը չի տեսնում փորձաքննվողին, զրկված է անձամբ նրան հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու հնարավորությունից, այլ ընդամենը ուսումնասիրում է գործում եղած նյութերը: Եվ պատահական չէր, որ դատաքննության ընթացքում դատարանում հարցաքննված հոգեբան-փորձագետը հայտնել էր, որ իր հետևությունները հիմնված են բացառապես գործում եղած ցուցմունքների վրա, և եթե փոխվեն ելակետային տվյալներ, ապա դրանք կանդրադառնան նաև փորձագիտական եզրակացության հետևության վրա: Իսկ դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքների փոփոխությունը բավարար հիմք էր նոր փորձաքննություն նշանակելու համար, քանի որ ապացուցվեց, որ այն ելակետային տվյալները, որոնք թելադրվել էին աչառու քննիչների կողմից, ճիշտ չեն:

Դատարանը, չնայած այս ակնհայտ, մեղմ ասած, անհամապատասխանություններին, կայացրեց իր որոշումը: Տուժող կողմի փաստաբան Սուզաննա Խչեյանի պնդմամբ՝ վճիռը կբողոքարկվի․ բողոքներ են ուղարկվել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Ա.Միսակյան, Ա.Խաչատրյան-ճառ

Միպին` վկաների մասով – 1

միպին` քննիչների մասով 1

ՄԻՊԻՆ քննիչների մասով 2

սարգիս բողոք դատախազին – 3

սարգիս բողոք դատախազին – 1

սարգիս բողոք դատախազին – 2

սարգիս սահակյան ճառ

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը