Անդրանիկ Սարգսյան (2 մասից)
Դասակի ավագ հրաձիգ շարքային Անդրանիկ Սարգսյանը, 2010թ. փետրվարի 1-ին զորամասի բուժծառայության բուժկետի պետ Աղասի Ավայանի ուղեկցությամբ զորամասին պատկանող “ՈՒԱԶ” մակնիշի ավտոմեքենայով, երեք այլ զինծառայողների հետ զորամասի ուղեգրով հետազոտման նպատակով ուղարկվել է Զանգեզուրի կայազորային զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է և նույն օրը` արդեն մահացած վիճակում տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով հետագայում կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Ըստ Անդրանիկի հոր, Սարգիս Սարգսյանի իր տղայի մահը առաջացել է զորամասի բուժծառայության պետ Ավայանի անգործության հետևանքով: Իր պնդմամբ, տղայի դիակի վրա եղած խորը վերքերը, չնայած ըստ փորձագիտական եզրակացության առաջացել են տղային օգնություն ցույց տալու ժամանակ, ըստ հոր, վկայում են, որ դրանք առաջացել են կենդանության օրոք: Չի բացառվում, որ մահվան և առաջացած վնասվածքների միջև առկա լինի պատճառահետևանքային կապ: Բացի այդ, իր բացատրության մեջ Ավայանը նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, սակայն նախաքննական մարմինը դրան չի անդրադարձել: Ավայանի անգործությունը հիմնավորվում է նաև Անդրանիկ Սարգսյանի եղբոր բացատրություններով: Նյութերում մահվան տարբեր ժամանակահատվածներ են նշված: Ըստ Անդրանիկի եղբոր, ով ծառայել է նույն զորամասում և դեպքի ականատեսն է, բժիշկ Ավայանը փոխանակ առաջին օգնություն ցույց տա, իրեն ասել է. “Նստի եղբորդ կողքը, որպեսզի հարկ եղած դեպքում նրան հանքային ջուր կամ թան տաս”: Հայրը պահանջում է որպեսզի որոշում կայացվի քրեական գործ հարուցելու մասին:
Ավելացվել է 06 February, 2016