Քննությունը շարունակվում է, ձերբակալվածներ չկան

«2007թ. օգոստոսի 30-ին, 22:45 սահմաններում զորամասի կապի հանգույցի մոտ զինծառայող Տիգրան Օհանջանյանը, հպվելով ռադիոռելեային կայանը պահող ձգալարին, էլեկտրահարվել է և տեղում մահացել»․ սա այն պաշտոնական վարկածն էր, որը առաջ քաշեց պաշտպանության նախարարությունը Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվեց քրեական գործ և մեղադրանք առաջադրվեց երկու զինծառայողների նկատմամբ:Շուրջ երեք տարի նախաքննություն իրականացնելուց հետո, 2010թ. հունվարին դատարանի դատավճռով նշված երկու զինծառայողների նկատմամբ հետապնդումը դադարեցվեց և քրեական գործի նյութերը հետ ուղղարկվեցին ՀՀ զինդատախազություն` հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրան մեղադրանք առաջադրելու նպատակով: Սակայն զոհվածի ծնողները եւ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը կտրականապես համաձայն չեն թե՛ ՊՆ-ի կողմից առաջ քաշված վարկածի, թե՛ նախաքննության ընթացքի հետ:

Ըստ Տիգրան Օհանջանյանի ծնողների, իրենց տղայի սպանությունը կատարվել է բանակային կորպուսի նախկին հրամանատար, ներկայում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի «թիկնապահների» կողմից, որոնց որևէ կերպ չեն ներգրավել քրեական գործի շրջանակներում: Անտեսվել է այն փաստը, որ նշված անձանց հանգստյան սենյակը գտնվում է դեպքի վայրից ընդամենը 1,5 մետր հեռավորության վրա, հետևաբար նրանք տեղեկացված եղել են կատարվածի մասին:

Ռուբեն Մարտիրոսյանը գտնում է, որ օրենքի մի շարք խախտումներ են թույլ տրվել: Մասնավորապես, իրեղեն ապացույցները ուշացվել են և այդ պատճառով փոփոխված են կցվել գործին, բազում փաստեր անտեսվել են, իսկ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ չեն նշվել բոլոր վնասվածքները:

Տիգրան Օհանջանյանի մահվան գործով նախաքննության եւ դատաքննության ընթացքի մասին ավելի համապարփակ պատկերացում կազմելու համար ներկայացնենք «Հելսինկյան ընկերակցության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի կողմից հեղինակած, «ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերով նախաքննության եւ դատաքննության ընթացքում վերհանված խախտումների դեպքերի վերլուծություն» վերնագիրը կրող հրապարակումից մեջբերումներ: Վերջինս կտպագրվի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, տպագրվելիք վերլուծության, ինչպես եւ այս հրապարակման նպատակն է` վերհանել մեխանիզմները, որոնք նպաստում են բանակային գործերի կոծկմանը եւ, որպես հետևանք, այս ոլորտում անպատժելիության մթնոլորտի տարածմանը: Հրապարակումն իր մեջ ներառում է 1999 թ. մինչ այսօր ՀՀ զինված ուժերում մահվան ելքով թվով 22 միջադեպերի համալիր ուսումնասիրություն:

Հեղինակներն իրենց առջեւ խնդիր են դրել հրապարակման միջոցով հանրության ուշադրությանը ներկայացնել ՀՀ զինված ուժերում գործնականում տեղ գտած արատավոր երևույթները, դրանց առթիվ իրենց կատարած հետազոտությունները՝ վեր հանելով սույն գործերի միջեւ առկա պատճառահետևանքային կապերը:

Ինչպես Ռ․Մարտիրոսյանն է նշում, պարզ չէ, իրեղեն ապացույց համարվող զինվորական հագուստը իրականում պատկանե՞լ է Օհանջանյանին, թե ոչ: Մահվան օրը` առավոտյան, Գեղարքունիքի ՌՈ աշխատակիցը զորամասի տարածքում հայտնաբերել է Օհանջանյանի զինվորական վերնաշապիկը՝ պատառոտված վիճակում: Չարաշահելով իր պաշտոնական դիրքը` ՌՈ աշխատակիցը կատարել է հագուստի զննում և լուսանկարում: Քննիչ Գ. Մանուկյանը սույն վերնաշապիկը փորձաքննության չի ուղարկել: Դեպքից շուրջ երկու ամիս անց, միայն տուժող կողմի բազմաթիվ բողոքներից հետո քննիչը փորձաքննության է ուղարկել մի զինվորական համազգեստ` ներկայացնելով այն որպես Օհանջանյանինը: Այս համազգեստը Օհանջանյանին չէր կարող պատկանել, ինչը ակնհայտ է դառնում քր. գործում առկա ՌՈ աշխատակցի արձանագրությունից և դրան կից ներկայացված լոււսանկարներից: Այսպես.

ա. դատելով փորձագիտական եզրակացությունում առկա համազգեստի լուսանկարներից` փորձագետին ուղարկված համազգեստը նոր է, առանց վնասվածքների, մինչդեռ Օհանջանյանի իրական հագուստը պատառոտված էր, փոշոտ (գործում առկա է համապատասխան լուսանկար),
բ. Օհանջանյանի կազմվածքին համապատասխանում էր 52 չափի համազգեստ, մինչդեռ քննիչը փորձագետին էր ուղարկել 46 չափի համազգեստ:

Մեկ այլ փաստ․ ըստ քրեական գործի նյութերի` մահը վրա է հասել ժամը 23:00-ի սահմաններում: Սակայն, երբ նույն զորամասում ծառայող զինվորներից մեկի մայրը հանդիպել է Օհանջանյանի ծնողներին, նա հայտնել է, որ օգոստոսի 30-ին ժամը 21:00-21:10-ի սահմաններում զորամասից զանգահարել է իր որդին ու հայտնել, որ Տիգրանը մահացել է: Հետագայում արդեն նախկին զինծառայողը հերքել է նման զանգի գոյությունը, սակայն Օհանջանյանի ծնողների պահանջով հրապարակվել է նրա հեռախոսից տվյալ օրը կատարված զանգերի ցուցակը, ինչը և հաստատել է մոր հետ ունեցած խոսակցության փաստը: Այս հանգամանքին նախաքննական մարմինը չի ցանկանում անդրադառնալ, քանի որ դեպքի իրական ժամը ներկայացնելու դեպքում գործով բոլոր վկաների ցուցմունքները կկորցնեն արժանահավատությունը:

Ռ. Մարտիրոսյանը նաեւ անդրադառնում է դատաբժշկական բացերին՝ ասելով որ դատաբժշկական փորձաքննությամբ չեն արձանագրվել մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները: Նշված չէր, որ Օհանջանյանի ձախ ականջը վնասված էր, ուռած, կարմրած և տարբերվում էր աջից: Նշված չէր, որ մահացածի մատները ափի կողմից կապտած էին: Բացի այդ, բանակ զորակոչվելիս, Օհանջանյանը չուներ առջևի կտրող ատամներից մեկը, իսկ դատաբժիշկն արձանագրել էր, որ վերևի ատամնաշարն ամբողջական է:

2011թ. հունվարին ՀՀ զինդատախազի ցուցումով հանձնարարվել է ՀՀ ՊՆ Քննչական ծառայությանը նոր քննություն իրականացնել: Ներկայում քրեական գործի քննությունը շարունակվում է: Գործով ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:

Լուսանկարը տրամադրվել է Տ. Օհանջանյանի հարազատների կողմից:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը