Եթե զինվորներն ինքնասպանություն են գործում, ինչու՞ են արագորեն մաքրվում մատնահետքերը

Մայիսի 8-ին բանակում արձանագրվեց հերթական ողբերգական միջադեպը: Ինչպես հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն, զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն, ըստ հաղորդագրության, զինվորը ինքնասպանություն է գործել:Lragir.am-ը բանակում տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հետ:

Պարոն Մարտիրոսյան, մայիսի 8-ը նշանավորվեց բանակում տեղի ունեցած հերթական միջադեպով: Ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով մահացավ զինծառայող: Զինվորի մահվան փաստով հարուցված քրեական գործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով է: Դուք զինվորների «ինքնասպանությունների» բազմաթիվ գործերում եք ներգրավված եղել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներ են ստիպում հայոց բանակում ծառայող զինվորին ինքնասպան լինել, եթե իհարկե, խոսքը իրական ինքնասպանության մասին է:

Պատկերացրեք, որ ես այսօր արդեն, չնայած դեռ դեպքը նոր  է եղել, դեռ ոչինչ չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ զենքի վրա մահացած զինծառայողի մատնահետքերը չեն հայտնաբերվի: Իսկ դա միայն մի պատճառ ունի, որ նախաքննական կոչված հանցագործ, կոռումպացված մարմինը ոչնչացնում է  մատնահետքերը զենքի վրայից:

Ինչու՞ եք այդքան համոզված, այդպես պրակտիկա՞ն է  ցույց տալիս:

Այո, եւ դա պարտադիր օրենք է:

Ուզում եք ասել միջադեպից անմիջապես հետո սրբու՞մ են մատնահետքերը:

Այո, իհարկե: Եթե չի սրբել, ուրեմն զենքի վրա պետք է մնա մարդասպանի մատնահետքերը: Իսկ եթե չսրբեն, իրենք չեն կարող ինքնասպանություն ձեւակերպեն նույնանման միջադեպերը: Սա մի փոքրիկ փաստ եմ ընդամենը ասում: Օրինակներ բերեմ. Արտակ Նազարյանի սպանության գործ՝ ինքնասպանություն իրեն ամրակցված զենքով: Զենքի վրա Արտակ Նազարյանի մատնահետքերը չկան: Թորգոմ Սարուխանյանի ինքնասպանության գործ՝ զենքի վրա ոչ մի մատնահետք չկա, ոչ՛ Թորգոմ Սարուխանյանի, ո՛չ որեւէ անձի: Ալբերտ Ադիբեկյանի գործ՝ զենքն ընդհանրապես փորձաքննության չի ուղարկվել եւ ոչինչ չի պարզվել: Խայտառակ պատմություն է՝ զենքի հետ կապված: Արման Մուրադյան, էլի զենքի վրա մատնահետք չկա: Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործ՝ Սարգիս Սահակյանի մատնահետքերը զենքի վրա չկան: Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության գործ, որը այս օրերին քննվում է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն եմ: Մանուչար Մանուչարյանի մատնահետքերը եւս չկան զենքի վրա, բայց իրենք ապացուցված են համարում, որ սա ինքնասպանություն է:Ավելի լավ է ես ոչ թե թվարկեմ, թե սպանության գործիք հանդիսացող որ զենքի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, այլ միանգամից ասեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում չկա մի գործ, որով զենքի վրա մատնահետք հայտնաբերվի: Ընհանրապես, մատնահետքերը որպես իրեղեն ապացույց նախաքննական մարմնի, դատաիրավական մարմնի պրակտիկայից դուրս են եկել: Քանի որ միայն այդպես կարելի է սպանությունը դարձնել ինքնասպանություն: Հիմա կգտնեն սլաքավարներ, մի քանի անմեղ զինվորներ եւ նրանց կդատեն՝ անմեղ զինվորներին: Եւ սա միայն նրա համար, որ դատախազությունը եւ նրա ենթակա մանկլավիկները՝ քննչական ծառայություն, ռազմական ոստիկանություն, այս կառույցները ինչ որ շահեր ունեն այս բոլոր գործերում, բոլոր:

Ի՞նչ շահ կարող են ունենալ, պարոն Մարտիրոսյան:

Հիմա որ ես ասեմ կաշառք են վերցնում, ես չեմ կարողանա ապացուցել: Բայց որ շահագրգիռ ձեւով հանցավոր քննություն են կատարում բոլոր այդ գործերով, դա փաստ է:

Միայն մատնահետքերը վերացնելը բավարա՞ր է հանցագործությունը կոծկելու համար:

Դա միայն մեկն է:  Ոչ միայն մատնահետքերն են վերացնում զենքերի վրայից, անհրաժեշտության դեպքում զենքերն են փոխում, անհրաժեշտության դեպքում կրակոցների թիվն են փոխում, անհրաժեշտության դեպքում այլ իրեղեն ապացույցներ են ոչնչացվում: Շատ այլանդակություններ են կատարվում: Անհրաժեշտության դեպքում փորձագիտական կենտրոնները կեղծ եզրակացություններ են տալիս: Սա մի մասն է հանցագործությունների: Երկրորդ մասը կապված է այսպես կոչված վկաների հետ: Զինվորներին տանում մտցնում են ռազմական ոստիկանություն եւ ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ, որպեսզի այդ սպանությունները դարձնեն ինքնասպանություններ:Ես մի օրինակ կբերեմ, որից հետո հանդես եմ գալու պաշտոնական հայտարարությամբ: Ուրեմն, Մանուչար Մանուչարյանի սպանության գործը դատարան է մտել որպես ինքնասպանություն: Ես հաղորդում եմ տվել դատարանում հանցագործության մասին: Փաստը հետեւյալն է. նախաքննական մարմինը գրել է, իբրեւ թե Մանուչար Մանուչարյանը նվաստացվել է, ճնշվել է, դրա համար պոստում կանգնած ժամանակ իր զենքով իր ներքին կզակի մասում 3 անգամ կրակել է եւ ինքնասպան է եղել: Արդեն իսկ կասկածելի են այդ երեք կրակոցները: Ես ներկայացրել եմ գործում առկա փաստաթուղթ, որ քննիչը կատարել է գործով հագուստի զննություն: Տաբատի աջ կողմի ետնային մասում՝ ազդրի շրջանում կա 5 մմ տրամագծով անցք, որի կողքերը այրված են, այլ կերպ ասած սա նշանակում է, որ կրակոցներ են արձակվել նաեւ Մանուչարյանի աջ ոտքի շրջանում: Երբ որ տաբատը ուղարկել են փորձագետի, այլեւս քննիչի կողմից արձանագրված անցքը չկա: Մանուչար Մանուչարյանը չէր կարող 3 անգամ իր վրա կրակելուց հետո մի հատ էլ ոտքի հետեւի մասում  կրակեր: Ո՞նց է նա կրակել, այն էլ ավտոմատ կրակահերթով: Սա բացահայտ սպանություն է:

Ձեր մատնանշած  սպանության գործը բացահայտելու ինչ եղանակներ կան, եթե փաստորեն, հետեւողական կերպով փորձ է արվել թաքցնել գործում կարեւոր մանրամասներ եւ ապացույցներ:

Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին, բայց Ավետիսյան ազգանունով դատավորը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հրաժարվեց ինձանից հաղորդում ընդունել՝ շատ լավ հասկանալով հետեւյալը, որ սա խմբակային հանցագործություն է նախաննական մարմնի կողմից կատարված: Դրա համար պետք է 20-25 հոգի քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց ասեմ նաեւ, որ այդ դատավորը խիզախ մարդ է, որովհետեւ նա կեղծ պատճառաբանությամբ իմ բացարկը չընդունեց, բայց ինքն իրեն ինքնաբացարկ տվեց ու փախավ: Հրաժարվեց այդ գործից, եւ դա խիզախություն է: Առաջին անգամ իմ պրակտիկայում դատավորը հրաժարվում է քրեական գործի վարույթից:Ես ստիպված հաղորդում տվեցի գլխավոր դատախազին: Ըստ օրենքի, գլխավոր դատախազը կարող է երկու գործողություն կատարել՝ ասել, որ այստեղ հանցակազմ չկա եւ մերժել քրեական գործի հարուցումը, եւ երկրորդ՝ եթե տեսում է փաստը, պետք է հարուցի: Բայց նա չի կարող առաջինն անել, որովհետեւ փաստը ակնհայտ է, ինքը չի կարող դրա տակից դուրս գալ, իսկ երկրորդը՝ չի կարող քրեական գործ հարուցել, որովհետեւ սպանության կոծկման հրաման տվողը ինքն է: Այսինքն, ձուկը գլխից է հոտած: Եթե գլխավոր դատախազն այս գործում շահ չունենար, անմիջապես կհարուցեր քրեական գործ: Ես հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը հանցագործ է եւ հանցագործների պարագլուխ է: Այ սա՛ է ամենակարեւորը:Հիմա, այսքանից հետո մենք ինչ կարող ենք անել: Ես դիմել եմ դատարան, որ գլխավոր դատախազը անօրինականություն է անում, նա պարտավոր է կամ մերժել այս գործի հարուցումը, կամ հարուցել գործ: Նա անում է երրորդ քայլը՝ տիպիկ հայկական, անօրինական քայլ. ուղարկում է իմ հաղորդումը դատավորին: Դատավորն ասում է՝ ախպե՛ր, ինձ մի՛ տվեք էդ հաղորդումը: Ասում է՝ ես քրեական հետապնդում իրականացնող մարմին չեմ: Ինձ մի՛ տվեք: Քրեական հետապնդում իրականացնող մարմինը դատախազությունն է, բայց դատախազությունը չի կատարում իր գործառույթները եւ ամենասարսափելին որն է, որ այս ամենից շատ լավ տեղյակ է Սերժ Սարգսյանը: Իր նշանակած դատախազն է: Շուրջ տասը տարի արդեն, ՀՀ դատախազությունը գտնվում է օրենքից վեր, օրենքից դուրս կարգավիճակում: Ոչ մի հսկողություն չկա նրա նկատմամբ: Ինչ այլանդակություն ուզում ես՝ արա: Այլանդակությունով լցվել է Հայաստանը: Սա ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ, իմ համոզմամբ, Սերժ Սարգսյանն ունի մի սկզբունք՝ ոչ մի ազնիվ մարդ չպետք է լինի իր կողքին: Այս սկզբունքը ունի շարունակություն՝ ինչքան կոռումպացված լինեն իշխանական տարբեր թեւերն, այնքան ավելի հեշտ է նրանց ղեկավարել, այնքան նրանց վրա ավելի շատ կոմպրոմատ կա: Զբաղվում են կոմպրոմատ հավաքելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/114300

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը