Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործով նախաքննությունը շարունակում է այն նախաքննական մարմինը, որն անհիմն կասեցրել էր այն

Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք, որ գործը քննող քննչական խմբի որոշմամբ, ոստիկանության աշխատակիցներն իր բնակարանից բերման ենթարկեցին զինծառայության ընթացքում սպանված Դավիթ Տերտերյանի հորը՝ Վահե Տերտերյանին։ Այս հրապարակմամբ կփորձենք անդրադառնալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից քրեական գործում հայտնաբերված հակասություններին, նախաքննություն իրականացնող քննչական մարմնի թույլ տված խախտումներին։

2016 թվականի փետրվարի 18-ին մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանի մարմինը՝ գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով։
Ըստ պաշտոնական վարկածի՝ ՊԲ 34153 զ/մ-ի չորրորդ հրաձգային գումարտակի ականանետային դասակի 1-ին ականանետի նշանառու, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող 4-րդ հրաձգային գումարտակի ականանետային դասակի կրակային դիրքի դիտակետում առույգ հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարելիս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի АЕ130397 համարի ինքնաձիքից կրակոց է արձակել, ինչի հետևանքով ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից տեղում մահացել է։

Զինծառայողի մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է։ 2017թ.-ի ապրիլի 18-ին առաջին կայազորային ՔԲ-ի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանը քր. գործը կարճել է հանցադեպի բացակայության հիմքով։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռ. Մարտիրոսյանը բողոքարկել են այս որոշումը։ Ըստ տուժող կողմի դիրքորոշման, միակողմանի, կեղծ, հանցավոր քննության արդյունքում սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն: Միաժամանակ կատարվել է երկակի քննություն՝ պաշտոնական, որն առկա է գործի նյութերում, և մասնավոր, որը առկա չէ, բայց որի մասին կռահել կարելի է: Տուժող կողմն իր այս դիրքորոշումը հիմնավորում է մի շարք փաստերով, որոնցից հիմնականները կներկայացնենք ստորև։

1. Դեպքից մեկ օր անց դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Վարդան Ալեքսանյանի տված ցուցմունքից պարզ է դառնում, որ ինչպես դեպքի օրը՝ հենակետի մաքրման աշխատանքեր կատարելու ժամանակ, այնպես էլ դրանից առաջ այլ պատճառներով, մի քանի անգամ կոնֆլիկտ է առաջացել դեպքի օրը մարտական դիտակետի ժամանակավոր ավագ Ստեփան Համազասպյանի և Դավիթ Տերտերյանի միջև։ Վ. Ալեքսանյանն ստիպված է եղել հայտնել այս փաստը, քանի որ այդ պահին արդեն նշված բախման մասին տեղյակ էին ոչ միայն ՌՈ աշխատակիցները, այլև ԼՂՀ ՊԲ֊ի ղեկավարներն ու հետաքննիչները։ Վերջիններս տեղյակ էին նաև, որ դա Դ. Տերտերյանի և Ս. Համազասպյանի միջև միակ բախումը չէր։ Ըստ Վ. Ալեքսանյանի բացատրության՝ Տերտերյանն ու Համազասպյանը  կացարանում «միմյանց քաշքշել են», իսկ մինչ այդ Համազասպյանը «քաշքշելով փորձել է Տերտերյանին քնից հանել»՝ չնայած Տերտերյանը քնած է եղել իր հանգստի ժամին։ Ս. Համազասպյանի բացատրությունից պարզ է դառնում, որ մինչ այդ նրա և Դավիթ Տերտերյանի միջև տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ առնվազն երկու բախում, սակայն դրանք հարթվել են կոլեկտիվում հեղինակություն վայելող Գառնիկ Հարությունյանի կողմից։ Ըստ էության, քննիչ Ոսկանյանը բավարարվել է Ստեփան Համազասպյանի ցուցմունքով և այս փաստերի շուրջ այլևս ոչ մի վկայի չի հարցաքննել։ Փաստորեն, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ստեփան Համազասպյանն, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, դիրքի ավագ Վարդան Ալեքսանյանի փաստացի անգործությունից և մի շարք այլ հանգամանքներից, պարբերաբար հետապնդել է Դավիթ Տերտերյանին, նվաստացրել է վերջինիս, ապօրինի հրամաններ է տվել նրան։ Իսկ Տերտերյանը չի ընկրկել, չի ենթարկվել նրա ապօրինի պահանջներին։

2. Դեպքից անմիջապես հետո քննիչ Ա. Ոսկանյանը որոշում է կայացրել ձգաբանական փորձաքնության ուղարկելու նպատակով մարտական դիտակետի բոլոր վեց զինծառայողների ձեռքերից ու դեմքերի տարբեր հատվածներից խծուծներ՝ նմուշներ վերցնելու մասին, պարզելու համար, կա՞ն արդյոք նշված զինծառայողների նշված հատվածներում «կրակոցի արգասիքներ»։ Հենակետի բոլոր զինծառայողների դեմքերին հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր, այսինքն՝ նրանք բոլորը կրակոցի պահին եղել են Դ. Տերտերյանի հետ նույն տարածքում։ Ս. Համազասպյանի ձմեռային համազգեստի աջ թևքի վրա հայտնաբերվել են անտիմոնի հետքեր. «անտիմոն» կոչվող մետաղը բնության մեջ գոյություն չունի, այն առաջանում է կրակոցի պահին պարկուճի մեջ վառոդի այրումից։ Ըստ տուժող կողմի,  այս փաստը (հաշվի առնելով նաեւ այն, որ ըստ Ս. Համազասպյանի ցուցմունքների և բացատրությունների՝ առաջինը նա է լսել հենակետի դիտակետից (որտեղ գտնվել է Դ. Տերտերյանը) արձակված կրակոցի ձայնը, առաջինն է գնացել դիտակետ և տեսել, որ Դ. Տերտերյանը սպանված է, նրան «գլխից խփել են») միանշանակ ապացույցն է այն բանի, որ դեպքի պահին դեպքի վայրում Ս. Համազասպյանը կրակել է և, թերեւս, ինքն էլ սպանել է Դ. Տերտերյանին։

3. Դիակի դատաբժշկական եզրակացության հեղինակ, դատաբժիշկ Ռ․ Վարդանյանը, պատասխանելով գործով քննիչ Ա. Ոսկանյանի այն հարցին, թե կրակոցից որքան ժամանակ հետո է վրա հասել մահը՝ գրում է. «Դավիթ Տերտերյանի մահը վրա է հասել վերոհիշյալ մարմնական վնասվածքները ստանալուց հետո՝ անմիջապես»։ Սակայն, այս անժխտելի փաստի շուրջ տրամագծորեն հակառակ կարծիք ունեն քննիչ Ոսկանյանն ու գործով անցնող վկաները։ Ըստ Գառնիկ Հարությունյանի ցուցմունքների, կրակոցից հետո  գումարտակի բժիշկը հեռախոսով կապվել է ինչ-որ մեկի հետ ու ասել, որ Դավիթ Տերտերյանը «պուլս ունի»։ Դրանից հետո, Տերտերյանին դրել են պատգարակի վրա, տեղափոխել ու հասցրել են բուժկետի ավտոմեքենային։ Վկա Արտյոմ Հարթենյանը նշում է, որ գումարտակի բժշկի անունը Կառլեն է։ Հայտնում է նաև, որ Դավիթ Տերտերյանին առաջինը հայտնաբերել է Ս. Համազասպյանը՝ «մահամերձ վիճակում»: Ըստ վկա Տիգրան Չիլինգարյանի ցուցմունքի, դեպքի վայր եկած բժիշկ Կառլենը գնացել է դիտակետ, այնտեղից գոռացել է, որ Տերտերյանի զարկերակը դեռ խփում է և պահանջել պատգարակ բերել։ Ինքը Արտյոմ Հարթենյանի եւ Գառնիկ Հարությունյանի հետ Դավիթ Տերտերյանին դրել է պատգարակի վրա, տեղափոխել «ՈւԱԶ» մեքենա։ Այդ պահին էլ Կառլենն արձանագրել է Դավիթ Տերտերյանի մահը։

Դիրքի ավագ Վ. Ալեքսանյանի ցուցմունքից պարզվում է, որ Կառլենը ոչ թե բժիշկ է, այլ բուժակ։ Գալով դեպքի վայր՝ նա ստուգել է Դավիթ Տերտերյանի զարկերակն ու պարզել, որ զարկերակը խփում է։ Առաջարկել է, որպեսզի Վարդանը ստուգի մյուս ձեռքի զարկերակը։ Երկու «մասնագետներից» կազմված կոնսիլիումը եզրակացրել է, որ Դավիթ Տերտերյանը դեռ ողջ է։ Զորամասի հրամանատարը զանգահարել է Վարդանին և հրամայել է Տերտերյանի դիակին չմոտենալ, ձեռք չտալ։ Ի պատասխան՝ Վ. Ալեքսանյանը հրամանատարին տեղեկացրել է, որ Դավիթ Տերտերյանը «դեռ ողջ է» և նրան տեղափոխել են: ՊԲ հրամանատար Լ. Մնացականյանին հասցեագրված զեկուցագրում նրա տեղակալը՝ Վիտալի Բալասանյանը, գրում է, որ դեպքից կես ժամ անց դեպքի վայր է եկել զորամասի բուժծառայության պետն ու արձանագրել Դավիթ Տերտերյանի մահը:

Նախաքննական մարմինը պարտավոր էր այս կարևորագույն հարցի շուրջ հարցաքննել բուժակ Կառլենին ու զորամասի բուժ․ ծառայության պետին։ Սակայն հասկանալի է, որ բուժակը չէր ստորագրի այս ակնհայտ կեղծ ցուցմունքների տակ, չէր հաստատի, իբր դեպքից 10-15, կամ 20-25 րոպե անց Դավիթ Տերտերյանը դեռ ողջ է եղել։

4. Ըստ տուժող կողմի համոզման, դեպքից հետո դիրքի զինվորները դիրքի ավագի գլխավորությամբ ոչնչացրել են դեպքի վայրը, ինչպես նաև դիակը դուրս են բերել դիտակետից։ Դրա վերաբերյալ տուժող կողմը ներկայացրել է մի շարք  ապացույցներ, սակայն դրանց շուրջ նախաքննական մարմինը քննություն չի կատարել։ Դեպքի վայրի ամբողջապես ոչնչացված լինելն ապացուցվում է քր. գործով։ Այն, որ դեպքի պահին Դավիթ Տերտերյանի ինքնաձիգը դեպքի վայրում չի եղել կամ, առնվազն, իր ձեռքում չի եղել, որ նա ինքն իր վրա չի կրակել՝ ապացուցվում է հետևյալ փաստով։

Համաձայն փորձագիտական եզրակացության՝ իրեղեն ապացույց ինքնաձիգի վրա հայտնաբերվել են «թույլ արտահայտված պապիլյար գծանախշերի առանձին աղճատված ֆռագմենտներ, որոնք պիտանի չեն համեմատական հետազոտություն կատարելու համար։ Իսկ դիտակետի հատակին նետված փամփշտատուփի վրա ընդհանրապես պապիլյար գծանախշեր չկան, ինչը վկայում է այն մասին, որ դրանք թե՛ զենքի, թե՛ փամփշտատուփի վրայից հեռացվել է անհայտ անձի կողմից։

Այս հակասության շուրջ ոչ մի քննություն չի կատարվել, ինչը ապացույցն է նրա, որ հենց նախաքննական մարմինն է ոչնչացրել մատնահետքերը՝ սպանությունը կոծկելու նպատակով:

5. Դեպքի վայրի զննությամբ դիտակետի մուտքի մոտ, աջ կողմից պատի տակ հայտնաբերվել է գնդակի միջուկ։ Իհարկե, այն «ինքնուրույն» չէր հայտնվել նշված վայրում։ Նախաքննական մարմինն, ընդամենը ենթադրության վրա հիմնվելով, «ապացուցված» է համարում, որ գնդակի այս միջուկը հենց Դավիթ Տերտերյանի ինքնաձիգից արձակված գնդակի մասնիկն է: Դիակի զննությամբ Դ. Տերտերյանի գլխին հայտնաբերվել է սաղավարտ, որի վրա՝ ետին հատվածում, հայտնաբերվել է հրազենային միջանցիկ վնասվածք։ Դրա հիման վրա քննիչն ապացուցված է համարել, որ դեպքի պահին սաղավարտը գտնվել է Դավիթ Տերտերյանի գլխին։

Հաշվի առնելով, որ դեպքի վայրը ոչնչացված է, իսկ Տերտերյանի դիակն՝ ապօրինաբար դուրս բերված դիտակետից, գնդակի միջուկն անհայտ անձի կողմից նետվել է դուրս, նույն կամ մեկ այլ անձի կողմից հանված է ինքնաձիգի փամփշտատուփն ու շամփուրը, նման հետևությունը, իբր սպանության պահին սաղավարտը եղել է Տերտերյանի գլխին և, թե իբր հայտնաբերված գնդակը դա հենց այն գնդակն է, որով սպանվել է Տերտերյանը, տուժող կողմը համարում է անհիմն։

Նախաքննական մարմինը պարտավոր էր գնդակի միջուկն ու սաղավարտն ուղարկել դատաքիմիական֊դատակենսաբանական փորձաքննության՝ պարզելու համար, կա՞ն արդյոք միջուկի ու սաղավարտի վրա Դավիթ Տերտերյանին պատկանող արյան և ուղեղանյութի հետքեր, որոնք կվկայեին, որ դա հենց այն գնդակի միջուկն է, որով հրազենային վնասվածք է հասցվել Դավիթ Տերտերյանին, նաեւ պարզելու համար, որ կրակոցի պահին սաղավարտը եղել է Տերտերյանի գլխին:

6. Գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ Դավիթ Տերտերյանի հանդեպ Ս. Համազասպյանի հետապնդումները կրել են պարբերական բնույթ։ Եթե իր առաջին ցուցմունքում Ս. Համազասպյանը նշում է, իբր իր ու Տերտերյանի միջեւ որևէ կոնֆլիկտ չի եղել, ապա ավելի ուշ ստիպված է խոստովանել, որ եղել է և ոչ մեկ անգամ։ Միաժամանակ, սակայն, նշում է, որ դրանից հետո իր և Տերտերյանի փոխհարաբերությունները «շատ լավ են եղել»։ Որքան էլ քննիչը փորձում է թաքցնել, այնուամենայնիվ, գործից պարզորոշ երևում է, որ առնվազն մեկ կոնֆլիկտ ծագել է նաև սպանության օրը։ Համազասպյանը չէր ցանկանում, որպեսզի Տերտերյանը ճաշ պատրաստի, քանի որ նրա պատրաստածը Համազասպյանին դուր չէր գալիս։ Համազասպյանը դիրքի ավագ Վարդանին առաջարկել է, որպեսզի ճաշը պատրաստի Հարթենյանը, բայց վերջինս որոշել է, որ պետք է ճաշ պատրաստի հենց Տերտերյանը, «որ սովորի»։ Համազասպյանի ցուցմունքով, Տերտերյանը չէր ցանկանում ճաշ պատրաստել, քանի որ ճաշ պատրաստել չգիտեր։ Ճաշ պատրաստելու հետ կապված «խոսակցություն է եղել» իր և Տերտերյանի միջև, նրան առաջարկել է գնալ դիտակետ, իսկ ճաշը կպատրաստի արթուն հերթափոխ իրականացնող Հարթենյանը։

Մտքում ունենալով խծուծների ու հագուստների ձգաբանական փորձաքննությունների արդյունքները, կարելի է պնդել, որ իրականում Համազասպյանը Տերտերյանին տարել է դիտակետ՝ «ռազբորկա» անելու նպատակով։ Ավելին, դիտակետ են գնացել նաև մնացած հինգ զինծառայողները։

7. Փաստը, որ Տերտերյանն սպանվել է, հաստատվում է նաև դիակի դատաբժշկական եզրակացությամբ։ Համաձայն դրա՝ Տերտերյանի միջին ճակատային հատվածում հայտնաբերվել է մուտքի հրազենային վնասվածք, իսկ ելքը գլխի ծոծրակային շրջանում է։ Փորձագետը գրում է, որ կրակոցն ունի առջևից-ետ ուղղություն, արձակվել է տվյալ զենքին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների սահմաններում (այսինքն, կրակոցն արձակվել է մինչև մեկ մետր հեռավորությունից)։ Տերտերյանը ոչ մի կերպ չէր կարող իրեն ճակատի շրջանում նման վնասվածք հասցնել, ինչպիսի դիրքում էլ որ գտնվեր՝ կանգնած, նստած թե պառկած, այն էլ ոչ թե ընդհուպ կրակոցով, այլ որոշակի հեռավորությունից։ Դատաբժիշկ Ռ․ Վարդանյանը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ հեռավորությունից է արձակվել գնդակը։ Ըստ նրա՝ այդ հարցը պետք է ուղղել ձգաբան փորձագետին։ Սակայն, հարցաքննելով գործով ձգաբանական երկու փորձաքննությունների հեղինակ Կ. Աբրահամյանին, քննիչն այդպես էլ չի տալիս նշված հարցը, քանի որ պատասխանն ավելորդ անգամ կհիմնավորեր, որ Դավիթ Տերտերյանին սպանել են։

2017թ.-ի հունիսի 8-ին առաջին կայազորի զինդատախազ Ն. Գաբրիելյանը որոշում կայացրեց, որով մերժեց տուժող կողմի բողոքը՝ որոշելով, որ քր. գործը կարճվել է օրինական կերպով և կարճման որոշումը վերացնելու հիմքեր չկան։
2017թ.-ի հունիսի 21-ին ՀՀ զինդատախազ Վ. Հարությունյանը կայացրեց մեկ այլ որոշում, որով բավարարեց տուժողի միջնորդությունն ու վերացրեց գործի կարճման վերաբերյալ քննիչի ապօրինի որոշումը՝ նշելով, որ քր. գործը կարճելով վարույթ իրականացնող մարմինը կայացրել է ոչ օրինական և չպատճառաբանված որոշում։ Տուժող կողմի բողոքի բավարարման հիմքում ընկած էր այն, որ նախաքննական մարմինը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել մի շարք փաստական հանգամանքեր՝ չիրականացնելով օրենքով նախատեսված իր դրական պարտականությունները, քանի որ հանգամանքների իրավական գնահատականը կարող էր փոխել քննչական բաժնի կողմից առաջ քաշված ինքնասպանության վարկածը։

Գործը կարճումից հանելով, սակայն, զինդատախազը ոչ միայն չի պատժել իր ենթականերին անօրինական գործողություններ կատարելու համար, այլև լրացուցիչ նախաքննությունը կրկին հանձնարարել է նույն կայազորային բաժնին։ Տուժող կողմը բացարկ է հայտնել առաջին կայազորային քննչական բաժնին, նշված բաժինը հսկող առաջին կայազորի զինդատախազությանը եւ միջնորդել, որպեսզի գործով նախաքննությունը հանձնարարվի այլ քննչական մարմնի։

Նախաքննական մարմնի կատարած ապօրինությունների եւ զինվորի մահվան պաշտոնական վարկածի հետ իր անհամաձայնությունը տուժող կողմը հիմնավորել է 29 էջից բաղկացած բողոքով, որն ուղարկվել է բոլոր պատկան մարմիններին, սակայն գործը շարունակում է քննել ՀՀ ՔԿ զինվորական կենտրոնական քննչական վարչությունը, որը նախաքննությունը միտումնավոր տարել է սխալ ուղղությամբ, բազմաթիվ խախտումների գնով՝ փակել գործը։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը