Բերման ենթարկվեց սպանված զինվորի հայրը

Այսօր առավոտյան, գործը քննող քննչական խմբի որոշմամբ, ոստիկանության աշխատակիցներն իր բնակարանից բերման ենթարկեցին զինծառայության ընթացքում սպանված Դավիթ Տերտերյանի հորը՝ Վահե Տերտերյանին։

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2016թ.-ի փետրվարի 18-ին, ժամը 13։10-ի սահմաններում ՊԲ 34153 զ/մ-ի չորրորդ հրաձգային գումարտակի ականանետային դասակի 1-ին ականանետի նշանառու, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող 4-րդ հրաձգային գումարտակի ականանետային դասակի կրակային դիրքի դիտակետում առույգ հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարելիս իրեն ամրակցված ինքնաձիքից կրակոց է արձակել, ինչի հետևանքով ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից տեղում մահացել է։

Տուժող կողմը համոզված է, որ գործի քննությունն օբյեկտիվ չի կատարվել, որ առաջին իսկ օրից նախաքննական մարմնի նպատակն է եղել ոչ թե բացահայտել իրականությունը, այլ այն կոծկել։. «Գործով կատարվել է միակողմանի, կեղծ, հանցավոր քննություն։ Ոչնչացվել են իրեղեն ապացույցներ, նենգափոխվել փաստերը, բոլոր վկաներն, առանց բացառության, կարևորագույն փաստերի շուրջ տվել են կեղծ, միմյանց հակասող ցուցմունքներ։ Քր. գործով ձեռք բերված ապացույցները՝ ցուցմունքերը, փորձագիտական եզրակացությունները, վկայում են այն մասին, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է, անգամ մատնացույց են անում մարդասպանին», – ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։

Ասվածի մասին է վկայում նաեւ այն, որ 2017թ.-ի ապրիլի 18-ին առաջին կայազորային ՔԲ-ի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանը քրգործը կարճել է հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշումը տուժողի իրավահաջորդի կողմից բողոքարկվելուց հետո՝ 2017թ.-ի հունիսի 21-ին, ՀՀ զինդատախազ Վ. Հարությունյանը կայացրել է որոշում, որով բավարարել է տուժողի միջնորդությունը, վերացրել է գործի կարճման վերաբերյալ քննիչի որոշումը։
Տուժող կողմը բացարկ է հայտնել գործը կարճած նախաքննական մարմնին՝ նշելով, որ նա իրավունք չունի շարունակել նախաքննությունը, քանի որ արդեն ապացուցել է գործի ելքով իր շահագրգռվածությունը, միջնորդել գործը հանձնել այլ քննչական մարմնի վարույթ եւ քրեական գործ հարուցել գործը կոծկած նախաքննական մարմնի և այն հսկող դատախազության աշխատակիցների նկատմամբ։ Նախաքննական մարմնի կատարած ապօրինությունների եւ զինվորի մահվան պաշտոնական վարկածի հետ իր անհամաձայնությունը տուժող կողմը հիմնավորել է 29 էջից բաղկացած բողոքով, որն ուղարկվել է բոլոր պատկան մարմիններին։
Առ այսօր բողոքների և միջնորդությունների պատասխանը չի ստացվել, փոխարենը՝ գործը հանձնվել է ՀՀ ՔԿ զինվորական կենտրոնական քննչական վարչությանը, որին հենց տուժող կողմը բացարկ էր հայտնել։

Գործը վերսկսվելուց հետո վարչության քննիչները տուժող կողմին շարունակաբար անհանգստացրել են տարբեր պատճառներով՝ նախ հեռախոսազանգով, իսկ հետո՝ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության փոխգնդապետ Ա. Մ. Սարգսյանի կողմից ուղարկված 4-5 ծանուցագրով պահանջելով, որպեսզի սպանված զինվորի հայրը՝ Վահե Տերտերյանը, ներկայանա քննչական մարմին և որպես վկա ցուցմունք տա։
Վ. Տերտերյանը հրաժարվել է ներկայանալ եւ ցուցմունք տալ այն նախաքննական մարմնին, որին չի վստահում, բացարկ է հայտնել, նաեւ նշել է, որ դեռեւս 2016թ.-ին՝ սպանությունից հետո, ցուցմունք է տվել և սպառիչ տեղեկություններ է հաղորդել իրեն հայտնի բոլոր փաստերի մասին, գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չունի, այլ տեղեկություններ չի կարող հայտնել։ Տուժող կողմի համոզմամբ՝ այդ ամենն ընդամենը փորձ է ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննչական մարմնին իր վզին փաթաթելու, որին չի վստահում, համարում է կոռումպացված մարմին։ Տուժող կողմը նշված ծանուցագրերը համարում է նաև շանտաժի փորձ, քանի որ սպանվածի հայրն ականատես վկա չէ և չի կարող ներկայացնել սպանության մանրամասները։

Նաեւ այս՝ տուժող կողմին ահաբեկելու, ճնշումների ենթարկելու նախաքննական մարմնի այս փորձերի վերաբերյալ, բազմիցս բողոքներ եւ միջնորդություններ են ուղարկվել ՄԻՊ գրասենյակ, նախագահին, ԱԺ և դատախազություն։

«Քննիչը նախ հարցեր տվեց գործի վերաբերյալ, որոնց պատասխանելուց հրաժարվեցի՝ նշելով, որ իմ նախաքննական ցուցմունքում ինձ հայտնի ամեն ինչ արդեն կա։ Այնուհետեւ այնպիսի տպավորություն էր, որ ցանկանում էր հորդորել, որպեսզի համաձայնության գամ նախաքննական մարմնի կողմից գործի նախաքննությունը շարունակելու հարցի շուրջ, ինչը եւս մերժեցի։ Անվստահությանս պատճառների մասին նրա հարցին ի պատասխան թվեցի քրեական գործում իրենց կատարած ինձ հայտնի բոլոր ապօրինություններն ու հանցագործությունները եւ, ընդհանրապես, հրաժարվեցի որդուս սպանության գործը կոծկած նախաքննական մարմնի հետ ցանկացած համագործակցությունից», – հայտնեց Վահե Տերտերյանը։

«Հնարավոր է՝ նախաքննական մարմինն այս կերպ արձագանքում է նախաքննության ընթացքում մեր կողմից հայտնաբերված բազմաթիվ խախտումներից մեկի՝ հենակետի ողջ անձնակազմի հեռախոսների անհետացման փաստի վերաբերյալ տուժող կողմի բողոքում տեղ գտած փաստերին, քանի որ բերման ենթարկելուց հետո Վահե Տերտերյանին հարցեր է տրվել այդ մասին։ Այսինքն, մենք հայտնաբերում ենք, որ գործից անհետացել են հեռախոսները, որոնցից կատարված զանգերի վերծանումները էապես կարող էին լույս սփռել դեպքի հանգամանքների վրա, միջնորդում, որպեսզի դրանք հայտնաբերվեն, այս թերացման համար մեղավորները պատժի ենթարկվեն, իսկ քննիչները «նպատակահարմար» են գտնում դրանք հայտնաբերելու համար սպանվածի հորը բերման ենթարկել եւ հարցաքննել», – միջադեպը մեկնաբանում է Ռ. Մարտիրոսյանը, ով աննախադեպ երեւույթ է համարում տուժողի իրավահաջորդին բերման ենթարկելու փաստն ինքնին։

Հ.Գ. Մեր գործընկերները e-press.am-ից ներկա են եղել եւ տեսաձայնագրել Վ. Տերտերյանի՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելը։ Առաջիկայում ծավալուն կերպով կանդրադառնանք նաեւ Դավիթ Տերտերյանի սպանության գործի հանգամանքներին, կներկայացնենք քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված բոլոր էական խախտումները։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը