Նախարարն ասում է՝ նորակոչիկի խոշտանգման փաստը չի ապացուցվել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բժշկական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոսպիտալ տեղափոխված նորակոչիկի գործին, հայտարարեց, թե խոշտանգման փաստը չի ապացուցվել։
Նախարար Օհանյանը բանակում տիրող վիճակի հիմնական մեղավոր է համարում հասարակությանը։ Նա, ի պատասխան «Ազատության» հարցի, հայտարարեց, թե բանակում բռնությունները շարունակական կլինեն այնքան ժամանակ, մինչև որ հասարակության հետ համապատասխան աշխատանք չտարվի։
«Այնքան կլինեն, մինչև որ յուրաքանչյուր ընտանիքում չլինի չարաճճի երեխա, ոչ մի դպրոցում, ոչ մի բուհում չլինեն չարաճճի աշակերտներ, ուսանողներ, իրենց վարքի մեջ թերություններ ունեցողներ»,- ասաց նախարարը։
Ավելացվել է 20 January, 2014