Հայաստանի զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները լուրջ բուժման կարիք ունեն

«Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները լուրջ բուժման կարիք ունեն:

«Ապահով զինվորներ` անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում կազմակերպության կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդիրները բազմազան են ու շտապ լուծման կարիք ունեն:

«Բանակում առկա խնդիրները բազմազան են: Խնդիր է, երբ շատ դեպքերում զինվորի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Մեր փորձագետի եզրակացությունը ցույց է տալիս, որ հետաքննող մարմինը պատշաճ, ճիշտ գործողություններ չի իրականացնում, գործերը փակվում են: Լինում են դեպքեր, երբ անգամ զենքի վրայից մատնահետքերը վերացած են լինում` անկախ նրանից` սպանություն է, թե ինքնասպանություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Էդգար Խաչատրյանը` հավելելով, որ նման խնդիրների բազմաթիվ անգամ են հանդիպել թե նախաքննական մարմինների աշխատանքում, թե դատական համակարգում:

Բացի վերոնշյալներից` նա նկատում է, որ բանակում առկա է նաեւ կանոնադրության կիրառման, կոռուպցիայի խնդիրը:

«Բանակում կանոնադրության կիրառման, կոռուպցիայի խնդիր ունենք: Շատ լուրջ է, երբ ամեն պատահած մարդ կարողանում է դառնալ բարձրաստիճան սպա, եւ գործել այն կերպ, ինչպես ինքն է ուզում` միայն փողեր փակվելով»,- ասում է կազմակերպության նախագահը:

Բանակում կարգուկանոն հաստատելու խնդիրը, սակայն, նրա կարծիքով, չպետք է մնա միայն զինվորի ինքնագիտակցության վրա, պետությունն այստեղ լուրջ անելիք ունի: «Պետության դերը բանակում կարգուկանոն հաստատելն է, ոչ թե այդ հարցը զինվորի ինքնագիտակցության վրա թողնելը, զինվորի ինքնագիտակցությունը կարգուկանոնի հարցում քիչ դեր ունի: Համալիր մոտեցում է անհրաժեշտ»,- նշում է Էդգար Խաչատրյանը` նկատելով, սակայն, որ այդ հարցում պետությանն աշխատեցնողն էլի հանրությունն է:

«Այստեղ ոչ միայն չկա քաղաքական կամք, որպեսզի իշխանությունները լուծեն բանակում առկա խնդիրները, չկա նաեւ քաղաքացիական պահանջարկ, երբ քաղաքացին ինքն է պահանջում իշխանություններից`լուծելու կարգուկանոնի խնդիրը բանակում»,- ասում է հ/կ-ի նախագահը:

Սայլը տեղից շարժելու համար էլ «Խաղաղության երկխոսություն» հ/կ-ի` անցած տարի սկսած «Ապահով զինվորներ` անվտանգ Հայաստանին» ծրագրի նպատակներից մեկն էլ հասարակության մեջ պահանջատիրության մակարդակի բարձրացումն է: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է ՀՀ զինված ուժերի վերաբերյալ ինտերնետային կայք, բացի այդ` զորակոչային տարիքի խմբի անձանց հետ տարվում են աշխատանքներ` նրանց իրազեկելով բանակում իրենց իրավունքների մասին:

 

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝՝ www.aravot.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը