«Սեյրան Օհանյանը՝ տեսուչ ու ռևիզոր»

Վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աչքի է ընկնում տարբեր զորամասեր իր կատարած անակնկալ այցերով, որոնց ընթացքում հետևում է զորամասի վերակարգին, առավոտյան վերկացին, մարմնամարզությանը, շրջայց կատարում զորամասերում, ծանոթանում կենցաղային պայմաններին և այլն:

«Zham.am»-ը այս թեմայով զրուցեց ռազմաբժշկական փորձագետ Արթուր Մինասյանի հետ:

Պարո՛ն Մինասյան, ըստ ձեզ, ինչո՞վ են պայմանավորված Սեյրան Օհանյանի այս անակնկալ այցերը կամ ինչպե՞ս կարելի է դրանք որակել:

– Աճպարարություն: Բանակում տիրող «բարդակը», շնորհիվ այն բանի, որ մենք ապրում ենք 21-րդ դարում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև շնորհիվ վերջին տարիներին քաղաքացիների շրջանում նկատվող ակտիվության՝ իրենց իրավունքները պաշտպանելու առումով, հանրային լայն հնչեղություն է ստանում. զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, նախաձեռնություններ, անհատ քաղաքացիներ հետևողականորեն լուսաբանում են ու հետամուտ են լինում բանակում տեղի ունեցող միջադեպերի բացահայտմանը, և ՊՆ-ում հասկացել են, որ իրենց նախկին մարտավարությունը՝ տեղեկատվություն չտրամադրել, չանդրադառնալ այդ միջադեպերին, փորձել տեղեկատվական շրջափակման մեջ պահել հասարակությանը, այլևս անհնարին է և անարդյունավետ: Եվ որոշել են գործել, այն է՝ փորձել կանխել նման միջադեպերը, անցանկալի զարգացումները բանակում»,- ասել է Մինասյանը:

Բայց, ըստ նրա, այդ խնդիրները համակարգային, կառույցի ֆունդամենտալ խոտանների հետևանք են, զսպման, հավասարակշռման, վերահսկողության մեխանիզմների և բազմաթիվ այլ դեֆեկտների հետևանք, իսկ ՊՆ-ի վերնախավը ո՛չ ուժ, ո՛չ էլ ցանկություն չունի համակարգային բարեփոխումներ իրականացնելու, այդ «դեֆեկտները» վերացնելու:

«Արդյունքում խնդիրների պատճառները վերացնելու փոխարեն զբաղված են հետևանքների վերացման փորձերով: Բայց բանակի կառուցվածքն այնքան անարդյունավետ ու նեխած է, որ նախարարը, փաստորեն, ստիպված ինքն է ստանձնել վերահսկողի ֆունկցիան, քանի որ իր ենթականերին կարգադրություններ տալով, հրամաններ արձակելով անգամ չի կարողանում լուծել միջադեպերի կանխարգելման խնդիրը: Կարճ ասած՝ նախարարը դարձել է մի տեսուչ, որը հանկարծակի այցելում է զորամասեր ու հոսպիտալներ, որպեսզի բոլոր զինվորական միավորումները անընդհատ նախարարին դիմավորելու պատրաստ, կարգապահ վիճակում լինեն, ըստ այդմ էլ կարգուկանոն հաստատվի: Բայց քանի որ բանակում յուրաքանչյուրի, այդ թվում՝ նախարարի տեղաշարժի մասին լուրերը սրընթաց արագությամբ տարածվում են, իրավիճակը զավեշտալի է դառնում: Սա ինձ հիշեցնում է Գոգոլի հայտնի կոմեդիան. նախարարի յուրաքանչյուր «հանկարծակի» այցից առաջ զորամասերի հրամանատարները կանչում են իրենց ստորադասներին՝ հայտարարելով. «Я пригласил вас, господа, с тем, чтобы сообщить вам пренеприятное известие: к нам едет ревизор»: Դե, բնականաբար, կարճ ժամանակահատվածում իդեալական կարգուկանոն է հաստատվում, նախարարը «հանկարծակի» գալիս է, բոլորն ուրախ են ու երջանիկ: Սա էլ՝ շոուի մասը»,- նշեց Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.zham.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը