Քեզ ցավ չպատճառե՞ց դիակի պատկերը, որ ուղեղը ցաքուցրիվ ես արել. սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի մայրը՝ ամբաստանյալին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մարտի 20-ի դատական հերթական նիստին առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը, իսկ նրա հայրը հայտարարել էր, որ իրենք ոչ մի պահանջ չունեն ամբաստանյալից:

«Տուժողի հայրը` Վաղինակ Սարգսյանը, խոսել է ինձ հետ եւ ասել, որ իր տղան վիրահատություն է տարել, նոր է դուրս գրվել հիվանդանոցից եւ այժմ գտնվում է անկողնային ռեժիմում, իսկ իրենք որեւէ պահանջ չունեն ամբաստանյալից»,- հայտարարեց դատավոր Զոյա Զաքինյանը:

Դատավարության կողմերը դատավորին խնդրեցին ընթերցել նախաքննության ընթացքում տուժող Հրաչյա Սարգսյանի տված ցուցմունքը: Տուժողի ցուցմունքում նշված էր, որ նա չի հիշում օրվա մանրամասները, հետո համացանցից է տեղեկացել դեպքի մանրամասներին, քանի որ վիրավորվելուց հետո կորցրել է հիշողությունը:

Այնուհետեւ դատավորն ընթերցեց դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, որի ամբողջ ընթացքում Լյուքս Ստեփանյանի մայրը` Լուիզա Ստեփանյանը արտասվում էր, վերջում էլ դիմեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին. «Քեզ ցավ չպատճառե՞ց այս դիակի պատկերը, որ ուղեղը ցաքուցրիվ ես արել, կյանքդ սպառվի, քո մայրն էլ մնա անբալա, որ հասկանա իմ վիշտը»:

Երբ դատավորը ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի ծառայողական բնութագիրն էր ընթերցում, որում նշված էր, որ Դավիթը հայրենասեր եւ ընկերասեր է, Լուիզա Ստեփանյանը վրդովված արձագանքեց, թե «հա, շատ հայրենասեր է», սակայն նրան սաստեցին դատախազը եւ փաստաբանը։

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի խնդրանքով դատավորը ընթերցեց նաեւ NEWS.am լրատվական կայքում հրապարակված մի հոդված, որում տուժող Հրաչյա Սարգսյանի հայրը պատմել էր իր որդու եւ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հարաբերությունների մասին:

«Հրաչյա Սարգսյանի հայրը դեպքից հետո խոսել է որդու հետ, որը նրան ասել է, որ դեպքից ոչինչ չի հիշում, սակայն հիշել է Դավիթ Խաչատրյանին որպես լավ մարդ, Դավիթը նրան խելացի խորհուրդներ է տվել, այդ օրն էլ հիշողությունից կարծես ջնջված է եղել»,- ընթերցեց դատավորը:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ ընթերցածից պարզ է դառնում, որ տուժողը ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին համարել է իր ընկերը, մտերիմ անձնավորությունը:

Լյուքս Ստեփանյանի մայրը միջամտեց. «Վերջին խոսակցության ժամանակ իմ որդին ինձ ասել է, որ ինքը ավելի մտերիմ է եղել Հրաչյա Սարգսյանի հետ, եւ բազմաթիվ անգամ նստել եւ զրուցել են, նաեւ շեշտեց, որ Ռուսաստանից եկած զինվոր է, ինչի՞ է Հրաչյան հիշում Դավիթին, իսկ Լյուքսին չի հիշում, այստեղ թաքնված բառեր կան»:

Ի դեպ, նիստից հետո տիկին Ստեփանյանը եւ Լյուքսի մյուս հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ միջադեպի հետեւանքով առաջին կարգի հաշմանդամ դարձած Հրաչյայի կողմից ամբաստանյալին պահանջներ չներկայացնելն իրենց մոտ կասկածներ է առաջացնում, որ վերջինին կաշառել է ամբաստանյալի ընտանիքը։

Այնուհետեւ դատավորը կարդաց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որում նա նշել էր, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանի վրա նշան չի բռնել, որ կրակի, չի էլ պատկերացրել, որ կարող էր երկու հոգի տուժել, եւ զղջում է կատարվածի համար. «Ամեն անգամ կատարվածը պատմելիս ինձ վատ եմ զգում, սրտխառնոց եւ տրամադրության անկում եմ ունենում»:

Ամբաստանյալը նաեւ նշել էր, որ ունի առողջական խնդիրներ, մասնավորապես, ցավ ծնկահոդերում` եղանակի փոփոխության հետ կապված եւ սրտի հետ կապված խնդիրներ:

Դատարանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի Բերդ քաղաքից դատարան տեղափոխեն իրեղեն ապացույցները, այդ թվում՝ Դավիթ Խաչատրյանի արձանագրության տեսանկարահանման սկավառակը:

Դատարանի հայտարարած 20 րոպե ընդմիջումը երկարեց մոտ 1,5 ժամ, որից հետո, երբ իրեղեն ապացույցները դատարանում էին, կողմերը խնդրեցին, որ հաջորդ դատական նիստին սկսեն այդ ապացույցների ուսումնասիրությունը, քանի որ աշխատանքային օրը 20 րոպեից ավարտվում էր:

Դատավորն ընդունեց կողմերի առաջարկը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 28-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  www.news.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը