Զինվորի մահվան շուրջ 14 տարի քննվող գործը երրորդ անգամ հանվեց կասեցումից
Դեռեւս 2000թ․-ին ժամկետային զինծառայությունը կրելիս հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արման Հակոբյանի մահվանփաստով հարուցված թիվ 90511400 քր. գործի նախաքննությունն արդեն երրորդ անգամ է վերսկսվում․ այս տարվա փետրվարի 25-ին տուժողի իրավահաջորդ հանդիսացող Վարդան Հակոբյանին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնից հայտնել են, որ նրա որդու մահվան գործով կասեցված նախաքննությունը մեկ անգամ եւս վերսկսվել է:
Նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ 25.09.2000թ.-ին ՀՀ ՊՆ թիվ 54122 զ/մ-ի զինծառայող Արման Վարդանի Հակոբյանը, ՀԱԿ-ում պահակային ծառայություն իրականացնելիս, ժամը 03:40-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ 74 տեսակի 1181849 համարի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել, ստացել գլխի ճակատային մասում հրազենային վնասվածք և մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
- 15.09.2001թ.-ին քր. գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու պատճառաբանությամբ:
- 11.11.2008թ.-ին քր. գործը կասեցումից հանվել է և կատարվել է լրացուցիչ քննություն:
- 11.04.2009թ.-ին քր. գործը կրկին կասեցվել է նույն՝ հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու պատճառաբանությամբ:
Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ շուրջ 14 տարի առաջ կատարվածի վերաբերյալ քր. գործով կատարվել է միակողմանի թերի, կեղծ նախաքննություն, որն ուղեկցվել է քր. դատ. օր.-ի կոպիտ խախտումներով: Նրա ձեռքում եղած որոշումները և փորձագիտական եզրակացությունների պատճեները վկայում են այդ մասին:
Այն, որ Արման Հակոբյանին սպանել են, ապացուցվում է այն փաստով, որ համաձայն զենքի ու գլխարկի N23870003 դատաձգաբանական-դատահետքաբանական փորձաքննության «Մատնադրոշմային հետազոտություն» կետի՝ սպանության գործիք հանդիսացող N1181849 ինքնաձիգի և նրա պահունակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել:
Գործով իրեղեն ապացույց ճանաչված, սպանության գործիք հանդիսացող N1181849 ինքնաձիգը ամրակցված չի եղել սպանվածին: Քր. գործով կայացված որոշումներից պարզ չի դառնում, թե ու՞մ է պատկանել նշված ինքնաձիգը: Նախաքննական մարմինը խորացված քննություն չի կատարել այս կարևորագույն փաստի շուրջ: Բնականաբար, հենց ինքնաձիգի տերն է սպանել Արման Հակոբյանին և (կամ) այն երրորդ անձը, որին նա այդ նպատակով փոխանցել է իր զենքը: Այն, որ նախաքննական մարմինը, անտեսելով այս կարևորագույն փաստը, շարունակել է գործը քննել «ինքնասպանություն» վարկածով, թույլ է տալիս ենթադրել, որ հենց նախաքննական մարմինն է ոչնչացրել մատնահետքերը, որպեսզի դիտավորյալ սպանությունը ներկայացնի որպես ինքնասպանություն:
Այս և այլ կարևորագույն փաստերի շուրջ (որոնց մի մասը ներկայացված է ստորեւ) ևս քննություն չի կատարվել, իսկ փորձագետ Ռ. Մարտիրոսյանի միջնորդությունը քր. գործով լրացուցիչ նախաքննություն կատարելու վերաբերյալ ապօրինաբար մերժվում էր:
Խախտելով քր. օր.-ի 196-197 հոդվածները՝ դատաբժիշկ Ա. Բաբայանը չի պատասխանել քննիչի որոշման մեջ տեղ գտած թիվ 4 հարցին, այն է՝ վնասվածքները ստանալուց որքա՞ն ժամանակ հետո է վրա հասել մահը, սակայն նախաքննական մարմինը չի արձագանքել այս անօրինականությանը՝ հիմք ընդունելով վկաների այն ստահոդ ցուցմունքները, թե իբր Ա. Հակոբյանի մահը վրա է հասել հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Մինչդեռ, ըստ դատաբժշկի՝ Հակոբյանի մահվան պատճառ է դարձել առջևից ետ, վերից վար, աջից ձախ ուղղությամբ մեկ հրազենային կրակոցը, որի հետևանքով Հակոբյանը ստացել է «գանգի թաղի և հիմի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ, վերքային խողովակի ընթացքով ուղեղանյութի ջնջխումով, տարածում ենթակարծրենային և ենթաոստայնային արյունազեղումների, ուղեղի փորոքներում հեղուկ արյան առկայություններով»: Դատելով այս ծանր վնասվածքներից՝ Արման Հակոբյանի մահը պետք է վրա հասներ դրանից անմիջապես հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաքննական մարմնին ձեռնտու է եղել կեղծ վարկածը: Այս փաստի շուրջ ևս հարկ է կատարել խորացված քննություն:
Դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու վերաբերյալ իր որոշման մեջ քննիչ Խաչատրյանը եւս, ներկայացնելով գործի հանգամանքները, մասնավորապես, նշում է, որ ժամապահ Արման Հակոբյանը «ինքնաձիգից կրակ է արձակել, որի հետևանքով նա տեղում մահացել է»: Մինչդեռ 11.11.2008 թվականի իր որոշման մեջ ՀՀ ՊՆ քննչական վարչության աշխատակից Ս. Հ. Սարգսյանը գրում է, որ Ա. Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել: Այս կարևոր հակասության շուրջ ևս նախաքննական մարմինը խորացված քննություն չի կատարել: Գլխի շրջանում Ա. Հակոբյանի ստացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նա մահացել է տեղում՝ կրակոցից վայրկյաններ անց: Անհասկանալի է, թե ովքե՞ր և ի՞նչ պատճառով են կեղծ ցուցմունքներ տվել, թե իբր Հակոբյանը մահացել է շատ ավելի ուշ՝ հոսպիտալի ճանապարհին: Այս հարցի պարզաբանման համար քննիչը պարտավոր էր փորձագետին տալ ևս մեկ հարց՝ «հրազենային վնասվածք ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է վրա հասել Ա. Հակոբյանի մահը»: Սակայն քննիչն այս կարևորագույն հարցը չի տվել իր որոշման մեջ և չի հարցաքննել դատաբժիշկ Բաբայանին այս հարցի շուրջ: Մինչդեռ հակասությունը հուշում է, որ դեպքի վայրը ՀԱԿ-ը չի եղել և կեղծ ցուցմունքներով վկաները փորձել են արդարացնել իրենց կողմից դիակը դեպքի վայրից վերցնելու, դեպքի վայրը ոչնչացնելու հանգամանքը: Լրացուցիչ հարցաքննությամբ պետք է հարթել այս հակասությունը, լրացուցիչ հարցաքննել վկաներին, ինչպես նաև դատաբժշկին:
Համաձայն Արման Հակոբյանի դիակի դատաբժշկական թիվ 762/4 եզրակացության՝ դատաբժիշկ Արսեն Բաբայանը նրա մարմնի վրա հայտնաբերել է «․․․ քթի, մեջքի, պարանոցի, աջ կողմնային մակերեսի, ձախ նախաբազկի, ձախ դաստակի 4-րդ մատի, աջ զստոսկրի, աջ և ձախ հետույքների, աջ և ձախ ազդրերի վերին երկրորդականների, աջ սրունքի միջին երրորդականի, աջ սրունք-թաթային շրջանների բազմաթիվ քերծվածքներ, աջ ուսային հոդի շրջանի քերծվածք և արյունազեղում, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ․․․ մահվանից 12-24 ժամ առաջ»:
Նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ այս վնասվածքները Արման Հակոբյանին են հասցրել «Պիսր» մականունով Գարիկ Հովհաննիսյանը և Արշակ Շահբազյանը («Բիձա») սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում: Պետք է ենթադրել, որ գործով քննիչներ Խաչատրյանը և Հրաչ Այվազյանը, ինչպես նաև նրանց վերադասները, չեն տիրապետել թվաբանություն առարկային, քանի որ ըստ դատաբժշկի՝ Հակոբյանին դաժան խոշտանգման են ենթարկել սեպտեմբերի 24-ի ժամը 04:00-ից մինչև նույն օրը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 8-20 ժամ ավելի ուշ, քան տեղի է ունեցել քննիչների կողմից նշված ծեծը և հետևաբար այդ վնասվածքները չէին կարող առաջանալ նշված ծեծի հետևանքով: Այսպիսով՝ նախաքննական մարմինը չի պատասխանել այն կարևորագույն հարցերին, թե ովքե՞ր, որտե՞ղ և ի՞նչ պատճառով են ծեծել ու խոշտանգել Արման Հակոբյանին: Այս հարցի պատասխանը պետք է ստացվի լրացուցիչ նախաքննությամբ:
Նույն փորձաքննությունից պարզ է դառնում, որ քննիչը փորձագետին է ներկայացրել ոչ թե Արմանի գլխարկը, այլ մեկ այլ գլխարկ, որի վրա առկա է «ВАЧО, ДШБ, 2000թ.» գրառումը: Նախաքննական մարմինը գնահատական չի տվել և խորացված քննություն չի կատարել նաև այս փաստով. ինչու՞ պետք է Արմանի գլխին լիներ այլ զինվորի գլխարկ, որտե՞ղ էր նրա գլխարկը:
Դատաբժիշկ Բաբայանը «Հետևություններ» մասում, մասնավորապես, գրում է՝ որ Ա. Հակոբյանի «․․․ դիակի բերանի խոռոչի և հետանցքի շրջանի պարունակություններից վերցված 4 պատրաստված քսուկների դատակենսաբանական ուսումնասիրությամբ սերմնէակներ չեն հայտնաբերվել, սակայն վերջիններիս բացակայությունը չի բացառում սեռական բնույթի գործողությունների կատարումը»: Այսինքն՝ դատաբժիշկն առաջ է քաշում վարկած՝ իր ձեռքի տակ չունենալով փաստ, հիմնվելով իր մերկապարանոց ենթադրությունների վրա: Ավելին, նախաքննական մարմնի շուրթերում բժշկի «չի բացառվում» արտահայտությունը վեր է ածվում անհերքելի փաստի: Շուրջ 14 տարի շարունակ քննիչներն ու նրանց վերադասները փորձել են մահացած զինվորի հորը շանտաժի ենթարկել, նվաստացնել, խեղդել նրա բողոքի ձայնը անօրինական և հավերժ ձգվող նախաքննության դեմ՝ հայտարարելով, թե իբր նրա որդու հանդեպ կատարվել է սեռական բռնություն, ընդ որում՝ նույն քննիչները 14 տարի ձգվող քննության ընթացքում այդպես էլ չեն բացահայտել իրենց կողմից շահարկվող «սեռական բռնության» փաստը:
Նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Ա․ Հակոբյանին սպանել են ՀԱԿ-ում հերթապահություն կատարելու պահին, մինչդեռ թիվ 27110002 հետքաբանական փորձաքննության համաձայն սպանության պահին նրա աջ ոտքին եղել է նրբանի վրա դաջված «ՊՆ 1999», իսկ լեզվակի վրա՝ թանաքով գրված «Արմեն, ԺՕԳ» գրառումներով սպորտային կոշիկ և նույն ոտքին՝ գուլպա, իսկ ձախ ոտքի կոշիկն ու գուլպան նախաքննական մարմնի կողմից այդպես էլ չեն հայտնաբերվել: Այս փաստը հիմք ընդունելով՝ նախաքննական մարմինը պետք է պատասխաներ առնվազն հետևյալ հարցերին․
ա. ինչպե՞ս կարող էր Արման Հակոբյանը սպորտային կոշիկներով իրականացնել պահակային ծառայություն,
բ. եթե Հակոբյանն ինքնասպանություն է գործել, ապա որտե՞ղ են նրա ձախ սպորտային կոշիկն ու գուլպան,
գ. ի՞նչ գործ ուներ նրա ոտքին «Արմեն, ԺՕԳ» գրությամբ սպորտային կոշիկը:
Նախաքննական մարմինը չի անում այս բոլոր փաստերից բխող ակնհայտ հետևություններ․ Հակոբյանը այդ պահին պահակային ծառայություն չէր իրականացնում, Հակոբյանին սպանել են այլ վայրում, այնուհետև դիակը տեղափոխել ՀԱԿ՝ մոռանալով իրենց հետ վերցնել աջ կոշիկն ու գուլպան, որոնք նրա ոտքերից դուրս են եկել, հավանաբար, կռվի արդյունքում: Քննություն չի կատարվել և չի պարզվել, թե ո՞վ է ԺՕԳ-ը և ինչպե՞ս է նրա սպորտային կոշիկը հայտնվել Հակոբյանի ոտքին:
Նույն փորձաքննության մեջ նշվում է, որ փորձագետին ներկայացված պաշտպանական գույնի բաճկոնի ներսի մակերեսին (աստառին) կատարված է «ՈՒՊԱԳ, ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. Ռ.» գրառումը: Նախաքննական մարմինը աչքերը փակում է նաև այս փաստի վրա, մինչդեռ փաստերի համադրումը քննիչներին պետք է զարմացնի, քանի որ ըստ այդ փաստերի՝ Արման Հակոբյանը չուներ ո՛չ գլխարկ, ո՛չ կոշիկներ, ո՛չ բաճկոն: Նրա ողջ հագուստը պատկանել է այլ զինվորների, ինչն առավել քան կասկածելի է: Գործով քննիչները պարտավոր էին պարզել, թե ո՞վ է Է. Ռ. Պետրոսյանը և ինչո՞ւ է նրա բաճկոնը, ըստ նախաքննական մարմնի, հայտնվել Հակոբյանի մոտ, և, ի վերջո, որտե՞ղ են Հակոբյանի գլխարկը, զինվորական կոշիկները, բաճկոնը և մյուս հանդերձները:
Քրեական գործը կասեցնելու որոշման մեջ քննիչը գրում է. «Նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ հարցաքննվել է 88 անձ, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է մահացել Ա. Հակոբյանը»: Այս «ազնիվ խոստովանությունը» պետք է զարմացներ և զայրացներ վերադասներին․ եթե քննիչները կատարվածի մասին ոչինչ չգիտեն, ապա ինչպե՞ս եզրակացրեցին, որ կատարվածն ինքնասպանություն է և ինչո՞ւ են այս տարիների ընթացքում քննել մեկ և միևնույն, կեղծ ու մերկապարանոց, ինքնասպանություն վարկածը:
Գործով քննիչը դեպքի վայրից հայտնաբերել և փորձագետին է ուղարկել մի սրվակ՝ անհայտ բաղադրությամբ: Համաձայն թիվ 154 դատաքիմիական փորձագիտական եզրակացության՝ սրվակի մեջ առկա քսուքում հայտնաբերվել է ծծումբ: Քննիչները այդպես էլ չեն պարզել, թե ծծմբից բացի էլի ի՞նչ նյութեր էին պարունակվում այնտեղ: Որքա՞ն տոկոս էր կազմում ծծումբը տվյալ բաղադրության մեջ, այն թո՞ւյն էր, թե՞ դեղամիջոց, վտանգավո՞ր էր կյանքի համար, թե՞ ոչ, որտեղի՞ց է հայտնվել դեպքի վայրում, ո՞ւմ է պատկանել, ի՞նչ նպատակով է անձն իր մոտ պահել այդ քսուքը, բերել դեպքի վայր: Այս հարցերից ոչ մեկին նախաքննական մարմինը չի պատասխանել: Սրա պատասխանը եւս պետք է տա լրացուցիչ քննությունը, որի ընթացքում վերոհիշյալ քսուքը հարկ է ուղարկել լրացուցիչ փորձաքննության:
Գործով վկաներից մեկի ցուցմունքի համաձայն՝ զինծառայողներ Գ. Հովհաննիսյանը և Ա. Շահբազյանը Արման Հակոբյանին ծեծել են՝ նրան մեղադրելով, որ հենց նրա ցուցմունքի պատճառով են դատապարտվել Գագիկ Կոստանյանը և Գևորգ Գևորգյանը: Նախաքննական մարմինը չի քննել այս վարկածը, կամ չի ցանկացել քննել և պարզել, թե որքանո՞վ են վերոհիշյալ զինծառայողների մեղադրանքները համապատասխանում իրականությանը:
Նախաքննական մարմինն ապացուցված է համարել, որ Հակոբյանին ծեծի են ենթարկել զինծառայողներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը և Սերգեյ Սոլովյովը: Կատարվածը որակելով որպես ինքնասպանություն՝ նախաքննական մարմինը մինչ օրս էլ չի տեսնում ակնհայտ կապն այս անձանց արարքի և զինվորի ենթադրյալ ինքնասպանության միջև: Նախաքննական մարմինը պարտավոր էր նման պայմաններում վերոհիշյալ անձանց մեղադրել ՀՀ Քր. օր.-ի 110 հոդվածով (ինքնասպանության դրդում), ինչը չի արել: Սա ևս մի անուղղակի փաստ է, որ Արման Հակոբյանին սպանել են և վերոհիշյալ զինծառայողները տեղյակ են կատարվածի մանրամասներին: Եթե նրանց ներկայացվեր վերոհիշյալ մեղադրանքը, ապա նրանք իրենց պաշտպանելու նպատակով կարող էին ասել ճշմարտությունը, բացահայտել, թե ովքե՞ր և ինչո՞ւ են սպանել Արման Հակոբյանին:
Համաձայն քր. գործի՝ վկա Ա․ Ս․-ն գործով ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը դեպքից առաջ զինծառայող Սիմոն Մուրադյանին տեսել է դեպքի վայրում: Ավելի ուշ՝ քրեական գործը կասեցնելուց հետո, 07.08.06 թվականին բկան լրացուցիչ ցուցմունք է տվել՝ հրաժարվելով իր վերը նշված ցուցմունքից: Այն, որ նախաքննական մարմինը գործը կասեցնելուց հետո ցուցմունք է վերցրել վկայից, քր. դատ. օր.-ի կոպիտ խախտում է, պաշտոնական դիրքի չարաշահում, ինչի համար, սակայն, դրանում մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվում:
Նախաքննության ժամանակ տրված ցուցմունքներից պարզվում է, որ դեպքից հետո դեպքի շուրջ միմյանց հետ վիճել են Սարգիս Օհանյանը և Սիմոն Մուրադյանը: Այս վեճի ժամանակ Մուրադյանը Օհանյանին առաջարկել է գնալ և ամեն ինչ «վիզ առնել»: Այլ կերպ ասած՝ Մուրադյանը Օհանյանին առաջարկել է խոստովանել իր հանցանքը, այն է՝ սպանությունը: Բայց կրկին անգամ ցուցաբերելով իր գործով շահագրգռվածությունը՝ նախաքննական մարմինն այսպես էլ խորացված քննություն չի կատարել նաև այս փաստով:
Ըստ վկա Հ. Մ․-ի ցուցմունքի՝ 2000թ.-ի սեպտեմբերի 25-ին ժամը 03:00-ի սահմաններում ճաշարան են մտել Վ. Մխիթարյանը և Ա. Հակոբյանը, ինչից հետո ինքը՝ Հ․ Մ․-ն, և Ա. Անդրեասյանը ճաշարանից գնացել են շտաբ՝ իրենց զենքերը հանձնելու նպատակով: Այս ցուցմունքից բխում են մի խումբ կարևոր հարցեր՝ կապված ներքին զինվորական կանոնակարգի հետ, որոնց շուրջ քննություն չի կատարվել: Այսպես, չի պարզվել, թե ի՞նչ իրավունքով են նրանք զենքով մտել ճաշարան: Չի պարզվել, թե ո՞վ է եղել այս ժամապահների վերակարգի պետը, որո՞նք պետք է լինեին պետի պարտականությունները նշված զինծառայողների հերթապահության ավարտից հետո: Ինչո՞ւ նրանց ոչ ոք չի ուղեկցել, ինչո՞ւ ոչ ոք չի հրամայել, չի պարտադրել նրանց հերթապահության ավարտից անմիջապես հետո հանձնել զենքերը, որտե՞ղ էին գտնվում այս պահին ճաշարանի, դասակի, վաշտի և գումարտակի պատասխանատուները, հերթապահները:
Իր ցուցմունքում վկա Հ․ Շ․-ն նշում է, որ սեպտեմբերի 25-ին ժամը 03:00-ի սահմաններում գնացել է շտաբ, ստացել ինքնաձիգը, որից հետո դուրս է եկել և, գնալով ավտոպարկ, ընդունել այստեղի ժամապահությունը: Ժամապահությունն ընդունելուց հետո, մինչև կրակոցը, լսել է մոտ 7-8 հոգու ոտնաձայներ, բայց ոչ ոքի դեմքը չի տեսել և ոչ ոքի հետ չի խոսել: Նախաքննական մարմինն այդպես էլ չի պարզել, թե ովքե՞ր էին վկայի կողմից նշած 7-8 զինծառայողները, ի՞նչ գործ ունեին նրանք գիշերվա այդ ուշ ժամին դրսում:
Միաժամանակ Հ․ Շ․-ի ցուցմունքից հասկանալի է, որ նա խախտել է ներքին մարտական հերթապահության կանոնակարգը. նա իրավունք չուներ առանց վերադասի ուղեկցության ստանալ զենք, ինքնուրույն գնալ ավտոպարկ և ստանձնել այստեղի ժամապահությունը:
Նախաքննական մարմինը օրենքով սահմանված արժանի գնահատական չի տվել այս ամենին: Քրեական հետապնդման չեն ենթարկվել բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր են այս բոլոր անօրինականությունների համար, որոնք իրենց հերթին բերել են Արման Հակոբյանի սպանությանը:
Նախաքննության ընթացքում մեծ թվով վկաների տված ցուցմունքներում առկա են էական հակասություններ, որոնք այդպես էլ չեն հարթվել: Վկաները լրացուցիչ չեն հարցաքննվել, բոլոր անհրաժեշտ դեպքերում առերեսումներ չեն կատարվել, չեն ստուգվել դասակի, վաշտի, գումարտակի մատյանները, իսկ երբ պարզվել է, որ հերթապահության մատյանները կեղծվել են, կեղծարարներին օրենքով սահմանված կարգով չեն պատժել, նրանց արարքին իրավական գնահատական չեն տվել:
Ինչպես նշվել է հոդվածի սկզբում, այս գործով 2000 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ է նախաքննություն ընթանալու, իսկ նախորդ նախաքննությունների արդյունքում այդպես էլ ոչինչ չի պարզվել, յուրաքանչյուր անգամ գործը կասեցվել է՝ հանցագործությունը կատարած մարդկանց անհայտ լինելու պատճառաբանությամբ:
«Խաղաղության երկխոսությունն» ուշադրությամբ կհետեւի նոր նախաքննության ընթացքին, դրա արդյունքներին:
Ավելացվել է 27 March, 2014