«Կապանի Ռազմական Ոստիկանության բաժնում ծեծի, հայհոյանքների, սպառնալիքների և շանտաժի միջոցով ինձ ստիպեցին կեղծ ցուցմունքներ տալ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ 50869 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանի մահվան դեպքի առթիվ դատաքննությունը։ Ըստ մեղադրական եզրակացության Սարգիս Սահակյանը 2012թ-ի նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի առջև իրեն ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանություն։ Իսկ ինքնասպանության դրդապատճառ է համարվում համածառայողներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի հալածանքն ու սեռական բնույթի վիրավորանքները Սարգսին՝ ստացված ծանրոցը միայնակ ուտելու համար։
Այնինչ մահացածի ծնողները վստահ են,որ դա պարզապես իրական հանցանքը քողարկելու միջոց է և, որ իրականում իրենց որդուն սպանել է բոլորովին այլ մարդ։ Այսօր կայացած դատական նիստում տուժածի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ընթերցեց ավագ լեյտենենանտ Գոռ Մարգարյանի և զինծառայող Անդրանիկ Թադևոսյանի վկայություններն այն մասին, որ նախաքննության և նախորդ դատական նիստերին կեղծել էին իրենց ցուցմունքը՝ քննչական մարմինների ճնշման տակ ։ Գոռ Մարգարյանի հայտարարած բռնությունների և սպառնալիքների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում ընթերցեց Գորիսի կայազորի զինվորական դատախազ Գագիկ Մաիլյանը։
Այնինչ, Գոռ Մարգարյանն ու Անդրանիկ Թադևոսյանը տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանին, որպես իրավապաշտպանի, դիմել են և հաղորդել իրենց վկայությունը կեղծելու և ճնշումների ու հետապնդումների մասին։ Ավելին, վերջիններս փաստել են նաև նշված հետապնդումներում մեղադրող կողմի՝ ելույթ ունեցած դատախազի մասնակցությունը։
«Դեպքից հետո Կապանի Ռազմական Ոստիկանության բաժնում ծեծի, հայհոյանքների, սպառնալիքների և շանտաժի միջոցով ինձ ստիպեցին կեղծ ցուցմունքներ տալ ինձ ենթակա կրտսեր սերժանտ Ա․ Միսակյանի և դեպքի պահին մեր կողքի դիրքում ծառայող Ա․ Խաչատրյանի դեմ։ 2014թ․ հունվար ամսին ինձ , որպես վկա հարցաքննեցին դատարանում։ Այդ ժամանակ ես ազնվորեն հայտարարեցի, որ իմ նախնական ցուցմունենքերը կեղծ են, որ ես դրանք տվել եմ ճնշման տակ:
“Դրսից լսվեց կրակոցի ձայն, այդ պահին ես արթուն էի, հագուստը հագիս, անմիջապես վեր թռա, գոռացի «տագնապ», «շրջանային պաշտպանության անցնել» , դրանից հետո հագել եմ զրաբաճկոնը, սաղավարտը, վերցրել եմ ինքնաձիգը , մեկ պահեստատուփ և անմիջապես դուրս եկել ննջասենյակից։ Նույն պահին իմ դեմ դուրս եկավ Թովմաս Մնացականյանը, սկսեց ինձ հրել ու գոռալ , ասաց ու՞ր ես գնում, բա որ թուրքը խփի, «տղերք, Մարգարյանին մի թողեք գնա, բա որ թուրքը խփի»։ Դրանից հետո ասաց․ «Սաքոն ընկածա գետնին, չի շարժվում, գլխից արյուն ա գնում»։ Նշեմ, որ Թովմասն ինձ հրում էր թիկունքով դեպի դեպքի վայրը կանգնած։
Նշեմ, որ կրակոցից հետո ինձ հագնվելու, զենք-զինամթերք վերցնելու և իմ ննջասենյակից դուրս գալու համար պահանջվեց կես րոպե ժամանակ։ Ես ներքին զգացողություն ունեմ,որ Թովմաս Մնացականյանը ինձ մոտեցավ դեպքի վայրից։ Համոզված եմ, որ եթե կրակոցի պահին Թովմաս Մնացականյանը գտնվեր իր հերթապահության կետում, ապա չէր հասցնի նշված ժամանակահատվածում անցնել միջանցքով, շրջանցել ՛բոչկաները», մոտենալ դիակին, տեսնել,որ Սահակյանի գլխից արյուն է հոսում և մոտենալ իմ ննջասենյակի դռանը»,- Գոռ Մարգարյանի վկայությունը ընթերցեց Ռուբեն Մարտիրոսյանը։
Սակայն նշված զինվորականի դեպքի վայրում գտնվելու փաստն ինչ- ինչ պատճառներով դուրս է մնացել նախաքննության ընթացքից։ Իսկ այդ փաստի մասին վկայել է նաև մյուս ականատեսը՝ Անդրանիկ Թադևոսյանը։
«Եթե կրկին նախաքննական մարմինը հանցագործություն կատարի և վախեցնելով վկաներին, փորձի նրանց կանչել ֆաքսով կամ հեռախոսով, ապա մենք կդիմենք ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև միջազգային մարմինների և կանենք ամեն ինչ, հետևողականորեն , որպեսզի այդ անօրինականությունը կատարած անձը, մարմինը, ղեկավարը քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- վրդովված նշեց Ռուբեն Մարտիրոսյանը, ով մահացած զինվորի հորեղբայրն է։
Մարգարիտա Մանուկյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.sosi-tv.com
Ավելացվել է 02 April, 2014