«Դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ»
Ռուբեն Մարտիրոսյանը մոտ 20 տարի զբաղվում է զինվորականհանցագործությունների ուսումնասիրությամբ: Քրեական գործերովհանդես է գալիս որպես տուժողիիրավահաջորդի ներկայացուցիչ: «Հետքի» զրույցը փորձագետի հետ հայկական բանակում արձանագրված մահվան դեպքերով գործերի քննությունների մասին է:
–Ի՞նչն եղավ ազդակ, որ սկսեցիք զբաղվել զինվորական հանցագործությունների ուսումնասիրությամբ:
-1995 թ-ին, երբ իմ հարևանի երեխան՝ Արշակ Սողոյանը, ով ծառայում էր ԼՂ զորամասներից մեկում, անհետացավ, սկսեցի հարևաններիս հետ մասնակցել նրա առեղծվածային անհետացման պատճառների քննությանը: Քրեական գործ չէր հարուցվել, գրել էին, որ հակառակորդը առևանգել է, ու վերջ: Սակայն մեր համառության շնորհիվ հետագայում քրեական գործ հարուցվեց: Ճի՛շտ է, երեխան այդպես էլ չգտնվեց, բայց դա դարձավ ազդակ, որպեսզի է՛լ ավելի խորանամ այդ խնդիրների մեջ: Մեկ տարի անց ստեղծեցի «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն, 2 տարվա ընթացքում չհասա հաջողության: 1998թ. հանդիպեցի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որին մասնակցում էին երկու սպանված զինվորների ծնողներ և լրագրող Ժաննա Ալեքսանյանը: Նախարարը խոստովանեց, որ երբ ինձ ընդունել է, ընդունել է որպես շանտաժիստի: Մեղավորը նրա ստորադասներն էին, ովքեր այդպես էին ներկայացրել: Իրականում պարզվեց, որ Ռուբեն Մարտիրոսյանն ավելի լավ դատախազ է, քան Գագիկ Ջհանգիրյանը: Նախարարը խնդրեց ինձ աշխատել ՊՆ-ում՝ որպես դատախազի տեղակալ կամ որպես վերահսկողական բաժնի պետ: Չհամաձայնեցի՝ հայտարարելով, որ ինքն ինձ թույլ չի տա աշխատել: Իմ նպատակը քաղաքականությունը չէր, այլ նպաստել, որ նվազեն սպանության դեպքերը բանակում, որովհետև օրը մեջ դիակ էին բերում զորամասերից: 1997-ին ունեինք 280, 1998-ին՝ 267 մահվան դեպք: Աշխատեցի որպես արտակարգ դեպքերով բաժնի պետ: Պարզեցի, որ զինադադարից հետո բանակում տեղի ունեցած հանցագործությունները կեղծվում են:
–Ո՞րն է դրանք կեղծելու պատճառը, Ձեր կարծիքով:
-Շատ պարզ՝ անձնական կամ խմբակային շահադիտական նպատակները: Զինդատախազության համար սպանված զինվորների գործերը հավելյալ եկամտի աղբյուր էին: Դա ապացուցեցի մի շարք կոնկրետ գործերով:
–Ովքե՞ր են ծառայում հայկական բանակում:
-Որպես կանոն, հայկական բանակ են մտնում սոցիալապես անապահով ծնողների զավակներ: Միջին խավից զինծառայողները շատ քիչ տոկոս են կազմում, եթե, իհարկե, ունենք այդպիսի խավ Հայաստանում: Իսկ հարուստների երեխաները հիմնականում չեն գնում ծառայության: Այս ամենից էլ ածանցվում են հետևանքները: Երբ զորամասում հանցագործություն է տեղի ունենում, ընչազուրկ ընտանիքների զավակները չեն կարողանում պաշտպանվել: Հաճախ նրանք չեն ունենում անգամ պաշտպան ներգրավելու հնարավորություն: Իսկ նախաքննական մարմինը, առիթից օգտվելով, արմատախիլ է անում ամբողջ գործը:
–Դուք շատ եք բարձրաձայնում, որ անմեղ մարդիկ դատապարտվում են, մեղավորները՝ մնում ազատության մեջ:
-Այո՛, շատ հաճախ այդպես է: Այն երեք պետական մարմինները՝ դատախազություն, ՊՆ քննչական մարմին, ՊՆ ռազմական ոստիկանություն, որոնք կոչված են բանակում հաստատել կարգ ու կանոն և կանխել հանցագործությունները, այսօր կատարում են այն, ինչ տրամագծորեն հակառակ է իրենց կոչմանը: Այս կառույցները կատարում են հանցագործություն: Այն բոլոր գործերով, որ ես մասնակցել ու մասնակցում եմ, տեսնում եմ, որ կատարվել ու կատարվում են հանցագործություններ՝ մեկ նպատակով՝ կոծկել սպանությունները: Նշված երեք կառույցները միանշանակ գործում են որպես պետական հանցագործ բանդա: Ես իրենց աշխատանքը անվանում եմ բանդիտիզմ:
–Պատճառն եմ ուզում հասկանալ:
-Հավատացեք՝ ժամեր են անհրաժեշտ, որպեսզի բացահայտվեն բանակային սպանությունները:
–Փա՞կ կառույց լինելու պատճառով չեն բացահայտվում:
-Բիզնեսմեն կառույց է, փակ չէ: Ասացի՝ մի քանի ժամ է պետք, որ բացահայտվի սպանությունը, և բացահայտվում է: Ամեն ինչ սկսվում է բացահայտելուց հետո: Հանցանքը կատարողին ասում են՝ տեր ունե՞ս, զանգի տուն: Տերերը գալիս են: Ասում են՝ բան չունե՞ք մեզ ասելու: Պատասխան՝ ունենք: Դե՛, կգնաք, այսքան փող կառնեք, կգաք: Վե՛րջ: 10 տարի առաջ մի հոդվածն էի գրել՝ «Ունիվերսալ շանտաժ զինվորների հանդեպ»: Նկարագրել էի այսպիսի մի իրավիճակ: Պատկերացրեք՝ երբ կրակոց է լսվում զորամասում կամ հենակետում, բնական ռեակցիա է աշխատում, բոլոր զինվորները վազում են, տեսնեն՝ ինչ է եղել: Դառնում են հանցագործության ակամա վկաներ: Գալիս է քննիչը՝ զինվո՛ր, պապային կանչի: Պապան վազելով գալիս է: Քննիչը, թե՝ տղայիդ ասա, ինչ ասենք, պիտի անի, 2000 կտաս, կմնաս վկա: Սկսվում է կոծկումը: Դիտավորյալ սպանությունը դառնում է ինքնասպանություն, հակառակորդի կողմից կատարված կամ անզգույշ սպանություն: Ու ստացվում է այնպես, որ դատապարտվում են խեղճ, անմեղ զինվորներ: Եվ որպեսզի այդ կեղծ վարկածները կյանքի կոչվեն, քննիչ, ոստիկան, դատախազ կոչվածները, սկսում են հանցագործությունները: Սկսվում է փակ շղթան՝ իրեղեն ապացույցների ոչնչացում, կեղծ փորձաքննություններ, բռնություն, ցուցմունքների կորզում և այլն:
–Տեսախցիկներ կան ամբողք քաղաքում, նաև ԱԺ–ում: Ինչո՞ւ չեն տեղադրում նաև հենակետերում ու զորամասերում:
-«Ջիպեր» կան քաղաքում, «Մերսեդեսներ»՝ ԱԺ-ում: Հիմա եթե գնանք ՊՆ շենքի մոտ մի ժամ կանգնենք, կտեսնեք, թե ինչ թանկարժեք մեքենաներ կգան ու կգնան: Մինչդեռ զինվոր Աղասի Աբրահամյանի գործով պարզվեց, որ զորամասը չի ունեցել բուժմեքենա, որպեսզի զինվորին ժամանակին տեղափոխեն հոսպիտալ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու: Եվ նա մահացել է: Ինչի՞ մասին է խոսքը…
–Իրավական երկրներում լինո՞ւմ են բանակային սպանություններ:
-Քաղաքակիրթ, իրավական երկներում զինվորական հանցագործություններ, առավել ևս՝ մահվան դեպքեր չափազանց քիչ են, եթե չասենք, որ իսպառ չկան: Զինվորն այդպիսի երկրներում ազատ անձնավորություն է, լավ սնվում է, ստանում է կարգին աշխատավարձ, անվտանգության համակարգեր են աշխատում: «Ուստավն» անգամ դեմոկրատացված է: Իսկ այսօրվա մեր «Ուստավը» նույն սովետական զինվորական կանոնադրությունն է:
–Որտե՞ղ եք տեսնում առկա խնդիրների լուծումները:
-Անցյալ տարի Ս.Սարգսյանը գնաց գլխավոր դատախազություն, հայտարարեց, որ դժգոհ է դատախազության աշխատանքից: Մարդասպանին դարձնում են վկա, անմեղ մարդուն դատում են: Իսկ դատախազը այդ ամենին համարժեք չի արձագանքում: Դա ծանր մեղադրանք էր գլխավոր դատախազին: Դրանից հետո Աղվան Հովսեփյանը առնվազն ձեռնաշղթաներով պիտի դուրս գար այդ շենքից: Բայց Աղվան Հովսեփյանը մնաց իր պաշտոնում, հետո պաշտոնը թողեց միայն պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Հիմա էլ խոսակցություններ կան, որ նա կարող է դառնալ միասնական քննչական մարմնի ղեկավար: Դա գիտե՞ք ինչ է, ուզում են ասել՝ փախեք Հայաստանից: Աղվանը շատ հետաքրքիր է գործել իր պաշտոնում: Օրվա առաջին կեսին կարգադրել է այս գործը փակել, այն գործը փակել, անմեղ զինվորներին նստեցնել, իսկ օրվա երկրորդ կեսին, որպես մեծ հայրենեսար, գնացել է Արագած լեռան մոտ ու սկսել շուրջպար պարել: Հիմա նույն ձևով Գևորգ Կոստանյանն է անում: Հայտարարում է, որ պատասխան է տալիս իր՝ զինդատախազ աշխատած տարիներին կատարվածի համար: Եթե այդպես է, ուրեմն հիմա նա պիտի լիներ կամ ԿԳԲ-ի մեկուսարանում կամ «Սովետաշենի» բանտում: Պետք է մաքրվի դաշտը, պետք է կամ դուխով ուժեղ ձեռք, կամ բյուրեղյա մաքրությամբ անցյալ ունեցող անհատներ գան համակարգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://hetq.am/…
Ավելացվել է 02 May, 2014