Զորամասի պաշտոնյաների արարքներում հանցակազմը բացակայում է. Դատարան

ՀՀ ՊՆ N զորամասում  դրամահավաքության դեպքի գործով ամբաստանյալներ, ՀՀ ՊՆ N զորամասի  հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սարգսյանի, զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր  Սերգո Ավետիսյանի, զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ, ավագ լեյտենանտ Վահե Աբրահամյանի  դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:  Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացվել է:
Ավելի վաղ «Փաստինֆոն» տեղեկացրել է, որ Սերգո Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Սարգսյանին և  Վահե Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, համապատասխանաբար՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, այն կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
Սամվել Սարգսյանն, ըստ մեղադրանքի, գլխավոր ռազմական տեսչության այցին ընդառաջ` զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև պարտաճանաչ հրամանատարի տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը:
Մասնավորապես` կազմակերպել է իր իսկ հրամանով դրամական խրախուսման արժանացած զինծառայողների պարգևատրման գումարների հավաքագրում՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնարարել է նույն զորամասի շտաբի պետի նախկին տեղակալ, մայոր Սերգո Ավետիսյանին խրախուսված զինծառայողներից հավաքագրել գումարները, որոնք ծախսել է զորամասի բարեկարգման նպատակներով շինանյութ ձեռք բերելու համար, ինչի հետևանքով ոտնահարվել են զորամասի թվով ինը զինծառայողների իրավունքները և խախտվել է զինվորական ծառայության կրման սահմանված կարգը՝ առաջացնելով էական վնաս:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ամբաստանյալների պաշտպան Վազգեն Նիկոլյանը նշել է, որ  նախաքննական մարմնի կողմից իր պաշտպանյալներ Սամվել Սարգսյանին, Սերգո Ավետիսյանին և Վահե Աբրահամյանին առաջադրված մեղադրանքների հիմքում դրվել է այն, որ նրանք գլխավոր ռազմական տեսչության նախատեսված այցին ընդառաջ զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև պարտաճանաչ հրամանատարների տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անցել են պաշտոնական լիազորությունների սահմանը՝ ցանկացած նպատակներով դրամահավաքն արգելող հրամանի առկայության պարագայում կատարել են դրամահավաք և այն ներդրել են զորամասի բարեկարգման գործունեությունն իրականացնելու վրա:
Ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը ճիշտ չի մեկնաբանել իր պաշտպանյալների գործողությունները, այն վերագրելով ռազմական տեսչության այցին ընդառաջ զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, պարտաճանաչ հրամանատարի տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել են դրամահավաք և այն օգտագործել զորամասի բարեկարգման վրա:
Պաշտպանը նշել է, որ ցանկացած պաշտոնատար անձի, պետի կամ հրամանատարի պարտքն է զորամասի տարածքը բարեկարգ պահելը, ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձր պահելը, պարտաճանաչ հրամանատար լինելը միայն խրախուսելի են ու եթե չլիներ դրամահավաքը, ապա իր պաշտպանյալների վերը շարադրված գործողությունները քննարկման թեմա չէին դառնա՝ նրանց նկատմամբ անհիմն քրեական գործ չէր հարուցվի:
Նախաքննական մարմինը չնայած որոշ առումով կազմված մեղադրական եզրակացությունում ցանկացել է մեկնաբանել առաջադրված մեղադրանքների էությունը, սակայն չի պարզաբանել, որ այդ էական վնասը ոչ այլ ինչ է, քան զինծառայողներին պատճառված գույքային վնասը, այսինքն՝ չի հստակեցվել, որ խախտվել է միայն զինծառայողների գույքային իրավունքը:
Դրամահավաք կատարելը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն, քանի դեռ պատճառված գույքային վնասը չի գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 7-րդ կետում նշված չափը գերազանցող գումարը՝ այդ հոդվածի համաձայն, գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
Ավելին, դրամահավաքը կատարվել է 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում, որի ժամանակ գործող քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է առաջ գալիս, եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների կատարած արարքը քրեական պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ կատարված դրամահավաքի հետևանքով թվով ինը զինծառայողներին պատճառվել է 220.000 ՀՀ դրամի ընդհանուր գումարով գույքային վնաս, որը էական վնաս չի համարվում:
Պաշտպանը խնդրել է  իր պաշտպանյալներին  առաջադրված մեղադրանքներում ճանաչել անպարտ և դատարանով արդարացված:
Դատարանը՝  հետազոտելով քրեական գործում առկա ապացույցները,  գտել է, որ երեք ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը պետք է կարճվի և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://www.pastinfo.am/hy/node/39941

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը