Արտակ Նազարյանի գործը՝ Եվրոդատարանում
Արտակ Նազարյանի գործն ուղարկվել է Եվրոպական դատարան․տուժողի իրավահաջորդը գրություն է ստացել, որ ուղարկված գործը տեղ է հասել եւ, վարույթ ընդունելու համար, կուսումնասիրվի:
Ըստ պաշտոնական վարկածի՝ 27.07.2010թ.-ի ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 Զ/Մ-ի հսկողությանը հանձնված թիվ 12 «Ղոզլու» կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքային “ԱԿ-74” տեսակի 1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:
Բազմաթիվ փաստերը ցույց են տալիս, որ քր. գործով կատարվել է միակողմանի, կեղծ նախաքննություն, որն ուղեկցվել է քրեական դատավարական օրենսգրքի բազմաթիվ ու բազմապիսի խախտումներով, ինչի արդյունքում ակնհայտ դիտավորյալ սպանությունը վեր է ածվել «ինքնասպանության»: Այս կեղծ վարկածով կալանավորվել են 5 զինծառայողներ: Նախաքննական խախտումները բազմաթիվ են ու բազմապիսի՝ իրեղեն ապացույցների ոչնչացում, սպանության գործիք ինքնաձիգի վրայից մատնահետքերի ոչնչացում, կեղծ արձանագրությունների ստեղծում, վկաների ցուցմունքները ձեռք են բերվել ճնշման ու խոշտանգման արդյունքում (ընդ որում, դրանք էապես հակասում են գործով ձեռք բերված ապացույցներին, փորձագիտական եզրակացություններին):
2011թ.-ի աշնանն սկսված դատաքննությունը ոչ միայն չհարթեց գործում առկա հակասությունները, այլև դրանց գումարվեցին նորերը. պարզվեցին վկայից խաբեությամբ ցուցմունք կորզելու, վկա զինվորներին շուրջ 23 օր ազատազրկման մեջ պահելու, մի շարք այլ կեղծ արձանագրություններ և փաստաթղթեր կազմելու փաստեր: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահող՝ Ս. Մարդանյան, շուրջ 1 տարի տասն ամիս ընթացող դատաքննության ընթացքում ամեն կերպ ջանում էր կոծկել նախաքննության ընթացքում կատարված մեծ ու փոքր հանցագործությունները: Այս ամենն ավարտվեց մեղադրական դատավճռով, չնայած կողմերը պահանջում էին արդարացման վճիռ:
Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ռազմական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ զավեշտալին այն է, որ այդ դատավճռում ամբողջապես ներկայացված էր մեղադրական եզրակացությունը, կարծես թե չէր եղել շուրջ երկու տարվա դատաքննությունը, չէր բացահայտվել նախաքննական մարմնի կատարած հանցագործությունները: Վերաքննիչ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, ինչը նշանակում է, որ դատարանը հրաժարվում է լսել վկաները ցուցմունքներ, հետազոտել ապացույցներ:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը Ս. Մարդանյանի վճիռը թողեց անփոփոխ. տարբեր տարիների ազատազրկման դատապարվեցին հինգ զինծառայողներ, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես վարույթ չընդունեց գործը:
Տուժողի իրավահաջորդը բողոք է ուղարկել Եվրոպական դատարան՝ Արտակ Նազարյանի կյանքի իրավունքի խախտման մասին փաստեր ներկայացնելով, հույս ունենալով, որ օբյեկտիվ քննություն վերջապես կլինի, եթե ոչ Հայաստանում՝ ապա Եվրոդատարանում:
Ավելացվել է 27 May, 2014